«Խնդրում եմ՝ գտեք այնպիսի մարդու, որին ստիպել-բերել են քարոզարշավ հանդիպման». Նազելի Բաղդասարյան

«Մեդիալաբի» հարցազրույցը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Նազելի Բաղդասարյանի հետ

– Տիկի՛ն Բաղդասարյան, արդեն հինգերորդ օրն է՝ քարոզարշավ է ընթանում, դուք էլ, տեսնում ենք, ակտիվ մասնակցում եք հանդիպումներին: Ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավի ընթացքը, հանդիպումներից գո՞հ եք, ձեր ուժը ընդունելություն գտնո՞ւմ է:

– Շիրակի մարզը ներկայացնող 7 պատգամավորի թեկնածուներ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում են: Մեր համակիրների հետ քայլերթ ենք անցկացնում, զրուցում ենք, ներկայացնում մեր նախընտրական ծրագիրը:

Վերջերս վարչապետի մեր թեկնածու Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզում էր, և մարզի բնակչության հետ հանդիպումն ավարտվեց Գյումրու Վերածննդի հրապարակում մեծ հավաքով:

Քանի որ մարզը մեծ է, յուրաքանչյուր թեկնածուի համար առանձնացված է շրջան, և հենց այդ շրջաններում էլ թեկնածուները անցկացնում են հանդիպումները:

Ցավալի է, որ այս ընտրությունների ժամանակ ևս ընտրակաշառքի դեպքեր են գրանցվում, և առավել ցավալի է, որ դրանք պատգամավորի թեկնածուների կողմից են արվում: ՀՀ քաղաքացու քվեն չի վաճառվում, թողեք մարդիկ ազատ ու անկաշկանդ ընտրություններ կատարեն:

– Եվ ինչպե՞ս են մարդիկ ընդունում՝ «դավաճան» բացականչություններո՞վ:

– Մինչ օրս ինձ կոնկրետ չի հանդիպել մարդ, որ նման հարցադրում դնի, որովհետև ես իմ մասով եմ ասում, քաղաքացիների հետ կապը պահել եմ ոչ թե ընտրությունից ընտրություն, այլ մշտապես կապի մեջ եմ եղել:

Պարզ է, որ կորոնավիրուսի համավարակից, պատերազմական շրջանից հետո անկումային տրամադրություններ կան հանրության շրջանում: Բայց շատ կարևոր է, որ քարոզարշավի ընթացքում քաղաքացիների հետ շփում լինի, քանի որ մեդիայից եկող տեղեկությունները շատ տարաբնույթ են, և երբեմն քաղաքացիները տարընկալումներ են ունենում իրավիճակների, իրադրությունների հետ կապված:

Պարզ մարդկային զրույցը լավագույն միջոցն է այդ ամենը հարթելու համար:

Երկու օր առաջ մեր վարչապետի թեկնածուն Շիրակի մարզում էր, շրջեցինք մի շարք համայնքներում: Մեր հանդիպումների ընթացքում համոզվեցինք, որ քաղաքացին ազատ է իր ընտրության հարցում, քաղաքացին հավատում է իր ապագային: Եվ այդ քաղաքացիների կողմից ստացված վստահությունը ևս մեկ անգամ ամրապնդեց մեր դիրքերը, մոտեցումները՝ առաջիկա ընտրությունների հետ կապված:

– Տիկի՛ն Բաղդասարյան, Գյումրիում ձեր ուժի հավաքից լուսանկարներ էին սոցցանցերում տարածվում, և նշվում էր, որ հավաքը սակավաթիվ մարդկանցով է եղել, և սա երեք տարի առաջվա Գյումրին չէ, որի հրապարակը մարդաշատ էր: Նաև նշվում էր, որ կա աջակցող թիմ, որն ավտոբուսով Փաշինյանի հետ պտտվում է: Ի՞նչ կասեք այս առնչությամբ:

– Տարօրինակ է, որ փորձում էին լուսանկարներ հրապարակել մինչև հավաքի մեկնարկը: Ավելին, հավաքից առաջ անձրև եկավ, ու այդ պահի լուսանկարներ էին տարածվում համացանցում: Դա լուրջ չէ:

Բացի այդ, նկարահանման ռակուրսի խնդիր կա. եթե հրապարակից չորս թաղամաս վերև նկարեն և հակառակ ուղղությամբ, այո՛, կարող է հրապարակին հարակից փողոցը դատարկ երևալ:

Ինչ վերաբերում է ավտոբուսներին, ապա ես՝ որպես պատգամավորի թեկնածու, ավտոբուսով եմ շրջել: Մյուս թեկնածուները ևս, ովքեր եկել էին Երևանից, նրանք նույնպես միկրոավտոբուսներով էին եկել: Մենք թիմում էինք որոշել, որ միկրոավտոբուսներով շրջենք: Դա գաղտնի չէ: Ընդամենը երկու-երեք միկրոավտոբուս են:

