«Եթե այդ ամենն ավարտվեր Արթուր Սարգսյանի մահով, գուցե ամեն ինչ վերահսկողությունից դուրս գար». Ավետիք Իշխանյան

«Եթե այդ ամենն ավարտվեր Արթուր Սարգսյանի մահով, գուցե ամեն ինչ վերահսկողությունից դուրս գար». Ավետիք Իշխանյան
«Եթե այդ ամենն ավարտվեր Արթուր Սարգսյանի մահով, գուցե ամեն ինչ վերահսկողությունից դուրս գար». Ավետիք Իշխանյան

«Հաց բերող» Արթուր Սարգսյանին իշխանություններն ազատ արձակեցին, քանի որ անհանգստացած էին նրա հացադուլով ու ստեղծված իրավիճակով: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյան:

«Ես կարծում եմ, որ նրանք իսկապես անհանգստացան: Չնայած Հայաստանում բոլոր տիպի շարժումներն ինչ-որ ժամանակ անց մարել են, բայց հավանաբար նրանք անհանգստացան, որ եթե այդ ամենն ավարտվեր Արթուր Սարգսյանի մահով, գուցե ամեն ինչ վերահսկողությունից դուրս գար»,- «Մեդիալաբին» ասում է Իշխանյանը:

Հիշեցնենք, որ 26 օր հացադուլի մեջ գտնվող Արթուր Սարգսյանը մարտի 6-ին ազատվել է կալանքից և Դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն: Նրա նկատմամբ կալանաքը որպես խափանման միջոց փոխելու միջնորդությամբ հանդես էին եկել Ազգային ժողովի պատգամավորները, ովքեր 27 ստորագրությամբ դիմել էին Գլխավոր դատախազին: Պատգամավորներից յուրաքանչյուրը 500 հազար դրամ գրավ է վճարել «Հաց բերողի» ազատման համար:

«Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը առաջին անգամ կալանաքից ազատվել էր նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին: Նրան ազատելու որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ փաստաբաններն ու իրավապաշտպաններն ահազանգել էին, որ Արթուր Սարգսյանը տառապում է Բեխտերևի հիվանդությամբ, ինչը, կառավարության որոշման համաձայն, անհամատեղելի է պատիժը կալանավայրում կրելու հետ: 

Այս տարվա փետրվարի 9-ին, սակայն, Արթուր Սարգսյանի նկատմամբ դարձյալ որպես խափանման միջոց ընտրվեց կալանավորումը: Հատուկ քննչական ծառայությունը փետրվարի 9-ին ձերբակալել էր Արթուր Սարգսյանին, նույն օրը դատարանը նրան կալանավորելու որոշում էր կայացրել: Իսկ հիմքը այն էր, որ նա քննիչի պահանջով ժամանակին չի ներկայացել ՀՔԾ:

Համաձայն չլինելով իր կալանավորման որոշման հետ՝ Արթուր Սարգսյանը հացադուլ էր հայտարարել և մինչև վերջ պնդել իր պահանջը: Չնայած առողջական ծանր վիճակին ու բազմաթիվ հորդորներին՝ նա չդադարեցրեց հացադուլը:

Ավետիք Իշխանյանն ասում է, որ սա Հայաստանի պատմության մեջ 1988 թվականից սկսած տարբեր հացադուլների թվում առաջին ու եզակի դեպքն է, երբ մարդը հացադուլի է գնում որոշակի պահանջներով և հացադուլից դուրս չի գալիս մինչև իր պահանջների կատարումը:

«Սա աննախադեպ երևույթ էր: Ես հիանում էի նրա սկզբունքայնությամբ և անհանգստանում նրա կյանքի համար: Նրան կալանքի տակ պահելը աննորմալ երևույթ էր, իսկ խափանման միջոցը փոխելու վրա հիմնական ազդեցությունն ունեցան հենց իր հացադուլը, երկրորդը՝ բողոքները, այդ թվում՝ Սփյուռքից հնչող: Եվ այդ իրավիճակից դուրս գալու համար իշխանությունները գտան այս ձևը»,- ասում է Իշխանյանը:

Այդուհանդերձ իրավապաշտպանը չի կարծում, թե սա կարող է նախադեպ լինել հետագա դեպքերի համար:

«Սա նախադեպ չի դառնա, որովհետև ամբողջ Հայաստանի 25 տարվա պատմույթունը աչքիս առաջ է: Տարբեր դեպքեր են եղել, որ մեզ թվացել է, թե նախադեպ կլինեն, բայց չեն լինում»,- ասում է իրավապաշտպանը:

Իշխանյանը նաև նկատում է, որ տարբեր քաղաքական ուժեր նախընտրական այս ժամանակահատվածում փորձեցին օգտվել Արթուր Սարգսյանի ազատ արձակման գործընթացից:

«Նրանց մեջ, կարծում եմ, եղել են և անկեղծ մարդիկ, և եղել են մարդիկ, ովքեր փորձել են սրանով դիվիդենտներ շահել: Ամեն դեպքում անկախ ամեն ինչից ես համարում եմ դրական, որ թեկուզ նախընտրական շրջանը հաշվի առնելով՝ քաղաքական կուսակցությունները  մի քիչ տեղից շարժվեցին»,- ասում է Ավետիք Իշխանյանը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am