«Ղարաբաղի ոստիկանությունն իրեն դրել է սուրբ ինկվիզիցիայի տեղը և որոշել, որ իրավունք ունի խառնվելու մարդկանց անձնական կյանքին». Տիգրան Գրիգորյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության գործադիր մարմնի անդամ Տիգրան Գրիգորյանը:

– Պարո՛ն Գրիգորյան, բուռն քննարկումների թեմա է դարձել Արցախի ոստիկանների պահվածքը ՀՀ քաղաքացի Ասյա Խաչատրյանի նկատմամբ: Քաղաքացին պատմել է, որ Ստեփանակերտում զբոսնելիս իրեն ապօրինի բերման են ենթարկել, ապտակել, հայհոյել ու սպառնացել են: Իսկ երբ Ասյան բացատրություն է պահանջել, նրան ասել են, որ Ղարաբաղում կինը չպետք է փողոցում ծխի կամ մազերը կապույտ ներկի, իսկ օրենք թող գնա և Հայաստանում պահանջի։ Սա առաջին դեպքը չէ, երբ Արցախի ոստիկանները նման պահվածք են դրսևորում: Ավելի վաղ տեղեկություն էր եղել, որ, օրինակ` վարսավիրանոցներում ոստիկաններն արգելում են երիտասարդներին ջակի-ջուկի սանրվածք անել: Ի՞նչ է կատարվում, ի՞նչ բարքեր են Արցախում:

– Խնդիրն այն է, որ Ղարաբաղի ոստիկանությունն իրեն դրել է սուրբ ինկվիզիցիայի տեղը և որոշել է, որ ինքն իրավունք ունի խառնվելու մարդկանց անձնական կյանքին, թե մարդիկ ինչ սանրվածք ունենան, երբ կարող են փողոցում քայլել և այլն: Այսինքն՝ մարդիկ լրիվ կորցրել են իրականության զգացողությունը, չեն հասկանում իրենց իրավասությունների սահմանը, մտածում են, որ կարելի է հասարակության, այսպես կոչված, դաստիարակությամբ զբաղվել: Այդ նույն վարսավիրների հետ տեղի ունեցած դեպքը ցույց է տալիս մարդկանց ադեկվատության աստիճանը: Նրանք փաստորեն մտածում էին, որ երեխաների սանրվածքն ինչ-որ կերպ սահմանափակելով՝ կարելի է կանխարգելել նրանց սեռական կողմնորոշման փոփոխման հարցերը:

– Ինչո՞ւ է այս իրավիճակը ստեղծվել Արցախում, խնդիրը խորքայի՞ն արմատներ ունի:

– Պատճառը զուտ մարդկանց մեջ է, որովհետև տարրական կրթություն չունեցող մարդիկ Արցախում հայտնվել են ղեկավար պաշտոններում: Այսինքն ՝ մարդիկ, ովքեր լուրջ կրթություն չեն ստացել, լուրջ կենսագրություն չունեն, այսօր հայտնվել են որոշում ընդունողների դերում: Խոսքն այնքան ֆորմալ ղեկավարության մասին չէ, որքան ստվերային կառավարության, այսինքն՝ իրական որոշում կայացնողների մասին է: Նրանք հավաքվում են ինչ-որ երեկույթների ժամանակ, նստում ու քննարկում են նման հարցեր ու նման բարքեր են տարածում:

– Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը կոչ է արել խնդրին «ներքին կարգով» լուծում տալ, նշելով, որ Արցախի չլուծված խնդիր կա, պետք չէ խնդիրների մասին բարձրաձայնել: Օմբուդսմենի այս քաղաքականությունն ինչպե՞ս եք գնահատում:

– Սա սպասելի քաղաքականություն էր ՄԻՊ-ի կողմից, թեև Ռուբեն Մելիքյանն իր պաշտոնն ստանձնելուց հետո ավելի ակտիվ է, քան նախկին օմբուդսմենը: Բայց նա իր ակտիվությունն արտահայտում է միայն արտաքին հարցերում, հիմնականում զբաղվում է ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից իրականացված վայրագությունների հետաքննության ու տարածման հարցերով: Իսկ ինչ վերաբերում է ներքին կյանքին, ապա ի սկզբանե նա այսպիսի պահվածք է դրսևորել:

