«Հապճեպ, անպատրաստ գնում ենք արտահերթ ընտրությունների, որը քաղաքական դաշտի որակի փոփոխություն չի բերելու». Գարեգին Միսկարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանը

– Պարո՛ն Միսկարյան, քաղաքական ուժերը հունիսի 20-ի ընտրություններին ընդառաջ ակտիվ նախապատրաստական շրջան են մտել: Ձեր ուժը ևս մասնակցելու է ընտրություններին: Ի՞նչ տրամադրություններ են:

– Դե, որ ասեմ փառահեղ տրամադրություն է, այդպես չէ իհարկե: Բոլորի մոտ էլ ընկճվածություն կա, հատկապես պատերազմից հետո: Մյուս կողմից՝ ընկճվածություն է առաջացնում այն, որ քաղաքական փոխադարձ մեղադրանքների դաշտում գաղափարական պայքար չկա:

Բայց, ինչ արած, կյանքը առաջ է շարժվում, և մենք էլ՝ որպես քաղաքական ուժ, մեր ծրագրերը կյանքի կոչելու համար պարտավոր ենք հավուր պատշաճի մասնակցել ընտրություններին, փորձել անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր գաղափարները հասցնենք ընտրողին:

– 26 քաղաքական ուժեր են ներկայացված ընտրություններին, որոնցից 4-ը դաշինք են: Ի՞նչ մրցակցություն, ինչպիսի՞ պայքար եք ակնկալում:

– Իրականում այդ 26 քաղաքական ուժերից շատ քչերն են, որ իրական, գաղափարական կուսակցություններ են, գաղափարական, քաղաքական միավորներ: Եվ դա է, թերևս, ամենամեծ խնդիրը, որ պայքարը գնում է ոչ թե գաղափարների, ոչ թե արժեքների շուրջ, այլ խմբակային շահերի համար:

Ըստ էության, այստեղ անցյալի ու ապագայի միջև է պայքարը, այսինքն՝ ուժեր, որոնք դավանում են արժեքներ ու ուզում են Հայաստանում քաղաքական դաշտը առողջանա, և ուժեր, որոնք իրենց տեղը արևի տակ պահելու համար ամեն ինչի ընդունակ են ու ամեն ինչ անում են իրենց կյանքը երկարացնելու համար: Իսկ դա խանգարում է պետության առաջընթացին:

– Ովքե՞ր են ջանք գործադրում, որ իրենց կյանքը երկարի, ո՞ր ուժերը:

– Այն ուժերը, որոնք երբևէ կառավարել են Հայաստանի Հանրապետությունում և ապացուցել են իրենց ընտրած ճանապարհի կամ դրա բացակայության պատճառով անարդյունավետ կառավարումը:

– Լավ, ինչո՞ւ այդ ուժերը ի հայտ եկան, չէ՞ որ մի քանի տարի առաջ նրանց մերժել էին:

– Որովհետև այն ուժը, որը խոստումներով եկավ իշխանության, դարձավ կառավարող ուժ՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, այն նույն արժեքների, այն նույն քաղաքականության կրողը, որի մեջ ձևավորվել էր՝ որպես քաղաքական ուժ:

Տրամաբանական է, որ նրանց պայքարը, նրանց կառուցած պետությունը լինելու էր նախկինների արածի շարունակությունը: Փոքր հույս կար, որ բարեփոխումներ կարվեն և գուցե թե փոփոխություններ բերեն, բայց ժամանակը ցույց տվեց, որ սին էին այդ հույսերը: Հիմա մենք ունենք այն, ինչ ունենք:

– Իսկ հիմա կառավարման ոլորտում ձախողումներ տեսնո՞ւմ եք՝ հաշվի առնելով ամենաթարմ դեպքը՝ դիահերձարանների հետ կապված: Արդյոք, ձեր կարծիքով, կատարվածը գործող իշխանության ճգնաժամային կառավարման բավարար հատկությունների բացակայության հետևա՞նք է:

– Այդ ամենը պետական կառավարման համակարգի նեխած լինելու հետևանք է: Հեղափոխությունը կամ այն շարժումը, որին մասնակցեցին ՀՀ քաղաքացիները, ոչ թե անձերի դեմ էր, այլ բուն համակարգի այն արժեքների դեմ, որով շարժվում էր այդ համակարգը, որի վրա խարսխված էր այդ համակարգը: Իսկ արժեքը փողն էր, օլիգարխիկ համակարգում այլ արժեք, քան փողը, չկա, չէր կարող լինել:

Եվ Նիկոլ Փաշինյանը, գալով ու ձևավորելով կառավարություն, հռչակեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կամ «Իմ քայլը» դաշինքը չի դավանում քաղաքական որևէ գաղափարախոսություն: Դրանով նա նախկին համակարգի շարունակականությունը ապահովելու և վերարտադրվելու առաջին քայլն արեց:

Հիմա մենք այդ նեխած համակարգի կրած ձախողումների հետևանքներին ենք ականատես լինում:

