Միացյալ Նահանգների երկու երեսը. ամերիկյան դատարանը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, մինչդեռ Կոնգրեսում այդ մասին անգամ չեն ուզում խոսել

Միացյալ Նահանգների երկու երեսը. ամերիկյան դատարանը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, մինչդեռ Կոնգրեսում այդ մասին անգամ չեն ուզում խոսել
Միացյալ Նահանգների երկու երեսը. ամերիկյան դատարանը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, մինչդեռ Կոնգրեսում այդ մասին անգամ չեն ուզում խոսել
Հեղինակ MediaLab

Այն բանից հետո, երբ դեկտեմբերի 10-ին ամերիկյան դատարանը Հայոց ցեղասպանության հարցի օգտին վճիռ կայացրեց, սկսվեցին խոսակցություններն այն մասին, որ երկրի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կարող է քվեարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նախագծի օգտին: Շուտով, սակայն, Վաշինգտոնը ամենաբարձր մակարդակով հասկանալ տվեց, որ այս պահին Թուրքիայի և ԱՄՆ-ի շահերը համընկնում են:
«Վստահ եմ` հաշվի առնելով ավելի ու ավելի բարդ խնդիրները, որոնց աշխարհը բախվում է, ես կարծում եմ, որ ամերիկա-թուրքական համագործակցությունն այժմ ավելի կարևոր է, քան երբևէ։ Մեր ընդահուր շահերը, ընդհանուր արժեքներն ուժեղացնում են մեր հարաբերություններն անգամ այն ժամանակ, երբ մենք ունենում ենք որոշ անհամաձայնություններ»,– ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեկտեմբերի 19-ին թուրքական Hurriyet-ին տված հարցազրույցում:
Թուրքագետ Հայկ Գաբրիելյանի կարծիքով` թուրք-ամերիկյան շահերի համընկնումը կանախատեսելի էր:

«Չեմ կարծում, որ այն բանից հետո, երբ Թուրքիան համաձայնեց իր տարածքում տեղակայել ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրեր, Հայոց ցեղասպանության բանաձևն ընդգրկվի Կոնգրեսի օրակարգում: Այս հարցում Թուրքիան տարիներ ի վեր կիրառում է նույն հաղթաթուղթը` նշելով, որ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը խիստ բացասաբար է ազդելու թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա»,- «Մեդիալաբին» ասում է Հայկ Գաբրիելյանը:

Մինչդեռ Թուրքիայի նման զգուշացումները կարծես այնքան էլ չեն անհանգստացնում ամերիկյան դատարանին:

Դեկտեմբերի 10-ին ԱՄՆ-ի 9-րդ շրջանային վերաքննիչ դատարանը Սան Ֆրանցիսկոյում վճռել է, որ Կալիֆորնիա նահանգի օրենքը Հայոց ցեղասպանության մասին չի հակասում ԱՄՆ արտաքին քաղաքականությանը: Դատարանի որոշումը վերակենդանացրել է ցեղասպանության զոհերի երեք ժառանգների հայցն ընդդեմ գերմանական ապահովագրական ընկերությունների, այդ թվում` Munich Re AG-ի:

Նման հայցեր են ներկայացվել ընդդեմ New York Life Insurance Co.-ի և ֆրանսիական AXA-ի: Այդ հայցերի վերաբերյալ վճիռներ են կայացվել 2005-ին, որի ընդհանուր գումարը կազմել է 37,5 մլն դոլար: Դատարանը նաև որոշել է, որ ապահովագրական ընկերությունները կարող են դիմել դատարան` կրկին դատական լսումներ կազմակերպելու հայցով: Նրանք կարող են դիմել նաև ԱՄՆ գերագույն դատարան:

Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը կարևորում է այս վճիռը: Նրա կարծիքով` Ցեղասպանության խնդրի իրավական կողմերը գալիս են ապացուցելու այն, որ Թուրքիան Օսմանյան կայսրության գործած ոճրի իրավահաջորդն է:

«Թուրքիայի կառավարությունը հաճախ հրավիրում է նման կարգի բանավեճեր, թե արդյոք Թուրքիայի Հանրապետությունը հանդիսանո՞ւմ է Օսմանյան կայսրության իրավահաջորդը` պատասխանատվության առումով: Այս դեպքում, իհարկե, այդ գույքային պահանջի խնդիրը բոլորովին կարող է հերքել նման պնդումները, որովհետև Ցեղասպանությունը ոճիր է մարդկության դեմ, և անշուշտ պետք է պատժվի: Բայց ցանկացած պատժի բաղկացուցիչ մասն է թույլ չտալ հանցագործին օգտվել հանցագործության պտուղներից: Իսկ հայոց այդ բռնագրաված գույքը ամենավառ գործոններից, փաստարկներից մեկն է, որ Թուրքիայի Հանրապետությունը, այո´, պետք է ինքը պատասխանատվություն կրի»,- ասում է թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը:

