«Քո աղջիկն է, դու էլ ընտրիր, բայց անպայման հայկական անուն էլ տուր, որ չմոռանա իր արմատները». «Ալամեզոն» Բլոգ

«Քո աղջիկն է, դու էլ ընտրիր, բայց անպայման հայկական անուն էլ տուր, որ չմոռանա իր արմատները». «Ալամեզոն» Բլոգ
«Քո աղջիկն է, դու էլ ընտրիր, բայց անպայման հայկական անուն էլ տուր, որ չմոռանա իր արմատները». «Ալամեզոն» Բլոգ

Հայկական ընտանիքներում անուն դնելը վեճերի, նեղանալու և անգամ բաժանության առիթ են երբեմն դառնում: Նոր սերունդը ավելի բաց է, կոսմոպոլիտ, ցանկանում է իրենց երեխաների համար ժամանակակից անուններ ընտրել, որի համար երիտասարդ ծնողները բախվում են տատիկ-պապիկների հանդիմանանքին.

– Ո՞նց, բա մեր պապի` Վլոյի անունը չե՞ք ուզում դնել: Բա դա հարգա՞նք է, բա դա շնո՞րհք է…

Վեճերից խուսափելու համար ծնողները ստիպված պապերից ժառանգած տարօրինակ անուններ են տալիս երեխաներին, և Վլոն ամբողջ կյանքի ընթացքում պայքարում է իր անվան դեմ: Տվյալ իրավիճակում հատկապես ձայնից զրկվում է երեխայի մայրը, ում կարծիքը շատ հաճախ չեն էլ հարցնում:

Ռոզա 

… Ռոզան տատիս անունն է, հայրս նույնպես ժառանգած անուն է ընտրել. չգիտեմ` ստիպողաբա՞ր է եղել, թե՞ ինքնակամ: Այնուամենայնիվ, անվանս հետ կապված հետաքրքիր պատմություն կա. հայրս Ռոզային կցել է Մարիա անունը, այդպես պիտի լինեի Ռոզա Մարիա (համաձայն եմ` մեքսիկական սերիալների հերոսուհիներին կնմանվեի): Բայց անձնագրային բաժնում հորս ասել են.

– Չեղավ, ընկե´ր Մակար, էս ի՞նչ բուրժուական անուն է: Ընտրեք` կա՛մ Ռոզա, կա՛մ Մարիա, երկուսը միասին չի լինի:

Այդպես մնացի Ռոզա անունով և դեռահասությանս շրջանում բավականին կոմպլեքսավորված էի, հատկապես երբ ասում էին ականջ ծակող Ռոզ կամ Ռոզիկ կրճատումը: Դե´հ, բայց իմ պատմությունն ուրախ ավարտ ունի. այն հեչ էլ տարօրինակ չէ այստեղ` Ֆրանսիայում: Պարզապես հաճախ հարցնում են` արդյոք ազգությամբ իտալուհի կամ իսպանուհի՞ եմ: Իսկ հայրս, ի դեպ, զղջում է, որ իրենը չի պնդել և ինձ երկու անուն չի տվել: 

Ֆրանսիայում և ընդհանրապես Եվրոպայում երեխայի անունը գրեթե միշտ մայրն է ընտրում, կամ ծնողները միասին: Այս գործում ներկա չեն ո´չ տատիկները, ո´չ պապիկները, ո´չ էլ հարևանները: Իհարկե, այստեղ էլ երեխան ապահովագրած չէ տարօրինակ անուններից, բայց դա հարցի մյուս կողմն է: Երեխային ունեցել է մայրը, հետևաբար, բժիշկը դիմում է անձամբ ծնողին հենց ծնունդն ընդունելուց հետո: 

– Տիկի´ն, ի՞նչ անուն եք որոշել երեխայի համար,- ապա գրանցում և ուղարկում է քաղաքապետարան:

Իսկ տատիկները և պապիկները սիրում են թոռանը, անկախ այն բանից` երեխան իրե՞նց անունն է կրում, թե՞ ոչ: 

Լուկա Տիգրան Լուսիեն Ժերար

Այդպես էլ ֆրանսիացի տատիկ-պապիկի համար հեչ տարօրինակ չթվաց, որ տղայիս անունը ընտրեցինք Լուկա, իսկ երկրորդ անունը` Տիգրան, չմոռացանք նաև երրորդ` Լուսիան և Ժերար մեծ պապի անունները: Այստեղ, իհարկե, միայն առաջին անունն է օգտագործվում, բայց երկու պապիկների անուններն ինքս եմ առաջարկել, իսկ Տիգրան անունը ամուսինս` Ջոն:

Լունա Մանե 

Իսկ, ա´յ, աղջկաս անունը երկար էի փնտրում, անգամ խնդրեցի ընկերներիս օգնել ` անուններ առաջարկել: Այդպես էլ ինը ամիս անուն էինք փնտրում` նուրբ, գեղեցիկ, յուրահատուկ, բայց ոչ տարօրինակ: Դիմեցի նաև սկեսրոջս, ասաց.

– Քո աղջիկն է, դու էլ ընտրիր, բայց անպայման հայկական անուն էլ տուր, որ չմոռանա իր արմատները: 

Էդպես էլ թերթում էի հայտնի կանանց, գրքերի հերոսուհիների, անգամ դերասանուհիների և երգչուհիների անունների մեջ, մինչև մի օր լսեցի հին իտալական անհավանական գեղեցիկ երգ` Guarda Che Luna … («Տես` ի՜նչ լուսին է») և Լունա… Պարզ ու նուրբ անունը դուրս թռավ շուրթերիցս, ու հասկացա, որ աղջիկս միայն Լունա անունը պիտի կրի: Իսկ այսօր, աղջկաս գրկած, դեռ լսում եմ իտալական քնարական երգն ու ասում` «Տես` ի՜նչ Լունա է»: 

http://www.youtube.com/watch?v=hdY1uBDcL7Q&feature=youtu.be 

Չգիտեմ` հետագայում մեր երեխաներն ինչպե´ս կընդունեն իրենց անունները, ոմանց համար դա կարևոր կթվա, մյուսների համար` ոչ, ոմանք գնահատում են ավանդույթները, մյուսները` ժամանակակից անուններ են սիրում: Միակ բանը, որ կարևոր է, երեխայի անունը պետք է սիրով ընտրված լինի, ինքնակամ, ոչ թե ծնողներից պարտադրված ժառանգություն, որի հետևանքները երեխան պետք է կրի ողջ կյանքի ընթացքում:

Ձեր՝ Ռոզա Սարգսյան Ֆենդեր

MediaLab Blog