– Իսկ դուք ի՞նչ եք առաջարկում՝ իրավիճակը փոխելու համար:

– Մենք դեռ 2018-ի հեղափոխությունից կամ իշխանափոխությանն ուղղված շարժումից առաջ, երբ հանդիպել էինք Նիկոլ Փաշինյանի հետ, երբ կուսակցություն ստեղծելու նույնիսկ մտադրություն չունեինք, պատրաստակամություն հայտնեցինք աջակցել, եթե կատարվեն այն բարեփոխումները, որոնք համարում էինք ու հիմա էլ համարում ենք անհրաժեշտ:

Այդ բարեփոխումները մեր հեղափոխական օրակարգն էին՝ դատական համակարգի բարեփոխումներ, Ընտրական օրենսգրքի ու «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխություններ, որոնք կբերեին քաղաքական դաշտի փոփոխության, քաղաքականությունից կապիտալի տարանջատմամբ օլիգարխիկ համակարգի վերարտադրվելու դեմ կատարվելիք փոփոխություններն էին, այսինքն՝ ստեղծել մի միջավայր, որտեղ կապիտալը հետաքրքրված չէր լինի քաղաքականությամբ և որոշումների կայացման հարցում ժողովրդի մասնակցության ապահովում:

Հիմա էլ վստահ ենք, որ այս փոփոխությունները առնվազն անհրաժեշտ են խորքային առումով: Այս առաջարկություններից միայն «Կուսակցությունների մասին» օրենքն է փոփոխվել, իհարկե ոչ այնպես, ինչպես մենք կցանկանայինք: Դե իսկ Ընտրական օրենսգրքում էլ մասնակի փոփոխություններ կատարվեցին, որոնք դարձյալ այն չէին, ինչի մասին խոսել էինք: Անձամբ ինձ այս ոլորտներում մեծ փոփոխություններ էին խոստացել, ինչի համար էլ մասնակցել եմ շարժմանը:

– Ձեզ մոտ հիասթափությո՞ւն կա հիմա:

– Չէ՛, հիասթափված լինելու խնդիր չէ: Այն ժամանակ, երբ մենք մասնակցում էինք շարժմանը, կար գիտակցումը, որ Փաշինյանի քաղաքական թիմը կարող է նաև չգիտակցել այդ բարեփոխումների կարևորությունը և դրա անհրաժեշտությունը ճիշտ չգնահատել: Իհարկե, կար նաև փոքր հույս, որ այդ փոփոխությունները, գոնե մասնակի, կիրականացվեին: Եվ երբ կասկածը ծնվեց, մենք մեր ընկերներով կայացրինք որոշում՝ կառավարման համակարգի մեջ Փաշինյանի հետ չենք մտնելու:

Ի վերջո, եթե կառավարող ուժը ցանկանար, այդ բարեփոխումներն առանց մեզ էլ կաներ, իսկ եթե մտնեինք նրանց հետ կառավարման համակարգ, չէինք կարող ներսից պարտադրել անել դրանք: Երկիրն այս վիճակից հանելու միակ ճանապարհը մնում էր գաղափարական հենքի վրա նոր քաղաքական ուժ ձևավորելն ու քաղաքական ճանապարհով մեզ համար ցանկալի բարեփոխումներին հասնելը:

Այնպես որ հիմա այդ «պլան Բ»-ի կատարման ընթացքի մեջ ենք:

– Դուք 2018-ի արտահերթ ընտրություններում շուրջ 8500 ձայն էիք ստացել…

– Այո՛, բայց դա իրականում կառավարող ուժի կողմից արված շատ վատ քայլի պատճառով էր: Ընտրությունները, եթե հիշում եք, նախանշվում էին գարնանը, բայց անակնկալ որոշվեց ընտրությունները կազմակերպել դեկտեմբերին:

Եվ մենք կուսակցությունը գրանցելու հաջորդ օրն իսկ մտել ենք ընտրական փուլ:

– Հիմա էլ կարծես նույն իրավիճակն է:

– Այո՛, դարձյալ արտահերթ ընտրություններ են: Քաղաքական ուժերին չպետք է այսքան կարճ ժամկետ տրվի, որովհետև ակնհայտ է, որ նոր ձևավորվող քաղաքական դաշտում, նոր ձևավորված գաղափարական կուսակցությունների համար շատ դժվար է 12 օրվա մեջ ճանաչելի դառնալ ու հանրությանը հասցնել իրենց ծրագրերը: Դրա համար այս ընտրությունները ոչ թե պետք է լինեն նոր կառավարող ուժ ընտրելու ընտրություն, այլ քաղաքական դաշտը բարելավելու ընտրություն:

Իսկ մենք հիմա, ինչպես նախորդ անգամ, հապճեպ, անպատրաստ, թերի գնում ենք արտահերթ ընտրությունների, որը մեծ հաշվով քաղաքական դաշտի որակի փոփոխություն չի բերելու:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab