«Պրիվե՛տ, Ռոբ» ակցիայի մասնակիցները տապալեցին Քոչարյանի ասուլիսը

«Պրիվե՛տ, Ռոբ» ակցիայի մասնակիցները տապալեցին Քոչարյանի ասուլիսը
«Պրիվե՛տ, Ռոբ» ակցիայի մասնակիցները տապալեցին Քոչարյանի ասուլիսը

Այսօր՝ օգոստոսի 14-ին, ժամը 12։00-ին, «Էրեբունի պլազայում» նախատեսված՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը տապալվեց, երբ «Պրիվե՛տ, Ռոբ» կարգախոսով բողոքի ակցիայի մասնակիցները «Քոչարյան՝ մարդասպան» կոչերով ներխուժեցին այն սրահ, որտեղ պետք է կայանար ասուլիսը։

Նշենք, որ Քոչարյանն այդ պահին դեռ չէր ներկայացել ասուլիսին։ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը չի կայանա։

Ասուլիսը տապալելուց հետո ցուցարարները երթով գնացին Գլխավոր դատախազություն՝ պահանջելու, որ Գլխավոր դատախազությունը հնարավորին արագ Վճռաբեկ դատարան ներկայացնի Վերաքննիչ դատարանի որոշումը, որով բեկանվել էր Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց սահմանելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը։

Րոպեներ անց նրանց մոտեցավ Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը և տեղեկացրեց, որ Վերաքննիչի որոշումը դեռ չեն ստացել, միայն այն ստանալուց և ուսումնասիրելուց հետո կկարողանան համապատասխան բողոք ներկայացնել։ 

Գլխավոր դատախազությունից ակցիայի մասնակիցները քայլեցին դեպի Բարձրագույն դատական խորհրդի գրասենյակ՝ պահանջելով դադարեցնել բեկանման որոշումը կայացրած դատավոր Ալեքսանդր Ազարյանի լիազորությունները։

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը Վերաքննիչ դատարանի որոշումն ապօրինի է գնահատել։

Նշենք, որ օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը բավարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների վերաքննիչ բողոքը և բեկանել Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը, ինչից հետո Քոչարյանն ազատ է արձակվել։ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը լրագրողներին ասել է, որ դատարանն այդ որոշումը կայացրել է՝ հաշվի առնելով Քոչարյանի անձեռնմխելիությունը։

Ռոբերտ Քոչարյանը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող՝  2008թ․Մարտի 1-ի գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Հուլիսի 27-ին դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց ընտրեց կալանավորումը: Պաշտպանական կողմը պնդում է, որ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: 

Քոչարյանից բացի ՀՀ քրեական օրենսգրքի նույն՝ 300.1-ին հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, իսկ Յուրի Խաչատուրովը 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել և վերադարձել Մոսկվա:

Մարտի 1-ի գործի շրջանակում արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեղադրանք է առաջադրվել նաեւ 2008թ. դեպքերի ժամանակ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանին:  Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: