«Միակ տրամաբանական եւ ընդունելի ճանապարհը». Սերժ Սարգսյանը խոսեց երկխոսությունից

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր արձագանքել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսությանն առնչվող հարցերին` նշելով, թե «երկխոսության, քննարկումների միջոցով առկա խնդիրներին լուծումներ գտնելով առաջ շարժվելը միակ տրամաբանական եւ ընդունելի ճանապարհն է մեր ժողովրդի հոգսերով ու մեր երկրի զարգացմամբ մտահոգ ուժերի համար»:
«Բոլոր մյուս ճանապարհները հղի են լուրջ վտանգներով եւ անխուսափելի կորուստներով: Այս մասին մենք բարձրաձայնել ենք անընդհատ եւ այսուհետ եւս չենք զլանալու կրկին ու կրկին հիշեցնել նույնը: 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո իմ առաջին իսկ հրապարակային խոսքը բոլոր քաղաքական ուժերին և հասարակական միավորումներին ուղղված համագործակցության կոչն է եղել: Հետագա ամբողջ ժամանակահատվածում իշխանության գործելաոճը մնացել է նույնը»,- հայտարարել է Սարգսյանը:

 

Նա նշել է, թե իշխանությունները ոչ միայն բաց են եղել ցանկացած քաղաքական ուժի հետ համագործակցելու առումով, այլեւ իրենք ենք ձեւավորել համապատասխան մեխանիզմներ:

«Արտախորհրդարանական կուսակցությունների հետ աշխատանքի ձեւաչափը հնարավորություն տվեց համադրել քաղաքական դաշտում առկա մոտեցումները մեր երկրի ու մեր ժողովրդի համար կենսական ամենակարևոր հարցերի շուրջ: Հանրային խորհրդի ստեղծումը եւս նպատակ ուներ որոշումների կայացման գործընթացում հանրության առավել լայն հատվածների ներգրավվածությունն ապահովել, եւ մենք մշտապես հաշվի ենք առնում այդ կառույցից եկող առաջարկները: Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսության նախաձեռնությունն էլ մերն է: Մենք ենք սկսել այդ գործընթացը, եւ դա եղել է ոչ թե որևէ կողմից ճնշման հետևանք, ինչպես փորձում են ներկայացնել այդ երկխոսությունից շփոթված առանձին ուժեր, այլ ուղղակի արդյունքն է մեր խորը գիտակցված համոզմունքի»,- հայտարարել է Սարգսյանը:

Սարգսյանը նշել է նաեւ, թե դրական է գնահատում Հայ ազգային կոնգրեսի հետ վերջին ամիսների իրենց աշխատանքը եւ հույս հայտնել, որ «երկուստեք հասկացվածություն կա այն մասին, որ սկսված գործընթացը պետք է համատեղ ուժերով պահպանել ու առաջ տանել»:

«Ստեղծածը քանդելը ամենահեշտն է, քաղաքական հասունությունն արտահայտվում է ստեղծածի վրա ավելացնելու ունակությամբ: Կարծում եմ, եթե կողմերը կարողանան խուսափել մեկքայլանի, լավ չկշռադատված առաջարկներով միմյանց եւ գործընթացը փակուղի տանելու գայթակղությունից, ապա հնարավոր կլինի հաստատուն կերպով առաջ գնալ եւ շատ ավելի մեծ օգուտներ բերել մեր ժողովրդին ու մեր երկրին: Այս տեսանկյունից ամենակարեւոր սկզբունքը հստակ է. վերջնագրերն անթույլատրելի են, վերջնագրերի լեզվով միմյանց հետ խոսելը` ոչ մի տեղ տանող գործելաոճ: Իսկ երկխոսությունը բանակցությունների վերածելու փորձերն ուղղակի անընդունելի են»,- հայտարարել է Սարգսյանը:

Մեկ անգամ եւս կրկնելով, թե իշխանությունները միշտ բաց են եղել եւ պատրաստ ցանկացած քննարկման, Սարգսյանը հավելել է, թե եթե կան քաղաքական ուժեր, որոնք ունեն կոնկրետ ու ողջամիտ առաջարկություններ, իշխանությունները պատրաստ են կոնկրետ լուծումների:

«Եթե ՀԱԿ-ին մեր ժողովրդի հոգսերի եւ մեր երկրում առկա բազմաթիվ խնդիրների շարքում սոսկ ընտրություններն են հետաքրքրում, ապա ԱԺ նախագահը պատրաստ է անձամբ ընդունել ներկայացուցիչների այդ քաղաքական կառույցի ղեկավար կազմից եւ լսել նրանց: Եթե, այնուամենայնիվ, առաջ կքաշվեն նաև առաջարկություններ, որոնք ուղղված կլինեն մեր տնտեսության վերելքին եւ երկրում առկա սոցիալական խնդիրների լուծմանը, ապա վարչապետն անձամբ է պատրաստ ընդունել եւ քննարկել դրանք: Հանրապետության նախագահի միջամտությունը պահանջող հարցերի առկայության դեպքում նախագահի աշխատակազմի ղեկավարը կարող է ընդունել եւ քննարկել»,- հայտարարել է Սարգսյանը:

Իսկ եթե անընդունելի բանակցությունների փոխարեն, Սարգսյանի խոսքով, «Հայ ազգային կոնգրեսն իրապես պատրաստ է շարունակել երկխոսությունը երկրի զարգացման ուղեգծին, արտաքին ու ներքին քաղաքականությանն առնչվող կարեւորագույն հարցերի լայն շրջանակում եւ ցանկություն ունի դա իրականացնել միայն հատուկ նշանակված մարդկանց միջոցով, ապա կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները կարող են նստել քննարկումների սեղանի շուրջ»:

«Քաղաքական կոալիցիան պատրաստ է նմանօրինակ քննարկումների բոլոր քաղաքական ուժերի հետ, որոնք ունեն կոնկրետ առաջարկություններ: Մենք կարևոր ճանապարհի վրա ենք, և այդ կարևորությունը միայն այսօրվա համար չէ: Վստահ եմ, եթե սթափությունը չլքի մեզ, մենք կկարողանանք արմատավորել անկախ Հայաստանի համար խիստ կարևոր քաղաքական նոր մշակույթ»,- հավելել է Սարգսյանը:

Նշենք, որ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն առայժմ որեւէ մեկնաբանություն չի տալիս Սարգսյանի հայտարարության վերաբերյալ: Ակնկալվում է, որ օրվա վերջում` Կոնգրեսը կարտահայտի իր դիրքորոշումը:

© Medialab.am