Գյումրիում այդ հավաքի ժամանակ ես պաստառներ տեսա, որոնց վրա նշված էին մարզի մի շարք բնակավայրերի անուններ, այդ գյուղերից եկել էին, որովհետև վարչապետի թեկնածուն ժամանակի սղության պատճառով չկարողացավ գնալ հյուսիսային հատված: Դա բնականոն է, և այստեղ ես որևէ տարօրինակ բան չեմ տեսնում:

Ես ունեմ տեսանյութ, որ Ախուրյանում հորդառատ անձրևի տակ մարդիկ կանգնած մնացին մեզ հետ քարոզարշավի: Խնդրում եմ՝ գտեք այնպիսի մարդու, որին ստիպել-բերել են քարոզարշավ հանդիպման: Նման բան չի կարող լինել:

Կամ եթե նույնիսկ մարդկանց ստիպում-բերում են, նրանք չեն կարող երկար կանգնել ու վարչապետի ամեն խոսքից հետո էմոցիոնալ ազդակներ հաղորդել: Շատ կարևոր է, երբ հավաքի ընթացքում մարդկանց ջերմությունը զգում ես: Երբ Գյումրիի կենտրոնական հրապարակում ես խոսում էի, զգում էի ջերմությունը, և դա ինձ օգնում էր խոսել հրապարակում:

– Այսինքն՝ ձեր ցանկալի 60-63 տոկոս պողպատե մանդատը ստանալու շանսեր կա՞ն:

– Ես, կներեք, կանխատեսումներով չեմ ուզում զբաղվել, որովհետև դա ապաշնորհ գործ է: Չեմ կարող ասել տոկոսներ, թվեր, որովհետև քաղաքացու իրավասությունն է դա:

Ինձ համար կան չափորոշիչներ, որ, օրինակ՝ քարոզարշավը անկանխատեսելի է, և դեպքերը կարող են սրընթաց զարգանալ, ունենալ վերելք, վայրէջք, բայց այն, որ մենք Շիրակի մարզում և Հայաստանում ունենալու ենք առավելագույն քվեներ, միանշանակ է:

Ինչո՞ւ են մեր հանդիպումները բացօթյա, որ մարդիկ մեզ հետ շփվեն: Ինչո՞ւ են մյուս թեկնածուները գնում փակ դահլիճներ, որովհետև փակ դահլիճներ են վերցնում ու նախապայման են դնում՝ դահլիճ տրամադրող կողմը պետք է մարդկանց ապահովի այդ հանդիպմանը: Այդպես է եղել Ախուրյան համայնքում թեկնածուներից մեկի հետ հանդիպմանը:

– Պատերազմի հետևանքով Ադրբեջանում Շիրակի մարզից մի քանի տասնյակ գերեվարվածներ կան, որոնց հարցը այդպես էլ կառավարությունը չլուծեց, չվերադարձվեցին: Ավելին, վարչապետի ձեր թեկնածուի սկանդալային հայտարարությունը գերության մեջ նրանց երկու ամիս ավելի մնալու մասին նաև կրքեր էր բորբոքել: Արդյոք Շիրակի մարզում նրանց ընտանիքների հետ հանդիպում եղե՞լ է:

– Ճիշտ է, մինչև այժմ խնդիրը լուծված չէ: Բայց պարզ է, որ միջազգային կառույցների ու Հայաստանի կառավարության մոտեցումներն այս հարցում հստակ են: Նույն Գյումրիի քարոզարշավի օրը, վարչապետը երեկոյան քայլերթից հետո հանդիպել է գերեվարված անձանց հարազատների հետ իմ և Շիրակի մարզպետի մասնակցությամբ: Հանդիպումը փակ է եղել:

Քննարկվել են որոշակի հարցեր և այն գործընթացները, որոնք այս պահին էլ իրականացվում են: Ավելին չեմ կարող ասել, որովհետև փորձը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր ասված խոսք ազդեցություն է ունենում ու վնասում է գործընթացին:

– Կարելի՞ է կարծել, որ նման հանդիպմամբ փորձել եք ընտրություններից առաջ մեղմել ցասումը:

– Ո՛չ իհարկե, նման բան լինել չի կարող, որովհետև գերեվարվածների հարազատների հետ վարչապետի հանդիպումները ոչ առաջին, ոչ երկրորդ, ոչ երրորդ և ոչ էլ չորրորդ անգամն էին:

Ինչպե՞ս կարելի է այդպես մեղմել նրանց ցասումը, այս հարցը կմեղմվի, երբ նրանց հարազատները կվերադառնան տուն, այլ տարբերակ լինել չի կարող: Ես լիովին հասկանում եմ նրանց մոտեցումը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am