Հիշեցնենք, որ Հայկ Խանումյանի ծեծից հետո օմբուդսմենը հայտարարել էր, որ այսպիսի դեպքեր կարող են տեղի ունենալ բոլոր երկրներում, կարևորն այն է, թե իշխանություններն ինչպե՛ս են արձագանքում: Սակայն երբ իշխանությունները համաներում հայտարարեցին ծեծն իրականացրած անձանց նկատմամբ, ՄԻՊ-ը հրապարակայնորեն պաշտպանեց իշխանությունների դիրքորոշումը, ասաց, որ ամեն ինչ օրենքով է կատարվել:

Եվ այս դեպքում ևս սպասելի էր, որ նա նման պահվածք էր ցուցաբերելու: Երբ խնդրի վերաբերյալ աղմուկ բարձրացավ, իրենք անմիջապես հայտարարություն տարածեցին: Այսինքն՝ վստահ եմ, որ եթե աղմուկ չբարձրանար, այդպես էլ ոչինչ չէին անելու: Հայտարարության մեջ նշում են, որ Ասյա Խաչատրյանը գրավոր դիմում պետք է ներկայացներ, չի ներկայացրել, դրա համար էլ իրենք ոչինչ չեն արել: Բայց ես երեկ ուսումնասիրեցի «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԼՂՀ օրենքը, որում հստակ գրված է, որ ՄԻՊ-ը պարտավոր է բանավոր դիմումների դեպքում ևս գործին ընթացք տալ: Այսինքն՝ Ասյա Խաչատրյանի հեռախոսազանգը՝ ուղղված Ռուբեն Մելիքյանին, բավական էր, որպեսզի գործին ընթացք տային:

– Արցախի իշխանամետ ներկայացուցիչների կողմից նման գրառումներ են արվում սոցիալական ցանցերում՝ «Արցախում պետական մակարդակով պայքար է գնում անբարո երևույթների դեմ»: Սա ի՞նչ է նշանակում:

– Դա հենց իմ ասածն է, որ մարդիկ իրենց դրել են սուրբ ինկվիզիցիայի տեղը, որոշում են, թե ի՛նչն է բարոյական, ի՛նչը՝ անբարոյական, մարդիկ ի՛նչ կյանքով պետք է ապրեն: Ես փաստեր չունեմ, բայց նման դեպքերի մասին էլի եմ լսել, որոնք տեղացիների նկատմամբ են իրականացվել:

– Բողոքող ՀՀ քաղաքացուն ասել են՝ գնա ու քո իրավունքը Հայաստանում պաշտպանիր:

– Այսինքն՝ Ղարաբաղը մի գոտի է, որտեղ իրավունքներ չկան, որտեղ Հայաստանում տարածված քաղաքացիական պայքարի դրսևորումները չեն աշխատում: Այսինքն՝ երբ այդ աղջիկը փորձում էր ոստիկանի հետ խոսել որպես քաղաքացի և իր իրավունքները պահանջել, նրան հասկացնում էին, որ այստեղ այդպիսի բաներ չեն անցնում, պատերազմական գոտի է և այլն:

– Նման դեպքերն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ Արցախի միջազգային վարկանիշի վրա:

– Նման դեպքերը, իհարկե, բացասական ազդեցություն են ունենում: Բայց խնդիրն այն է, որ ես գրեթե վստահ եմ, որ մեկ շաբաթ անց այս դեպքի մասին բոլորը կմոռանան՝ և՛ Արցախում, և՛ Հայաստանում, և՛ սփյուռքում: Մեր հասարակության մեջ նման մի կարծրատիպ կա, որ Արցախի մասին պետք է խոսել կամ լավը, կամ ոչինչ: Բայց այդ մարդիկ չեն հասկանում, որ լռելով, խնդիրների մասին չխոսելով, արհեստականորեն Արցախը միայն դրական երանգներով ներկայացնելով՝ ավելի շատ վնաս են հասցնում Արցախին:

– Ի՞նչ պետք է անել:

– Պետք է խոսել խնդիրների մասին ու փորձել լուծել: Եվ կարծում եմ՝ Հայաստանի հասարակությունը ևս ակտիվ դերակատարություն պետք է ունենա այս ամենում: Հայաստանյան տարբեր ընդդիմադիր կուսակցություններ ու գործիչներ երբեք չեն խառնվում Արցախում տեղի ունեցած նույնիսկ ամենախայտառակ իրադարձություններին, գնահատականներ չեն տալիս դրանց, ինչը սխալ է: Նույն Բերձորի ծեծկռտուքի, Հայկ Խանումյանի ծեծի ժամանակ Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունները չեզոք հայտարարություններ էին տարածում: Բայց դրանով խնդիրները չեն լուծվում:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am