Խոհեմ որոշում. չնայած հնարավոր հիասթափությանը, երկխոսությունն ըստ վերլուծաբանների «փոխշահավետ» իրավիճակ կստեղծի

Խոհեմ որոշում. չնայած հնարավոր հիասթափությանը, երկխոսությունն ըստ վերլուծաբանների «փոխշահավետ» իրավիճակ կստեղծի
Խոհեմ որոշում. չնայած հնարավոր հիասթափությանը, երկխոսությունն ըստ վերլուծաբանների «փոխշահավետ» իրավիճակ կստեղծի

Ավելի քան եռամյա հակընդդեմ մեղադրանքներից և սուր քննադատությունից հետո, երեկ` մայիսի 31-ին, Երևանի կենտրոնում հավաքված ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ը պատրաստ է «իշխանության հետ ֆորմալ, այսինքն` պատվիրակությունների մակարդակով երկխոսության»:
«Առաջիկա օրերին մենք կորոշենք մեր պատվիրակության կազմը, որը բաղկացած կլինի 3–5 հոգուց, և իշխանությանը կներկայացնենք երկխոսության մեր օրակարգը: Կոնգրեսի օրակարգը հայտնի է՝ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացում, բայց դա չի նշանակում, թե մենք չպետք է հաշվի առնենք նաև իշխանության ներկայացրած օրակարգն ու հակաառաջարկները, այլապես կխախտվի կողմերի իրավահավասարությունը»,- հայտարարել է Լևոն Տեր-Պետրոսյանը:
Վերլուծաբանները համոզված են, որ թե´ երկխոսության մասին խոսելը և թե´ միաժամանակ արտահերթ ընտրություններ պահանջելը, ինչը իշխանությունը դեռևս ամիսներ առաջ ոչ թե «երկխոսություն, այլ ուլտիմատում» էր որակել, ընտրազանգված չկորցնելու համար է արվում:

«Ռացիոնալ մոտեցում է, Լևոն Տեր-Պետրոսյանը գիտակցում է, որ չի կարող այլ կերպ մոտենալ, և, ըստ երևույթին, ընդունում է, որ իշխանություններն էլ իրենց օրակարգն ունեն, սակայն արտահերթ ընտրությունների հայտարարություններն արվում են մարդկանց չհիասթափեցնելու համար»,- ասում է անկախ քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը:

Սկզբում երկխոսությունների դուռը փակ էր, իսկ հետո, երբ ընդդիմության առաջնորդը իր ելույթներում զգալիորեն թեթևացրեց մեղադրանքներն իշխանությունների հասցեին, իշխանություններն էլ սկսեցին զիջումների գնալ` բացելով Ազատության հրապարակը, սկսելով մարտիմեկյան իրադարձությունների նոր հետաքննություն և համաներում հայտարարելով, շատերը սկսեցին խոսել փակ դռների հետևում տարվող իշխանություն-ընդդիմություն գաղտնի պայմանավորվածության մասին:

Թեև Լևոն Տեր-Պետրոսյանն ի պատասխան հայտարարել է, թե «երկխոսությունն ամենևին սիրաբանություն, գրկախառնություն կամ միմյանց մասին ունեցած կարծիքների վերանայում չի նշանակում», այնուամենայնիվ վերլուծաբանները պնդում են, որ ներքաղաքական փոփոխությունները ոչ միայն լարվածությունն են թուլացնելու:

«Ես ուրախ եմ, որ ընդդիմությունն ու իշխանությունները լեզու են գտնում իրար հետ,-«Մեդիալաբին» ասում է մասնագիտությամբ մեխանիկ` 25-ամյա Ալինա Ավագյանը,- նշանակում է` մեր երկրում կայունություն ու հստակություն կպահպանվեն, առանց վայրիվերումների»:

