«Մեղադրանքը շինծու է, պատկերացրեք՝ Կարող Եղնուկյանին մեղադրում են նաև, որ ՊՊԾ գնդում ոստիկան պատանդ է պահել». փաստաբան

«Մեղադրանքը շինծու է, պատկերացրեք՝ Կարող Եղնուկյանին մեղադրում են նաև, որ ՊՊԾ գնդում ոստիկան պատանդ է պահել». փաստաբան
«Մեղադրանքը շինծու է, պատկերացրեք՝ Կարող Եղնուկյանին մեղադրում են նաև, որ ՊՊԾ գնդում ոստիկան պատանդ է պահել». փաստաբան

Ընդդիմադիր գործիչ Կարո Եղնուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, նրա գործողություններում հանցագործության տարր անգամ չկա: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը՝ անդրադառնալով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմանը: Հիշեցնենք, որ դատարանը մերժել էր 1 մլն դոլար գրավի դիմաց Կարո Եղնուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը:

«Մեղադրանքը շինծու է, պատկերացրեք՝ Կարող Եղնուկյանին մեղադրում են նաև նրանում, որ ՊՊԾ գնդում ոստիկան պատանդ է պահել: ՊՊԾ գնդի գրավման առաջին հինգ օրը ոստիկան պատանդներն ազատ արձակվեցին, նրան մեղադրում են այդ ոստիկաններին պատանդ պահելու մեջ: Ընդ որում, այդ օրերին ամեն օր մոտ երեք պատանդ են բաց թողել «Սասնա ծռերի» անդամները»,- «Մեդիալաբին» ասում է Տիգրան Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանը մեղադրվում է ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորմանը սատարելու՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելուն աջակցելու, պատանդներ պահելու մեջ: Նրան սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում: Եղնուկյանն ունի առողջական լուրջ խնդիրներ, բժիշկներն ասել են, որ նրան ինսուլտ է սպառնում: «Քնած ժամանակ շունչս կտրվում է, կարող է քնեմ ու չարթնանամ, ես կարող եմ մահանալ ինսուլտից»,- Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատավարության ժամանակ հայտարարել է Եղնուկյանը: Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, ասում է, որ ինքը «Սասնա ծռեր» խմբավորման անդամ չէ: Նրա գործը քննվում է «Սասնա ծռերի» գործով 11 ամբաստանյալների գործի հետ: Եղնուկյանը տևական ժամանակ է՝ պահանջում է իր գործը տարանջատել, իրեն գրավով ազատ արձակել, պայմաններ ստեղծել, որ դատական նիստերն առանց իր ներկայության անցկացվեն, բայց մերժվում է:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանի խոսքով՝ Եղնուկյանն այդ օրերին հեռախոսով զրուցել է միայն ՊՊԾ գնդի տարածքում գտնված Վարուժան Ավետիսյանի հետ: «Եթե նա օժանդակել է «Սասնա ծռերին», ուրեմն Վարուժան Ավետիսյանի միջոցով է օժանդակել: Այդ դեպքում Վարուժան Ավետիսյանին էլ պետք է աջակցելու համար մեղադրանք առաջադրվեր, բայց չի առաջադրվել»,- նշեց նա:

Անդրադառնալով խափանման միջոցը գրավով փոխելու միջնորդությանը՝ փաստաբանն ասաց, որ Կարո Եղնուկյանը միջնորդության մեջ մանրամասն ներկայացրել էր իր հիվանդության պատմությունը, գրել էր, որ այս իրավիճակից դուրս գալու երեք ելք կա՝ կա՛մ գործից պետք է իր մասն առանձնացվի, կա՛մ կալանքը փոխվի գրավով ազատ արձակելու որոշմամբ, կա՛մ էլ իրեն դատական նիստերին մասնակից չդարձնեն: Դատարանը երեք միջնորդություններն էլ մերժել է:
«Մենք դեռ չենք ստացել դատարանի որոշումը՝ հասկանալու համար հիմնավո՞ր է, թե՞ ոչ, բայց այն, որ նրա նկատմամբ կիրառվող խափանման միջոց կալանքն ակնհայտ անհիմն է, փաստ է, արդեն 1 տարի 4 ամիս մենք դրանում համոզվել ենք»,- ասում է Տիգրան Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ որևէ մեկը, ո՛չ քննիչները, ո՛չ դատախազը որևէ փաստ չեն ներկայացնում, թե ինչու պետք է Եղնուկյանը մնա կալանքի տակ: Հայրապետյանի խոսքով՝ դատախազությունը սխալ է հասկացել, թե անձի նկատմամբ կալանքը ո՛ր դեպքում պետք է կիրառվի:  «Նրանք մտածում են, որ կալանք կարելի է կիրառել, եթե տրամաբանական վերլուծություն կա, և սկսում են տրամաբանական վերլուծություն անել: Ասում են՝ քանի որ հանցագործության ծանրության աստիճանը բարձր է, հետևաբար պետք է կալանք կիրառվի, քանի որ հակառակ դեպքում նա կարող է փախուստի դիմել, խոչընդոտել գործի քննությունը: Բայց նրանց վերլուծության մեջ տրամաբանություն էլ չկա»,- ասաց փաստաբանը:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը համոզված է, որ Կարո Եղնուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: «Այն, որ դատարանը 1 մլն դոլար գրավի դիմաց Եղնուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժեց, ակնհայտ ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ նրա նկատմամբ իշխանություններն իրականացնում են քաղաքական հետապնդում: Ավելին, ես կարող եմ վստահեցնել, որ եթե նույնիսկ 10 մլն դոլար գրավ էլ առաջարկեն, դարձյալ նրա խափանման միջոցը չեն փոխելու»,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը:

Իրավապաշտպանի խոսքով՝ իշխանությունն ընդդիմադիր գործիչների նկատմամբ երբեք ներողամիտ չի եղել: Ըստ Սաքունցի՝ այն, որ լուրջ առողջական խնդիրներ ունեցող Եղնուկյանին իշխանությունները պահում են անազատության մեջ, խոսում է այն մասին, որ իշխանության գործողությունները սպառնալիք են Եղնուկյանի կյանքի համար: «Եվ հետագա անկանխատեսելի զարգացումների համար իշխանությունն ունի իր անմիջական մեղավորությունը և պատասխանատվությունը»,- ասաց իրավապաշտպանը:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանի խոսքով՝ չի բացառվում առաջիկայում իրենք հայց ներկայացնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Հայցում ներկայացվելու է այն, որ Եղնուկյանի կյանքին անազատության մեջ վտանգ է սպառնում, քանի որ Եղնուկյանը դատական նիստերին ասում է, որ իր առողջական վիճակը վատանում է: Այսինքն՝ ըստ փաստաբանի, այստեղ գործ ունենք պետության կողմից մարդուն խոշտանգելու հետ: Նշենք, որ զինված խմբի գործով մեղադրյալ Վահան Շիրխանյանի գործով այդ նախադեպը կա. ՄԻԵԴ-ը վերջերս որոշում էր կայացրել, ըստ որի՝ Շիրխանյանին անհապաղ պատշաճ բուժօգնություն պետք է տրամադրվի:

«Մենք հենց այդ դեպքը նկատի ունենալով ենք դիմելու ՄԻԵԴ, ուղղակի այս պահին բժշկական եզրակացությունների պակաս ունենք, պետք է քննարկենք ու որոշենք մեր անելիքը»,- հավելեց փաստաբանը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am