Հայաստան-Թուրքիա. դիվանագիտական խաղը շարունակվում է

Հայաստան-Թուրքիա. դիվանագիտական խաղը շարունակվում է
Հայաստան-Թուրքիա. դիվանագիտական խաղը շարունակվում է

Ամիսներ շարունակվող հավասարակշռված ելույթներից հետո տարեվերջին հայ-թուրքական հարաբերությունների զարգացումների և հայտնի արձանագրությունների շուրջ Հայաստանի նախագահի ու վարչապետի կոշտացած դիրքորոշումը, ըստ որոշ վերլուծաբանների` «դժվար ընթացքի» ազդակ է, ինչը կարող է հանգեցնել գործընթացի կասեցմանը: «Կարծում եմ` պրոցեսը կասեցված է,- «Մեդիալաբին» ասում է անկախ քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը: – Իշխանություններն ուշ ընկալեցին` ի´նչ է իրականում տեղի ունենում, բայց լավ է ուշ, քան երբեք»:
Միջազգային հանրության կողմից ջերմորեն խրախուսվող հայ-թուրքական հաշտեցման գործընթացը, որի շուրջ երկկողմանի համաձայնություն բերվեց հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայտնի արձանագրություններով, թեև երկու երկրներում էլ բողոքի ալիք բարձրացրեց, սակայն ամիսներ շարունակ «նախապայմաններով» խոսող Թուրքիայի իշխանություններին Հայաստանի կողմից հակադարձ եղավ միայն դեկտեմբերին:
Հայտնի թուրքագետ, վերլուծաբան ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը համոզված է, որ չնայած իշխանությունների կտրուկ հայտարարություններին` Հայաստանի դիրքորոշման առումով փոփոխություն տեղի չի ունեցել:

«Միգուցե Թուրքիայի նման պահվածքը զուտ դիվանագիտական հնարք է, սակայն Հայաստանը ցույց է տալիս, որ ավելի շահագրգռված չէ գործընթացով, քան մյուս կողմը»,- «Մեդիալաբին» ասում է ասում է Սաֆրաստյանը: Վերլուծաբանները նշում են, որ ի հակառակ հայկական կողմի սպասումներին, թուրքական կողմը խախտում է պայմանավորվածությունը:

Դեկտեմբերի 7-ին Վաշինգտոնում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահի հետ ունեցած հանդիպման ժամանակ ասել է, թե արձանագրությունները ստորագրելիս որևէ նախապայման չի եղել, սակայն Թուրքիայի խորհրդարանում դրանք անցկացնելու համար «ինչ-որ պայման պետք է»:

«Այդպիսի բան է, հավանաբար, Լեռնային Ղարաբաղի խնդիրը»,- ասել է նա։ Սակայն ի պատասխան` Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, որ հիմնականում «չի խառնվում» երկրի արտաքին քաղաքականությանը, նշել է, թե Թուրքիայի` նախապայմաններ առաջ քաշելու դեպքում «Հայաստանն ազատ է լինելու նույն կերպ վարվել»:

Դեկտեմբերի 19-ին թուրքական Hürriyet Daily News թերթին տված հարցազրույցում Տիգրան Սարգսյանն ասել է, թե արձանագրությունների վավերացումը Թուրքիայի առաջ քաշած նախապայմանների պատճառով ձախողվելու դեպքում Թուրքիան պետք է բացատրություն տա պատճառների մասին: Անկախ վերլուծաբան Երվանդ Բոզոյանի դիտարկմամբ` զուսպ պահվածք որդեգրած Հայաստանի իշխանությունների բուռն արձագանքն ու կտրուկ հայտարարությունները հետևեցին հենց Էրդողան-Օբամա հանդիպմանը, երբ հստակ դարձավ, որ Թուրքիայի`նախապայմաններով խոսելը հստակ կոնյունկտուրային որոշում է:

«Շատերը հույսը դրել էին ԱՄՆ-ի ազդեցության վրա այս գործընթացում,-ասում է նա,- ցանկացած պետություն, այն էլ Թուրքիայի դեպքում, ունի ազդվելու և ազդելու ուժ:

