«Գերմանիան իրենից կախված ամեն ինչ կանի ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման հարցում առաջընթացի համար». Մերկել

Գերմանիան իրենից կախված ամեն ինչ կանի Հայաստանի համար Եվրոպական Միության  վիզաների ազատականացման հարցում առաջընթաց ունենալու հարցում: Այս մասին Երեևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: 

«Դուք գիտեք, որ Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիների համար, որոնք ԵՄ-ի հետ ունեն նաև Ասոցացման համաձայնագիր, արդեն վիզաների ազատականացում իրականացվել է: Այդ հարցը  սերտորեն առնչվում է նաև միգրացիոն քաղաքականության հետ: Մենք ակնկալում ենք, որ այս հարցում առաջընթաց կլինի, և մենք մեզանից կախված ամեն ինչ կանենք այդ հարցում առաջընթացի հասնելու համար»,- ասել է Մերկելը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ քննարկման ընթացքում արձանագրել են, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո վերջին ամիսների վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին ամիսներին ավելի շատ մարդիկ են գալիս Հայաստան, քան հեռանում են, ինչը նշանակում է, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները, ըստ էության, ոչ թե պետք է խրախուսեն արտագաղթը, այլ պետք է խրախուսեն հայրենադարձությունը:

Համատեղ ասուլիսին անդրադարձ է եղել նաև ղարաբաղյան հակամարտությանը:

«Գերմանիան Մինսկի խմբի անդամ է, մենք խոսել ենք այն մասին, որ կարևոր է լուծել Ղարաբաղյան հակամարտությունը լավ մթնոլորտում, այդ հարցում Գերմանիան կաջակցի Հայաստանին»,- ասել է Մերկելը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի կանցլերը պաշտոնական այցով Երևան է ժամանել օգոստոսի 24-ին՝ Վրաստան կատարած այցից հետո: Երևանից Մերկելը կմեկնի Բաքու:

Անգելա Մերկելը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Կանցլերը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ, եղել է «Թումո» կենտրոնում և PicsArt ընկերությունում: