«Միշտ եղել ենք թե՛ օրվա իշխանության, թե՛ այլ ուժերի թելադրության տակ». Ռազմիկ Դավոյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը

– Պարո՛ն Դավոյան, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց, որ ստեղծված իրավիճակի համար նույնքան մեղավոր է նաև մտավորականությունը, որ «հասարակությունը պետք է կողմնորոշվի մի նեյտրալ ուժի միջոցով, իսկ այդ ուժը ազգի մտավորականությունն է»: Համակարծի՞ք եք առաջին նախագահի այս մտքի հետ:

– Հասարակությունը մտավորականության խոսքով չի կողմնորոշվում, որովհետև այդ հասարակությունը տեսնում է, որ մտավորականությունը չի կարող ո՛չ իր թոշակն ավելացնել, ո՛չ իր աշխատավարձն ավելացնել, նույնիսկ չես կարող փող տալ, որ քո կանչը լսի:

Սա է հասարակությունը, ազգային գոյատևման բնազդներով առաջնորդվելու փոխարեն` առաջնորդվում է կողմնակի բնազդներով, որոնց մասին նշեցի:

– Այսինքն՝ անձնական շահը գերադասու՞մ է պետական շահից:

– Հասարակությունը պետական շահի զգացողությունը չունի, ցավոք: Բայց ես կոչ եմ անում հիմա, որ հասարակությունը անվերապահ, հոծ խմբերով գնա ընտրատեղամասեր և իր խղճի, մտքի, բարոյականության թելադրանքով անի իր ընտրությունը, թե ում կընտրի՝ չգիտեմ:

Ես միանշանակ հավատում եմ մարդկանց, ովքեր պետությանը և ժողովրդին նպաստող գործ են անում:

Նախկին երկու նախագահները՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, արել են այդ հսկայական գործը մեր ժողովրդի համար: Այդ երկուսն էլ կարող են հիմա մեր ժողովրդի քվեն հանգիստ խղճով ստանալ:


Այդ պատճառո՞վ է ձեր անունը այն մտավորականների ցուցակում, որոնք կոչ են անում սատարել «Հայաստան» դաշինքին, պարո՛ն Դավոյան:

Ինձ զանգահարել և ասել են՝ համաձա՞յն եք, որ այդ կոչը լինի, ես սիրով ասել եմ՝ այո՛, համաձայն եմ:

– Պարո՛ն Դավոյան, հանրության մի մասն արդեն քննադատում է այդ հայտարարությունը ստորագրած մտավորականներին:

– Մարդիկ են և կարող են իրենց տեսակետն ու տրամաբանությունն ունենալ, բայց նրանք, ովքեր երկիրն են զոհաբերում, ազգը, ու քննադատում ինչ-որ մեկին, ընդհանրապես նրանց ասածներին որևէ կերպ չեմ վերաբերվում:

Լավ, ո՞րն է այս իրավիճակում մտավորականության առաքելությունը, ի՞նչ պետք է անի մտավորականությունն այս գերլարված իրավիճակը թոթափելու համար:

– Դա պետք է անի իշխանությունը, մտավորականությունը պետք է սատարի իշխանության այդ գործելակերպը:

Եթե իշխանությունը ցանկանա մտավորականություն ունենալ՝ կունենա, և այդ մտավորականությունը դերակատար կլինի, եթե իշխանությունը չուզենա, որ մտավորականություն ունենա՝ մտավորականություն չի լինի, առավել կտրորվի:

– Փաստորեն մտավորականությունը չէ՞ր կարող անել այնպես, որ չունենայինք այն, ինչ ունենք հիմա:

– Արդեն ասացի, լսողն ո՞վ էր: Խնդիրն այն է, որ մեր պատմությամբ, ունեցած հսկա ժառանգությամբ սերունդ չենք դաստիարակել: Միշտ եղել ենք թե՛ օրվա իշխանության, թե՛ այլ ուժերի թելադրության տակ, և որոշումները չեն կայացվել այն խորքով, ինչով կայացվում են արժեքավոր որոշումները:

Մտավորականությունը չի արել, որովհետև, կրկնում եմ, իշխանությունը պետք է ցանկանա ունենալ այդ դասակարգը, բայց իշխանությունը միշտ ձգտում է մտավորականությանը ծառայեցնել իրեն՝ այլ ոչ թե հակառակը, այդպես եղել է, այդպես էլ կլինի:

– Պարո՛ն Դավոյան, մտավորականի կերպարը ո՞րն է: Ի՞նչ պետք է հասկանա, պատկերացնի մարդ, երբ լսում է «մտավորական», «մտավորականություն» բառերը: Իսկական մտավորականն ո՞վ է:

– Մտավորականություն ասելիս ամեն մեկն իրեն է պատկերացնում, տաքսու վարորդն իրեն է պատկերացնում, կոշկակարը՝ իրեն և այլն:

Իմ պատկերացմամբ՝ այն խոր բովանդակությունը, որ կա այդ բառի մեջ, մտքի բարձունքների մեջ ապրող անձնավորությունը, որը չի դավաճանում իր կոչմանը և այն, ինչ կատարվում է իր շուրջը, համարում է, որ դրա լուծումը իշխանության անելիքն է, և ինքը պետք է կատարվողի վերաբերյալ իր կարծիքն արտահայտի, հանրությանն ասի այդ մասին:

Այս որակների տեր մարդն է ինձ համար մտավորականը, բայց հիմա ամեն մեկն առաջնորդվում է իրեն հարմար մոտեցումներով ու սկզբունքներով:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am