«Ի դեմս ապահովագրական համակարգի՝ մենք ունենում ենք միջնորդ, որը կանգնած է հավանական հիվանդի կողքին». Արարատ Մկրտչյան

«Մեդիալաբի» զրուցակիցն է առողջապահության նախկին նախարար, առողջապահության կազմակերպիչ Արարատ Մկրտչյանը

– Պարո՛ն Մկրտչյան, առողջապահության նախարարությունը դարձյալ շրջանառության մեջ է դնում ապահովագրական համակարգի ներդրման մասին ռազմավարությունը: Ես հիշում եմ՝ դուք այդ համակարգի ներդրման ջատագովն էիք, բայց չհաջողեց ներդնել: Ծանո՞թ եք այս նախաձեռնությանը, արդյոք այն ձեր պատկերացրած մոտեցո՞ւմն էառաջարկում, և ի՞նչ կարծիք ունեք:

– Այո՛, իրավացի եք, ես միշտ ցանկացել եմ ներդնել ապահովագրական համակարգը Հայաստանում, և երևակայեք՝ այո՛, որովհետև պարտադիր բժշկական ապահովագրություն ներմուծելու գաղափարն արդիական է: Հիմա արդեն եվրոպական գրեթե բոլոր երկրները այդ համակարգի վրա են հիմնված:

– Այսինքն՝ քաղաքացին վճարում է հարկ՝ իր առողջության ապահովման համա՞ր:

 – Տեսեք՝ մեխանիզմները տարբեր են: Օրինակ՝ Ռուսաստանում բժշկական ապահովագրությունը 1993 թվականից գործում է, և այնտեղ 100 տոկոս գործատուն է վճարում, իսկ ահա եվրոպական մի շարք երկրներում բժշկական ապահովագրությունը ներմուծված է համերաշխության սկզբունքով. մի մասը ամեն ամիս գործատուն է վճարում, մյուսը՝ քաղաքացին: Որոշակի խավ կա, որոնց աշխատավարձի ցածր չափը հաշվի առնելով, ինչպես նաև թոշակառուների, սոցիալապես անապահով խավի ապահովագրողը պետությունն է: Սա շատ բարդ համակարգ է՝ բարդ մեխանիզմներով:

– Հայաստանում խոսվում է առողջության հարկատեսակ սահմանելու մասին:

– Գիտեք՝ տարբեր երկրներում տարբեր կերպ է անվանվում, և այդ խնդիրները ինձ այդքան չեն հուզում: Ինձ համար կարևոր է, որ սոցիալական համերաշխության սկզբունքն է ներդրվում, երբ առողջը վճարում է հիվանդի համար, երիտասարդը՝ ծերի համար, հարուստը՝ աղքատի համար:

Առողջապահության բնագավառում սոցիալական ապահովագրության համակարգը և դրա պարտադիր լինելը հանգեցնում են նրան, որ մարդը բուժօգնության դիմելիս հասկանում է՝ իր թիկունքին ունի իր շահերը պաշտպանող ապահովագրական ընկերություն, որը և՛ վճարում է բուժօգնության համար, և՛ վերահսկում է, որ մատուցած ծառայությունները լինեն երկրում ընդունված որակի չափորոշիչներին համապատասխան:

Այսինքն՝ այսօր քաղաքացին բուժօգնություն ստանալիս մեն-մենակ է մնում առերեսվող բժշկական, առողջապահական համակարգի հետ: Ի դեմս ապահովագրական համակարգի՝ մենք ունենում ենք միջնորդ, որը կանգնած է հավանական հիվանդի կողքին:

Համակարգի մասին հիմա հայեցակարգային մոտեցումների ժամանակաշրջանն է, կլինեն քննարկումներ ու կբերեն որոշակի դրական տեղաշարժերի:

Առաջին հայացքից շատ պարզունակ է ասել՝ հարկ վճարեցիր, ուրեմն կհոգան քո բժշկական կարիքները: Չէ՞ որ համակարգն ինքնին բարդ է, ու բարդ մեխանիզմներ է պահանջում կիրառել:

