«Բանակում սեռական բռնությունը փակ թեմա է, և նման դեպքերի քննությունն անաչառ չի կատարվում». Ժաննա Ալեքսանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը

Տիկի՛ն Ալեքսանյան, ՀՀ քննչական կոմիտեն նոր մանրամասներ է ներկայացրել Սյունիքի մարտական հենակետերից մեկում երեք զինծառայողի մահվան հանգամանքների հետ կապված: Ձերբակալվել է դիրքի ավագը, որը ևս ժամկետային զինծառայող է, զինծառայողներին ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելուն դրդելու և ծառայակցի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով: Ի՞նչ կարող եք ասել այս առնչությամբ:

– Քննչական կոմիտեին կմաղթեի անաչառ քննություն կատարել, հատկապես որ սեռական բռնության մասին են հայտարարում: Կուզենամ, որ քննությունը լինի բազմակողմանի, օբյեկտիվ, որպեսզի որևէ անմեղ մարդ չտուժի: Կատարված հանցագործությունը պետք է բացահայտվի ամենայն խորությամբ, որը կնպաստի հետագայում նման հանցագործությունների բացառմանը:

Բանակում տարբեր երևույթների, արատավոր արարքների մասին բազմիցս ենք լսել, բայց սեռական բռնությունը բանակում սպասելի՞ էր ձեզ համար:

– Այո՛, սպասելի էր, քանի որ մենք ունեցել ենք սեռական բռնության մեղադրանքով քրեական գործեր: Հատուկ շեշտում եմ, որ Քննչական կոմիտեն պետք է անաչառ ու բազմակողմանի կատարի այդ քննությունները, որպեսզի պարզ դառնան բոլոր հանգամանքները, թե ինչու է դա բանակում հնարավոր: Նմանատիպ երեք ու ավելի դեպք մենք ունեցել ենք:

Բանակում սեռական բռնությունը մի տեսակ փակ թեմա է, և բանակում ավելի շատ հակված են նման թեմաները կոծկելու, բայց եթե հիմա Քննչական կոմիտեն բարձրաձայնում է այդ մասին, սպասենք քննության ընթացքին ու զարգացումներին: Մենք ևս հետևելու ենք գործի ընթացքին և հանդիպելու ենք բոլոր կողմերի՝ մեղադրյալ և տուժող կողմի հետ:

Տիկի՛ն Ալեքսանյան, նկատի ունեք , որ անցած տարիներին բանակում կատարված նմանատիպ դեպքերը կոծկվե՞լ են:

– Այո՛, մենք ունեցել ենք նման քրեական գործեր, որոնց քննությանը մեր կազմակերպությունը ևս մասնակցել է: Նմանատիպ երկու գործով զբաղվել է մեր փաստաբանը: Մի դեպքում հրամանատարական կազմից ինչ-որ մեկն էր սեռական բռնության ենթարկել զինվորին, մյուս դեպքում կատարողները հայտնի չէին, մի խեղճ ու կրակ զինվորի վրա էին բարդել ամեն ինչ, որն ինքնասպան էր եղել:

Նորից շեշտեմ, եթե օբյեկտիվ քննություն չկատարվի, հանցագործությունը չի բացահայտվի: Հիմա այս հաղորդագրության մեջ տեսնում ենք, որ բոլոր մասնակիցները շարքային զինծառայողներ են, փաստորեն ամեն ինչ դրվում է ժամկետային զինծառայողների վրա, ամենամտահոգիչը սա է:

Իսկ ձեր նշած նույնաբովանդակ դեպքը, որում ներգրավված էին նաև սպայական կազմի ներկայացուցիչներ, ի՞նչ ավարտ ունեցավ, սպայական կազմից պատասխանատվության ենթարկվող եղա՞վ:

– Գործը դատարան էր մտել, և այդ տղան՝ մեր աջակցությամբ, վկայություն էր տալիս, որ սպան է եղել սեռական բռնության հեղինակը, բայց չպատժեցին այն մոտեցմամբ, թե զինվորն ո՞վ է, որ սպան նրա համար դատվի: Բայց նրա մեղավորությունը հաստատվել էր դատաբժշկական փորձաքննությամբ, իսկ հետո՝ ավելի ուշ, երբ այդ տղային բերել էին փորձաքննության, բժիշկը պարզել էր, որ զինվորի կողերը կոտրված են, ինչն էլ հաստատել էր նաև ծեծի դեպքը: Հասկանալի պատճառներով, բնականաբար, անուններ չեմ տալիս:

Շատ ուրախ կլինեմ, որ այս դեպքում էլ նույնը չկրկնվի: Սա կլինի բացառիկ դեպք, եթե նրանք բացահայտեն և հայտնաբերեն իրական մեղավորներին: Ուղղակի մի քիչ տարօրինակ է, որ մեղադրվում են միայն շարքայինները:

Մեծ հույսեր չունե՞ք, որ Քննչական կոմիտեն կբացահայտի իրական մեղավորներին, տիկի՛ն Ալեքսանյան:

– Հայաստանում նման գործերն անաչառորեն չեն բացահայտվում, ես ո՞նց կարող եմ հույս ունենալ: Շատ կուզեի, եթե բացահայտեն՝ նաև անպատժելիությունը կվերանա, իսկ երբ թաքցնում են իրական կատարողին, նշանակում է, այդ դեպքերը շարունակվելու են:

Այսինքն՝ իրական մեղավորներին թաքցնելու և կատարված հանցագործությունները լիարժեք չբացահայտելու հետևանքո՞վ են բանակում նման արատավոր դեպքերը շարունակվում:

– Դրա հետևանքով ձևավորվում է անպատժելիության մթնոլորտ, որն էլ իր հերթին ծնունդ է տալիս նմանատիպ երևույթների ու հիմք է հանդիսանում դրանց շարունակական լինելուն: Իրական մեղավորներին պատժի ենթարկելով միայն կվերանան բանակում, և ոչ միայն, նմանատիպ երևույթները: Միակ ձևը դա է, որ օրենքը գործի, մեղավորներն էլ ստանան իրենց արժանի պատիժը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am