«Այո՛, այս որոշման մեջ կան լրագրողների աշխատանքը սահմանափակելու տարրեր»․ Աշոտ Մելիքյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը

Պարո՛ն Մելիքյան, ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստում 13 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց խորհրդարանում լրագրողների աշխատանքը, այսպես կոչված, կանոնակարգելուն միտված որոշումը, որի համաձայն լրագրողներն իրենց աշխատանքային պարտականությունները կկատարեն նիստերի դահլիճի դիմաց գտնվող սրահում, օթյակում և խորհրդարանի շենքի այգում: Այս որոշումը կարգավորում համարո՞ւմ եք:

– Եթե դիտարկենք, որ սա կարգավորում է, իմ կարծիքով՝ այն կարգավորում է ըստ խորհրդարանի ղեկավարության ճաշակի ու ցանկությունների: Այս որոշումն ընդունվեց առանց լուրջ քննարկումների ու լրագրողների կարծիքների անտեսմամբ:

Իհարկե, խորհրդարանում կային տեսարաններ, որոնք տհաճ էին, երբ, ասենք, լրագրողները խմբով վազում էին այս կամ այն պատգամավորի հետևից, ամեն մեկն իր հարցերն էր տալիս՝ առանց հարգելու գործընկերոջը, նախապես չհամաձայնեցված մտնում էր պատգամավորի սենյակ, սրանք անշուշտ պետք էր կարգավորել, բայց համատեղ քննարկման արդյունքում:

Այս որոշումն ավելի շատ հարմարեցված է խորհրդարանի ղեկավարությանը, և հաշվի չի առնվել այնպիսի կոնֆլիկտային իրավիճակներ, ինչպես, օրինակ՝ այն օրը, երբ անվտանգության աշխատակիցները մտան լրագրողների համար նախատեսված օթյակ և խոչընդոտեցին նրանց աշխատանքը: Այս որոշումը լուծո՞ւմ է նմանատիպ իրավիճակները, կարծում եմ՝ ոչ: Կամ՝ արդյոք լուծվա՞ծ է այն հարցը, երբ, օրինակ՝ պատգամավորը խլում է որևէ լրագրողի խոսափողը ու փակվում իր սենյակում:

-Այս որոշմամբ՝ լրագրողների աշխատանքը որքանո՞վ արդյունավետ կլինի, խորհրդարանի անցուդարձի լիարժեք լուսաբանում կլինի՞:

– Մեծ հաշվով, այն հնարավորությունները, որոնք կան, բավարար են, որպեսզի լրագրողը կարողանա աշխատել: Նիստերի դահլիճի մոտ գտնվող սրահը հնարավորություն է տալիս լրագրողներին պայմանավորվել պատգամավորների հետ՝ առանձին կամ ընդհանուր հարցազրույցների համար: Օթյակի աշխատանքն էլ չեն արգելել: Իհարկե, նախորդի համեմատ սրանք կարող են քիչ թվալ, բայց այնպես չէ, որ պրոֆեսիոնալ աշխատանքի պարագայում լրագրողները չեն կարողանա շփվել պատգամավորների հետ:

Ինձ մտահոգում է այն, որ այդ տհաճ կոնֆլիկտները անդրադարձան միայն լրագրողների վրա, իսկ պատգամավորներն անմասն մնացին: Պետք է հնարավորություն տրվեր, որ նույն լրագրողների բողոքների հիման վրա որոշ ընթացակարգեր սկսվեին՝ պատգամավորների վարքի հետ կապված:

Այնուամենայնիվ, այս որոշումը լրագրողների աշխատանքի, խոսքի ազատության սահմանափակում համարո՞ւմ եք, պարո՛ն Մելիքյան:

– Քանի որ որոշումը միակողմանի է և հարմարեցված միայն իշխանությանը, և հաշվի չի առնվել լրագրողների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու հանգամանքը, այո՛, այս որոշման մեջ կան սահմանափակումների տարրեր, և անհրաժեշտություն կա կարգավորել նաև պատգամավորների վարքագիծը՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հարաբերվելիս:

Նմանատիպ որոշում ընդունելու իշխանության նպատակը ո՞րն էր:

– «Հարմարավետ» պայմաններ ստեղծել պատգամավորների համար, որովհետև ունենք պատգամավորներ, որոնք չեն ձգտում շփվել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և գերադասում են այդ շփումները հասցնել նվազագույնի: Մեծ հաշվով գլխավոր նպատակը սա է, և դա իրականացնելու համար՝ որպես պատրվակ բերում էին, օրինակ՝ խոսափողներն իրենց շատ մոտ պահելու հանգամանքը, միաժամանակ հարցեր տալը, պատգամավորների ազատ տեղաշարժը խոչընդոտելը և այլն:

Ցավոք, կարգավորումները վերաբերեցին միայն լրագրողներին, իսկ պատգամավորների վարքագծին՝ ոչ, ինչը ևս բազմաթիվ խոցելի տեղեր ունի:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am