Վանեցյանը չի բացառում, որ Հովիկ Աբրահամյանի գործարանում հայտնաբերված զենքն օգտագործվել է Մարտի 1-ին

Վանեցյանը չի բացառում, որ Հովիկ Աբրահամյանի գործարանում հայտնաբերված զենքն օգտագործվել է Մարտի 1-ին
Վանեցյանը չի բացառում, որ Հովիկ Աբրահամյանի գործարանում հայտնաբերված զենքն օգտագործվել է Մարտի 1-ին

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքում գտնված զենքը, հնարավոր է՝ առնչություն ունի Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ կիրառված զենքի հետ։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, նշելով, սակայն, որ դա դեռևս վարկած է, որը ստուգման կարիք ունի։

ԱԱԾ-ն նախօրեին տարածել էր հաղորդագրություն և տեսանյութ այն մասին, որ Մարտի 1-ի գործի շրջանակում ԱԱԾ աշխատակիցները Հովիկ Աբրահամյանին պատկանող՝ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում խուզարկությամբ հայտնաբերել են մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով ձերբակալվել են Ամբիկ Գևորգյանը, որի անվամբ ձևակերպված է գործարանը, և Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Հենրիկ Աբրահամյանը:

«Միայն կարող եմ ասել, որ մենք հայտնաբերել ենք զենքեր, որոնք, մեր նախնական օպերատիվ տվյալների համաձայն, հնարավոր է՝ օգտագործվել են մարտի 1-ի և 2-ի դեպքերի ժամանակ։ Օգտագործվել են այն անձանց կողմից, որոնք որ ներառված չեն եղել իրավապահ համակարգում»,- ասել է Վանեցյանը։

Ավելի վաղ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել էր, որ Մարտի 1-ից հետո հայտնաբերված մոտ 300 պարկուճ կա, որոնք դեռ չեն իդենտիֆիկացվել։ Վանեցյանը չի բացառել, որ այդ 300 պարկուճներից մեկը կարող է հենց Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող գործարանում հայտնաբերված զենքերից կրակված լինել։