Թայմ աութ. իշխանական կոալիցիան առկախել է հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը

Թայմ աութ. իշխանական կոալիցիան առկախել է հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը
Թայմ աութ. իշխանական կոալիցիան առկախել է հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը

Մինչ Հայաստանի և Թուրքիայի իշխանությունները` երկու երկրների հարաբերությունների կարգավորման դանդաղած գործընթացը որակում են որպես զարգացող, ապրիլի 22-ին Հայաստանի իշխող կոալիցիան հայտարարել է, թե առկախում է գործընթացը` ԱԺ օրակարգից հանելով արձանագրությունների հարցը:
«Ի պատասխան Հայաստանի կառուցողական քայլերի, Թուրքիայի բռնած դիրքորոշումը հասունացրեց այն պահը, որ մենք ստիպված սառեցնում ենք գործընթացը մինչև այն պահը, երբ Թուրքիան կհասկանա, որ գործընկերների հետ սպառնալիքներով չեն խոսում,-«Մեդիալաբին» ասում է իշխանական ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը: – Մենք գործընթացից դուրս չենք գալիս, այլև սպասում ենք Թուրքիայի իրական պատասխանին` այո՞, թե՞ ոչ, այլ ոչ թե իմիտացիայի»:

Իշխանական կոալիցիայի երեք կուսակցությունների` ՀՀԿ, ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ նկատի ունենալով թուրքական կողմի հրաժարումը առանց նախապայմանների ողջամիտ ժամկետներում արձանագրությունների վավերացման պարտավորություններից, «իմաստազրկում է այս փուլում դրանց վավերացման գործընթացի հետագա շարունակումը» Ազգային ժողովում:

«Անհրաժեշտ ենք համարում այդ գործընթացի առկախումը, և որպես ըստ անհրաժեշտության քննարկվող հարցի` դրանց քննարկումն Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգերից հանելը` մինչև թուրքական կողմը պատրաստ կլինի առանց նախապայմանների գործընթացի հետագա շարունակման»,- նշված է հայտարարության մեջ:

Շարմազանովը նշում է, որ Հայաստանի այս քայլը միջազգային հանրության կողմից նորմալ կընդունվի:

Նրա կարծիքով` Էրդողանի վերջին հայտարարությունները` արձանագրությունները կրկին ղարաբաղյան հակամարտության և երրորդ երկրի` Ադրբեջանի հետ կապելը, որը որևէ աղերս չունեն արձանագրությունների վավերացման հետ, ձեռնոց էր` նետված միջազգային հանրությանն ու գործընթացի միջնորդ երկրներին:

«Կարծում եմ` միջազգային հանրությունը մեր քայլը նորմալ կընդունի, քանի որ հայկական կողմը ոչ թե հետ է կանչում ստորագրությունները, այլև կասեցնում գործընթացը,-ասում է Շարմազանովը,- և այս դեպքում արդեն Թուրքիան փախչելու տեղ չունի»:

Սակայն «Սիվիլիթաս» հիմնադրամի վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը համոզված է, որ «սխալը սխալով ուղղելը սխալ է»:

Նա ասում է, որ գործընթացին հետևողները վաղուց հասկացել են, որ այն տանում է դեպի փակուղի, և որ, թուրքերը պարբերաբար սպառնալիքներ տեղալով, ի նպաստ հարաբերությունների կարգավորման որևէ քայլի չեն գնում:

«Հայկական կողմը չպետք է ԱԺ օրակարգից հաներ արձանագրությունների քննարկումը, պիտի թողներ, որ դրանց վրա «փոշի նստեր»,- «Մեդիալաբին» ասում է Հակոբյանը:

– Այժմ արդեն թուրքերը սկսելու են հայերի վրա գործընթացի տապալումը բարդելու գործընթացը, իսկ Հայաստանը չի կարողանալու միջազգային հանրությանը հասանելի դարձնել, որ ձախողումն իր պատճառով չէ»:

Հակոբյանն ասում է, որ ստեղծված իրավիճակի արդյունքում կարող են տեղի տալ Հայաստանի դիրքերը` ղարաբաղյան հակամարտության հարցում:

Ընդդիմադիր, ՀԱԿ-ի աջակից «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը ևս կարծում է, որ միջազգային հանրությունը Հայաստանի քայլին կարող է վատ արձագանքել:

Նա նշում է, որ թեև Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս հայտարարություններ են արել` նախապայմաններ առաջ քաշելով, սակայն թուրքական կողմը երբևէ չի նշել, թե կասեցնում է արձանագրությունների քննարկումները:

«Այս հայտարարությունն առաջինը հնչեց Երևանում,- «Մեդիալաբին» ասում է Սուրենյանցը,- Թուրքիայի իշխանությունները, ըստ էության, հասան իրենց նպատակին` Հայաստանին մղելով իռացիոնալ դաշտ: Հիմա արդեն ստացվում է, որ նախապայմաններ է առաջադրում ոչ միայն թուրքական կողմը, այլ նաև պաշտոնական Երևանը` արձանագրությունների վավերացումը պայմանավորելով Թուրքիայի դիրքորոշմամբ»:

Նա համոզված է, որ ստեղծված իրավիճակում շահեկան կլինի Հայաստանի համար առաջինը վավերացնել արձանագրությունները` ողջամիտ ժամանակ տալով Թուրքիային:

Սուրենյանցը համոզված է, որ այս դեպքում հայկական կողմի փաստարկները թե´ արձանագրությունների վավերացման և թե´ դրանց տապալման դեպքում ամբողջովին ընկալելի կլինեն միջազգային հանրությանը:

Սակայն իշխանական ԲՀԿ առանցքային անդամ Նաիրա Զոհրաբյանն ասում է, որ Հայաստանի` առաջինը արձանագրությունները վավերացնելու դեպքում իրենց դիրքորոշումը միանշանակ բացասական կլինի:

Ըստ Զոհրաբյանի` դատելով կոալիցիայի հետ Սերժ Սարգսյանի ունեցած հանդիպումներից, արձանագրությունները հետ կկանչվեն Ազգային ժողովից։

«Ես կարծում եմ` կուալիցիան շատ ճիշտ քայլ կատարեց` սառեցնելով գործընթացը»,-«Մեդիալաբին» ասում է Նաիրա Զոհրաբյանը:

– Սա քաղաքական պաուզա է` Թուրքիայի համար կողմնորոշվելու` ուզում է նա քաղաքակիրթ ճանապարհո՞վ գնալ, թե՞ նախընտրում է անպատասխանատու հայտարարություններն ու արկածախնդրությունը»:

Մարի Ներսեսյան

© Medialab.am