Սակայն 43-ամյա կահույքագործ Վարդան Այվազյանն ասում է, որ երբ երկրում բևեռացվում է ամեն ինչ, երբ տարեցտարի սոցիալական վիճակը չի շտկվում, և շատերը բռնում են արտագաղթի ճանապարհը, իր համար անընդունելի է «զենքերը վայր դնելը»:

«Իրականում ես խորապես հիասթափված եմ,- «Մեդիալաբին» ասում է նա: – Մի՞թե այսքան տարի պայքարելուց հետո մեր նպատակը երկխոսությունն էր այս ֆորմատով: Ես ավելի մեծ ակնկալիքներ ունեի ու կարծում էի` մեծ փոփոխությունների համար եմ պայքարում»:

Անկախ քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցն ասում է, որ ընդդիմության` երկխոսության գնալու հայտարարությունը թեև շատերին հիասթափություն առիթ է տվել, սակայն իրականում նման կերպ կարելի է երկրում լուրջ փոփոխությունների ակնկալիքներ ունենալ:

«Մարդկանց մի խումբ, ովքեր արագ սպասելիքներ ունեն, հեղափոխության կողմնակից են, այս պարագայում դժգոհ կմնան,- «Մեդիալաբին» ասում է Սուրենյանցը: – Սակայն իրականում այս երկխոսությունը հեռանկարում շահեկան իրավիճակ կստեղծի երկու կողմերի համար: Առանց երկկողմանի զիջումների չի կարելի ոչ մի փոփոխություն ակնկալել»:

Նա նշում է, որ իշխանությունը կբարեփոխվի, մրցակցային իրավիճակ կձևավորվի, և առաջիկայում որակապես ավելի լավ ընտրություններ կանցկացվեն:

Սակայն, ի տարբերություն նրա, մեկ այլ քաղաքական վերլուծաբան համոզված է, որ, ի վերջո, երկու կողմերն էլ եկել են մի որոշման` մտածելով իրենց մասին:

«Իրականում տեղի է ունենում մի գործընթաց, երբ իշխանություններն ու ընդդիմությունը եկել են համաձայնության, և ըստ երևույթին երկխոսություն ասածը ոչ թե արտահերթ ընտրությունների կամ էլ մարդկանց սոցիալական խնդիրների շուրջ կլինի, այլ իշխանությունը բաժանելու»,- «Մեդիալաբին» ասում է Երվանդ Բոզոյանը:

Իշխանությունն ի դեմս ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի արդեն իսկ արձագանքել է ընդդիմության առաջարկին:

Հունիսի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Աբրահամյանը ողջունելի է համարել Լևոն Տեր-Պետրոսյանի` իշխանությունների հետ երկխոսության գնալու պատրաստակամությունը` նշելով, թե երբ «արմատական ընդդիմությունը նման առաջարկ է ներկայացնում իշխանություններին, իմ կարծիքով՝ հանրապետության նախագահը կգնա այդ քայլին, և կկազմակերպեն այդ երկխոսությունը, որը, իհարկե, համոզված եմ, բխելու է Հայաստանի Հանրապետության և ժողովրդի շահերից»։

Երկրի ընդդիմադիր մյուս ուժը` «Ժառանգությունը», որը վերջին զարգացումների ֆոնին հայտնվել է ստվերում, վստահություն է հայտնել, որ ՀԱԿ-ն ու իշխանությունը երկխոսության արդյունքում կհասնեն համաձայնության:

«Ժառանգության» պատգամավոր, առանցքային գործիչ Արմեն Մարտիրոսյանն ասել է, թե համոզված է, որ երկու կողմերը երկխոսության արդյունքում օրակարգի կգան:

«Քանի որ կողմերը պատրաստ են փոխզիջումների, մնացած հարցերում էլ կգան համաձայնության»,- ասում է Մարտիրոսյանը` նշելով, թե այդ ֆորմատով երկխոսությունը այնուամենայնիվ չի համընկնում Տեր-Պետրոսյանի` նախկինում հռչակած մոտեցումներին և «հեռու է հասարակության ակնկալիքներից»:

© Medialab.am