Պատմաբան Էդգար Հովհաննիսյանն էլ կարծում է, որ Ամերիկան կարող է Թուրքիային պարտադրել իր դատավճիռը, սակայն ամեն ինչ կախված է նրա քաղաքական կամքից:

«Սա, իհարկե, հասարակ դատարանի վճիռ է, բայց նախադեպերը կան, երբ Ամերիկայում դատարանը դատի է տվել այլ երկրի կառավարությանը, և այդ դեպքում միգուցե Ամերիկան` որպես հզոր պետություն, կանգնի իր դատարանի վճռի թիկունքին որպես հզոր պետություն և ստիպի դա իրականացնել: Իսկ որ Ամերիկան կարող է ստիպել դատավճիռն իրականացնել, դա հաստատ է: Այստեղ գալիս է քաղաքական կամքի և քաղաքական որոշման խնդիրը»,- ասում է Էդգար Հովհաննիսյանը:

Այդուհանդերձ թվում է, թե Ցեղասպանության հարցն առաջ քաշելու համար ԱՄՆ քաղաքական կամքը, այնուամենայնիվ, չի հերիքի:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այս պահին աշխատանքներ է տանում մինչ Կոնգրեսի աշխատանքների ավարտը քննարկման դնել Հայոց ցեղասպանությունը դատապարտող թիվ 252 բանաձևը։ Կոնգրեսն իր անդամների այս կազմով կաշխատի մինչև դեկտեմբերի 21-ը, սակայն օրակարգում կան բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ, որոնք պետք է անպայման քննարկվեն, որի պատճառով հնարավոր է, որ Կոնգրեսի աշխատանքները ևս մի քանի օրով երկարաձգվեն։ Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 23 «կողմ», 22 «դեմ» ձայներով ընդունել էր Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձևը։

Այս լուրը, սակայն, անհանգստացրել է Անկարային: Երկրի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն անձամբ զանգահարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին և խնդրել ամեն ինչ ձեռնարկել հայկական թիվ 252 բանաձևի կասեցման համար: Քլինթոնն իր հերթին ասել է, որ բոլոր ջանքերը կգործադրի նման զարգացումները կանխելու համար:

Անկարայի այսպիսի հապճեպ արձագանքը, ըստ փորձագետների, ապացուցում է, որ Թուրքիան վախենում է Ամերիկայի հայկական լոբբիից ու ընդհանրապես Հայոց հարցից:

Թուրքագետ Գևորգ Պետրոսյանը հիշեցնում է, որ Թուրքիան դեռ վախենում է Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ընդունման հնարավորությունից, հատկապես Իսրայելի հետ լարված հարաբերությունների պարագայում: Թուրքիան դեռ մեծ կախում ունի Միացյալ Նահանգներից թե´ քաղաքականապես և թե´ տնտեսապես:

«Թուրքիան հաշվի է նստում հայկական լոբբիի հետ ու դեռ վախենում է: Վախենում է, քանի որ պատմական արդարությունն իր կողմը չէ, իսկ հայերը Միացյալ Նահանգներում ամենևին էլ հետին դերում չեն: Պետք է նաև նշել, որ հայկական լոբբին այժմ ավելի արհեստավարժ է, կազմակերպված, հստակ գործող կազմակերպություններ կան, ինչն ավելի է բարդացնում Թուրքիայի գործը, որն էլ փորձում է այս ամենի դեմ օգտագործել արտասահմանում բնակվող թուրքերին: Թեև այս ճակատում թուրքերը դեռ թույլ են, սակայն այժմ Դավութօղլուի գլխավորությամբ մեծ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ»,- «Մեդիալաբին» ասում է Գևորգ Պետրոսյանը:

Թուրքագետ Հայկ Գաբրիելյանն էլ հիշեցնում է, որ եթե կոնգրեսականները քվեարկեն Ցեղասպանության ճանաչման բանաձևի օգտին, դա կարող է ևս մեկ քայլ լինել, որը կարող է հետագայում ստիպել Թուրքիային կատարել ամերիկյան դատարանի վճիռը:

«Իսկապես Թուրքիայում առկա է որոշակի վախ հայկական սփյուռքի և լոբբիի հանդեպ: Այդ վախը հիմնականում պայմանավորված է հայկական սփյուռքի կողմից ժամանակ առ ժամանակ ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձևերի առաջ քաշմամբ: Չպետք է մոռանալ նաև Ցեղասպանության ժառանգների կողմից ԱՄՆ-ում Թուրքիայի դեմ դատական հայցերի ներկայացումը, որոնցում պահանջվում են միլիոնավոր դոլարների փոխհատուցում»,- «Մեդիալաբին» ասում է թուրքագետ Հայկ Գաբրիելյանը:

Լիաննա Խաչատրյան

© Medialab.am