«Երիտասարդ նախարարները վերցնում են ավերակներից նոր պետություն կառուցելու ծանր բեռ». Հայկ Ա. Մարտիրոսյան

«Երիտասարդ նախարարները վերցնում են ավերակներից նոր պետություն կառուցելու ծանր բեռ». Հայկ Ա. Մարտիրոսյան
«Երիտասարդ նախարարները վերցնում են ավերակներից նոր պետություն կառուցելու ծանր բեռ». Հայկ Ա. Մարտիրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը:

– Պարո՛ն Մարտիրոսյան, քիչ առաջ հաստատվեց նոր կառավարության ամբողջական կազմը։ Ի՞նչ ժառանգություն և բեռ են վերցնում նոր երիտասարդ նախարարները։

– Նոր երիտասարդ նախարարները վերցնում են ավերակներից նոր պետություն կառուցելու ծանր բեռ:

– Որքանո՞վ և ի՞նչ կարող է առհասարակ նրանց հաջողել, հաշվի առնելով, որ անցումային կառավարություն է և շատ երկար «կյանք» չի ունենալու։

– Ամենակարևոր բանը, որ նորանշանակ նախարարները պարտավոր են անել, նոր համակարգի և նոր արժեքային համակարգի հաստատումն է: Եթե դրա հիմքերը բարեհաջող դրվեն, ապա դա անչափ կարևոր արդյունք կլինի:

– Պարոն Մարտիրոսյան, այդ հիմքերն արդյոք բավարա՞ր կլինեն հաջորդ կառավարության ձևավորման համար, հաշվի առնելով, որ հաջորդ ընտրությունների արդյունքները կարող են անկանխատեսելի լինել ։

-Այո: Հիմքն ամենակարևորն է: Եթե քսանյոթ տարի առաջ Հայաստանի առաջին կառավարությունը նորմալ կադրերից կազմված լիներ և հստակ ծրագիր ունենար առողջ հիմքեր դնելու, այսօր ավերակների վերածված երկիր չէր ժառանգի այս երիտասարդ կառավարությունը:

– Փորձի պակասը որքանո՞վ է խանգարելու այդ հիմքերը դնելու համար, հաշվի առնելով, որ հիմնական մասը կառավարման փորձառություն չունի։

– Փորձը կարևոր է շատ, բայց ոչ պարտադիր: Բազում մարդիկ, մեծապես անփորձ լինելով, կամքի և տրամաբանության շնորհիվ մեծ հաջողությունների են հասել: Եվ հակառակը: Կարևորն ընդհանուր քսղաքական կուրսն է և քաղաքական կամքը: Ամեն բան հնարավոր է: Հնարավոր է, որ լինեն ձախողումներ, շատ հնարավոր է նաև, որ լինեն մեծ նվաճումներ:

– Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարեց, որ բիզնեսը և քաղաքականությունը պետք է իրարից առանձին լինեն, մենք տեսնում ենք կառավարության կազմում նաև այնպիսիներին, որ ինչ-որ առումով առնչվել կամ առնչվում են բիզնեսին։ Սա խնդի՞ր է արդյոք, թե՞ ոչ։

– Կարծում եմ` Փաշինյանը նկատի ուներ խոշոր բիզնեսմեններին և օլիգարխներին: Փոքր և միջին բիզնես ունեցողները սովորաբար մեծ խնդիրներ չեն հարուցում տնտեսական քաղաքականություն կերտելիս: Խոշոր մեծահարուստները մեծապես խնդրահարույց են դառնում բոլոր երկրներում, որովհետև առաջ են մղում սեփական բիզնես շահերը սպասարկող քաղաքական ուղղություններ:

– Պարո՛ն Մարտիրոսյան, ինչ եք կարծում՝ որքանո՞վ արագ անցում կլինի արտահերթ ընտրությունների, թե՞ խորհրդարանական մեծամասնություն ՀՀԿ-ն ամեն կերպ կխոչընդոտի։ Որքանո՞վ հանրային ճնշումը կպահպանվի նաև այն ժամանակ, որ հնարավոր լինի այդ փոփոխությունները Ընտրական օրենսգրքում իրականացնել։

– ՀՀԿ-ն խոչընդոտելու է: Իր հերթին` գործադիրն ամեն կերպ փորձելու է կոտրել դիմադրությունը: Հանրային ճնշումը մշտապես լինելու է, եթե ընտրված ճանապարհին լուրջ սխալներ չլինեն գործադիրի կողմից: Դժվար է ասել, թե երբ կլինեն ընտրությունները: Որքան շուտ՝ այնքան լավ:

– Ի վերջո, Հայաստանում տեղի ունեցածը արդյոք թավշյա՞ հեղափոխություն էր, թե՞ իշխանափոխություն։

– Դատելով այն ձևից, որն ընդունվեց` սահմանադրական, զուտ օրենքի տառին համապատասխան իշխանափոխություն, սա իշխանափոխություն էր: Հեղափոխությունն իրականում իշխանության խլում է` ժողովրդական զանգվածների կողմից և միջոցով: Հայաստանում արդար իշխանափոխությունը պետք է սկիզբ դնի իսկական հեղափոխության` համակարգային ամբողջական փոփոխության միջոցով: Բայց ամեն դեպքում` թավշյա հեղափոխությունը բավական լավ բնորոշում է այն բանի, ինչ տեղի ունեցավ Հայաստանում:

Մանե Հարությունյան

MediaLab.am