Նահանգները փորձելու է ճնշում գործադրել Հայաստանի վրա, և եթե Հայաստանը զիջումների գնա, մենք կունենանք շատ վտանգավոր իրավիճակ»:

Սակայն, մինչ աղմկահարույց արձանագրությունները ներկայացվել են Սահմանադրական դատարան` հունվարի 12-ի որոշման սպասումներով, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի կեսին հաստատակամորեն հայտարարել է, թե Թուրքիայի` նախապայմաններով խոսելու և արձանագրությունների վավերացումը ձգձգելու դեպքում Հայաստանն անհապաղ կօգտվի միջազգային իրավունքից բխող հնարավորություններից և չեղյալ կհամարի արձանագրությունները:

Նա նշել է, թե իր հանձնարարականով լրացումներ են նախապատրաստվում օրենսդրության այն մասով, որն «առնչվում է միջազգային պայմանագրերի ստորագրմանը, վավերացմանը և չեղյալ հայտարարելուն»:

Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը դեկտեմբերի 24-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ եթե Թուրքիայի խորհրդարանը «ողջամիտ ժամկետներում, առանց նախապայմանների վավերացնի փաստաթղթերը, մենք նույնպես կանենք»:

«Եթե ոչ` մեր պատասխանն այդ դեպքում համարժեք կլինի»,- ասել է Աբրահամյանը: Սակայն ընդդիմությունը` ի դեմս ՀԱԿ-ի, արձագանքելով իշխանությունների հայ-թուրքական հարաբերություններում կոշտացած դիրքորոշմանը, համոզված է, թե իշխանությունները, գիտակցելով Հայաստանի համար աննպաստ զարգացումները, որևէ կերպ փորձում է հրաժարվել գործընթացից այն ճանապարհով, որպեսզի միջազգային հանրության կողմից բացասական արձագանքի չարժանանա:

«Հայաստանի իշխանությունները հիմա փնտրտուքի մեջ են, թե ինչպես գոնե մասնակիորեն փորձեն մեղմել իրենց կատարած սխալների հետևանքները»,– հայտարարել է ՀԱԿ-ի առանցքային ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը։

«Սիվիլիթաս» հիմնադրամի վերլուծաբան Թաթուլ Հակոբյանն ասում է, որ Հայաստանը ստեղծված իրավիճակում կարող է իրեն խաբված համարել և´ Թուրքիայի, և´ ԱՄՆ-ի կողմից: Սակայն նա նշում է, որ դրա առաջին մեղավորը հենց Հայաստանն է, քանի որ մտել է մի գործընթացի մեջ` չկանխատեսելով ավարտը:

«Այսօր, իմ տպավորությամբ, Թուրքիան փորձում է միջազգային հանրությանը ցույց տալ, որ ինքը, ստորագրելով արձանագրությունները, մեծ զիջում է արել հայկական կողմին, ու հիմա էլ հերթը Հայաստանինն է, որ նա էլ զիջումների գնա Լեռնային Ղարաբաղի հարցում:

Եթե Հայաստանը կարողանա հասնել նրան, որ ինքը չընկալվի մեղավոր, ապա դա կարելի է համարել չարյաց փոքրագույնը»,- «Մեդիալաբին» ասում է Թաթուլ Հակոբյանը:

Սակայն մեկ այլ վերլուծաբան` ընդդիմադիր, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը համոզված է, որ որևէ արտառոց բան տեղի չի ունենում: Նա համոզված է, որ հունվար-մարտ ամիսների ընթացքում, որը որակում է որպես «ողջամիտ ժամանակ», արձանագրությունները կվավերացվեն:

«Երկու կողմերն էլ փորձում են կոշտացնել հայտարարությունները գործընթացից առավելագույնս կորզելու ակնկալիքով, ինչը նորմալ է,-«Մեդիալաբին» ասում է Սուրենյանցը:

– Եթե վավերացումը մոտ չլիներ, դիվանագիտական պատերազմ չէր լինի»:

© Medialab.am