Ստեփանակերտի օդանավակայանը կբացվի ամռա՞նը. բացումը կրկին հետաձգվում է

Ստեփանակերտի օդանավակայանը կբացվի ամռա՞նը. բացումը կրկին հետաձգվում է
Ստեփանակերտի օդանավակայանը կբացվի ամռա՞նը. բացումը կրկին հետաձգվում է
Հեղինակ MediaLab

Ստեփանակերտի օդանավակայանը կբացվի ամռա՞նը. բացումը կրկին հետաձգվում է
Ամենայն հավանականությամբ Ստեփանակերտի օդանավակայանը չի բացվի այս տարվա մայիսի 9-ին` չնայած այդ մասին նախապես հնչած հայտարարություններին և դրան հետևած բուռն քննարկումներին Հայաստանում և Ադրբեջանում:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը «Մեդիալաբի» հետ զրույցում տարակուսանք հայտնեց այն կապակցությամբ, որ մամուլում շրջանառության մեջ է դրվել հենց մայիսի 9-ը:
«Ոչ մեկը օր չէր նշել, և ես չգիտեմ, թե որտեղի՞ց է շրջանառվել այդ օրը: Բացումը նախատեսված է եղել մայիսին, բայց ոչ թե հենց մայիսի 9-ին: Մեզ համար օրը կամ ամիսը կարևոր չէ, մեզ համար կարևոր է, որ օդանավակայանը լինի ապահով և համապատասխան չափանիշներով կառուցված»,- «Մեդիալաբին» ասել է Բաբայանը` հավելելով, որ հենց այդ պատճառով էլ իրենք կոնկրետ օր չեն նշում:

«Երկու անգամ օր էինք նշել, սակայն տեսանք, որ չենք հասցնում, ուստի որոշեցինք, որ այլևս կոնկրետ օր չենք նշի: Այո, աշխատում ենք, որ մայիսին լինի բացումը, բայց որ մայիսին չհասցնենք, հունիսին կբացենք»,- հավելեց Բաբայանը:

Հիշեցնենք, որ սկզբնական շրջանում նախատեսվում էր Ստեփանակերտի օդանավակայանը բացել անցյալ տարվա հոկտեմբերին:

Անցյալ տարվա սկզբին` օդանավակայանի և ուղևորային համալիրի կառուցման կապալառու «Հորիզոն-95» շինարարական ընկերության տնօրեն Գագիկ Գալստյանը «Արմենպրեսին» տեղեկացրել էր, որ երկարատև դադարից հետո Ղարաբաղում առաջին օդանավն արդեն կարող է վայրէջք կատարել 2010 թվականի հոկտեմբերին:

Հոկտեմբերին, սակայն, օդանավակայանը չբացվեց, և դրանից հետո սկսեց շրջանառվել հենց մայիսի 9-ը: Մասնավորապես, «Ազգ» օրաթերթն այս տարվա սկզբին, հղում կատարելով ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչությանը, նշել էր, որ օդանավակայանը շահագործման կհանձնվի հենց մայիսի 9-ին:

ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը, սակայն, «Մեդիալաբի» հետ զրույցում պնդում է, որ խոսքը ոչ թե բուն վերջնաժամկետի, այլ` միջանկյալ վերջնաժամկետների մասին է եղել:

«Օրինակ` հոկտեմբերի հետ կապված մենք նկատի ունեինք ոչ թե այն, որ այդ օրը պետք է բացվի օդանավակայանը, այլ որ այդ օրը շինարարները պետք է արդեն հեռանան տարածքից: Մենք այդ հարցը մի քիչ ուշացրինք. շինարարները հեռացան նոյեմբերից հետո»,- «Մեդիալաբին» փոխանցեց Ադբաշյանը:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է մայիսին ավարտին հասցնել բոլոր աշխատանքները, Ադբաշյանը նշեց, թե օդանավակայանի շենքում դեռ տեխնիկական սարքավորումներ պետք է տեղադրվեն: Ըստ Ադբաշյանի, այսօր` ապրիլի 11-ին, Ղարաբաղ է հասել այդ տեխնիկական սարքավորումների վերջին խմբաքանակը, ապրիլի 18-ին Ղարաբաղ պետք է ժամանեն մասնագետներ, ովքեր պետք է օդանավակայանում տեղադրեն այդ սարքավորումները:

«Հիմա մայիսն արդեն քթներիս է, ինչպե՞ս կարող ենք հասցնել օդանավակայանը մայիսի 9-ին բացել»,- նշեց Ադբաշյանը` հավելելով, որ, իր կարծիքով, ամենայն հավանականությամբ օդանավակայանը կբացվի ամռան կեսին:

Օդանավակայանի բացմանն առնչվող ամենակարևոր հարցերից է մնում նաև թռիչքների անվտանգության հարցը: Հիշեցնենք նաև, որ Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի պետական վարչության ղեկավար Արիֆ Մամեդովը հայտարարել էր, որ եթե Ղարաբաղի իշխանությունները վերաբացեն Ստեփանակերտի օդանավակայանը, ապա Ադրբեջանը կհարվածի Լեռնային Ղարաբաղ ուղևորվող օդանավերին, քանի որ, ըստ նրա, այդ տարածքը համարվում են ադրբեջանական տարածք:

«Լեռնային Ղարաբաղի օդային տարածքը գտնվում է Ադրբեջանի իշխանությունների տնօրինության տակ, այն փակ է, և համաձայն «Ավիացիայի» մասին օրենքի` մենք կարող ենք վերացնել օդանավերը, որոնք ուղևորվում են այդ տարածաշրջան»,- ըստ «Ֆրանսպրեսի» ասել էր Մամեդովը:

Այդ կապակցությամբ Ադբաշյանը «Մեդիալաբին» իր զարմանքը հայտնեց` նշելով, թե տարակուսում է` ինչպե՞ս կարող է քաղաքացիական ավիացիայի ներկայացուցիչը, որն առնչություն չունի անգամ զինված ուժերի հետ, նման հայտարարություն անել: Ադբաշյանը նաև հիշեցրեց, որ Ադրբեջանը Քաղաքացիական ավիացիայի միջազգային կոմիտեին` ICAO-ին, անդամակցելիս համաձայնագիր է ստորագրել, որ քաղաքացիական օդանավերի չի հարվածելու:

«Ի՞նչ իրավունք ունի այդ մարդը նման հայտարարություն անել»,- փոխանցեց Ադբաշյանը: Վերջինս, սակայն, դժվարացավ պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք հայկական կողմը բանակցում է ICAO-ի հետ` դեպի Ստեփանակերտ թռիչքների անվտանգության հարցը լուծելու համար:

«Ես տեղյակ չեմ` արդյոք նման բանակցություններ ընթանո՞ւմ են, թե՞ ոչ»,- պատասխանեց ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Երևան-Ստեփանակերտ ավիաթռիչքի առաջին ուղևորն ինքն է լինելու:

Քրիստինե Խանումյան

© Medialab.am