Շատ հնարավոր է, որ կառավարությունը որոշում է ընդունում, որ 100 տոկոս գործատուն է վճարում առողջապահական ապահովագրության համար, ինչպես Ռուսաստանում է: Շատ հնարավոր է՝ կիսվեն ներդրումները՝ մի որոշ մասը գործատուն, մեկ այլ մասն էլ՝ պետությունը:

Քննարկումներ են ընթանում, որ համակարգը ներդրվի 2023-ին, և հիմա կարծես իրազեկում է մեկնարկել, այո՛, պետք է հանրության հետ խոսել, և եթե հանրությունը դեմ է այդ հարկը տալուն, թող որոշվի դիմեն այլ քայլերի: Ի վերջո կարելի է ընտրել Ռուսաստանի տարբերակը:

– Այսինքն գործատուն վճարի՞ ապահովագրության վճարը, դա բեռ չի՞ լինի գործատուի համար:

– Բա ի՞նչ անենք, լավ: Բայց, մյուս կողմից՝ այդ համակարգը պետք է ներդրվի, չէ՞: Այդ բեռը Վրաստանում իր գործատուների ու քաղաքացիների վրա, Ուկրաինայում՝ նույնպես: Կարող ենք չներդնել, թողնել այս վիճակում, եթե գոհ ենք այս վիճակից՝ թող մնա: Կարելի է ավելի ծայրահեղ քայլերի գնալ, կան երկրներ, որ գնացել են: Օրինակ՝ պետությունը չի վերցրել իր վրա, և տասնյակ ընկերություններ լիցենզավորվում են ու իրականացնում ապահովագրություն: Կարող են նաև նման ծայրահեղ քայլի գնալ, ասեն՝            բուժօգնություն չի մատուցվելու այն քաղաքացուն, որն ապահովագրված չէ: Եվ, այո՛, երկրներ կան, որ գնացել են այդ քայլին:

Ինձ շատ դուր է գալիս, որ նախարարությունը նման քննարկումներ է ծավալում, հավատացած եմ՝ լսումներ կանեն, հանրության հետ կխոսեն, ու կներդրվի ճկուն համակարգ: Չպետք է ի սկզբանե խուճապահար տրամադրություններ սերմանել, պետք է փորձել քաղաքակիրթ աշխարհի նման քայլեր իրականացնել:

Խնդրեմ՝ Մերձբալթյան երկրները 90-ականների սկզբներին անցել են պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգի և բավականին լավ արդյունքներ են գրանցում: Երկրներ են, որոնք մեզ հետ համահունչ սոցիալ-տնտեսական իրավիճակում էին այն ժամանակ, բայց չեն վախեցել ու արել են կտրուկ քայլեր:

– Պարո՛ն Մկրտչյան, իսկ ի՞նչն էր խանգարում ժամանակին գնալ կտրուկ քայլերի, քաղաքական կա՞մքն էր բացակայում, թե՞ այլ պատճառներ կային:

– Պարտադիր առողջապահական համակարգի ներդրման հետ մեկտեղ մենք ոչ միայն ֆինանսական խնդիր ենք լուծում, հոսքեր են ապահովում, այլև դրա հետ մեկտեղ առողջապահության համակարգի բարելավման, օպտիմալացման, արդիականացման գործընթաց կսկսվի՝ որակի, կառուցվածքային տեսանկյունից: Այդ է պատճառը, որ մինչև հիմա դա չի արվել: Այո՛, քաղաքական կամքի բացակայության խնդիրն էր պատճառը: Եթե քաղաքական կամք լիներ, և ներդրողները համոզվեին, որ այդ նախաձեռնությունը ճիշտ էր, ապա դա կներդրվեր:

Ես կողմնակից եմ, որ փորձարարական ծրագիր իրականացվի մի որոշ սոցիալական խմբի համար, հետո սկսեն տարածել: Հետո շատ հետաքրքիր կլինի ուսումնասիրել, լսել մասնավոր ընկերությունների փորձը, որոնցում երկար տարիներ է՝ ինչ ներդրված է այդ համակարգը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am