Արթուր Սաքունց.«Համաժողովը խնդիրների հավաքագրում էր, մտքերի փոխանակություն»

Արթուր Սաքունց.«Համաժողովը խնդիրների հավաքագրում էր, մտքերի փոխանակություն»
Արթուր Սաքունց.«Համաժողովը խնդիրների հավաքագրում էր, մտքերի փոխանակություն»

Հոկտեմբերի 6-8-ը Անի Պլազա հյուրանոցում կայացած «Ի՞նչ ապագա ունի ժողովրդավարությունը եւ քաղաքացիական հասարակությունը» եռօրյա միջազգային համաժողովին մասնակցել են մարդու իրավունքների, ժողովրդավարության, թափանցիկ եւ հաշվետու գործելաոճի եւ արդյունավետ կառավարման խնդիրներով մտահոգ տեղական եւ արտասահմանյան փորձագետներ, հարյուրավոր մասնակիցներ տարբեր երկրներից:

Ավելի քան 30 երկրներից ժամանած մոտ 100 փորձագետներ, (Միացյալ Թագավորություն, ԱՄՆ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի, ԱՊՀ երկրներից, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ից եւ ԵՄ-ից), այդ համաժողովի ընթացքում քննարկել են ժողովրդավարության, մարդու իրավունքների, քաղաքացիական հասարակության զարգացման եւ այլ արդի խնդիրներ:

Հայաստանից համաժողովին մասնակցած իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Մեդիալաբի» հետ զրույցում կարեւորեց այն հանգամանքը, որ համաժողովին մասնակցելու համար ժամանել էին իրավապաշտպաններ ամենատարբեր երկրներից, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, եւ որ Հայաստանի համար հատկապես կարեւոր էր հետխորհրդային երկրներից ժամանած իրավապաշտպանների մասնակցությունը, քանի որ «մեզ բոլորիս համար ակտուալ է ժողովրդավարական զարգացումների հեռանկարը»:

«Բանն այն է, որ մեր նման երկրների անդամությունը միջազգային կառույցներին ոչ միայն բազմազանություն է մտցնում այդ կազմակերպությունների գործունեության մեջ, այլ նաեւ կարեւոր փորձություն է, ինչը նաեւ որոշակի պրակտիկա է փոխում: Օրինակ` Եվրոդատարանի հետ կապված հարցը. նախկինում Եվրոպական դատարանը միայն որոշում էր` արդյո՞ք խախտվել են մարդու իրավունքները այս կամ այյն երկրի կողմից, թե՞ ոչ: Սակայն, քանի որ մեզ նման երկրները չէին կատարում ԵԴ-ի որոշումները, ԵԴ-ն փոխեց իր աշխատաձեւը, եւ այժմ այն ոչ միայն որոշում է, թե արդյո՞ք խախտվել են մարդու իրավունքները, թե՞ ոչ, այլ նաեւ, թե ինչ պետք է անի երկիրը, եթե այդ իրավունքները խախտվել են»,- ասում է Սաքունցը:

Իրավապաշտպանի կողմից, համաժողովի ժամանակ նշվել է, որ միջազգային կազմակերպությունները չնայած իրենց կողմից հռչակված սկզբունքներին` ժողովրդավարության, մարդու իրավունքների հարցերում, «հաճախ այդ սկզբուքները ստորադասում են քաղաքական նպատակահարմարություններին»:

«Որպես օրինակ նշեցինք ընտրությունների ժամանակ նրանց պահվածքը, (ընդ որում, ոչ միայն մեր երկրում), երբ նրանց գնահատականները հաճախ համարժեք չեն այն գնահատականներին, որոնք տալիս են տեղական դիտորդները: Մենք նշեցինք, որ պետք է շարունակենք այն մոնիթորինգը, որը իրականցնում են իրավապաշտպան կազմակերպությունները»,- նշեց Սաքունցը:

Իրավապաշտպանի խոսքով, համաժողովում նշվել է նաեւ, որ պետք է խորացնել հարաբերությունները այն միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ, որոնք տարբեր մարմիններում ունեն խորհրդատվական ձայնի իրավունք:

«Ընդ դրում, ոչ միայն կոնկրետ մեր կամ մեկ այլ երկրի հետ կապված, այլ որ դա լինի համընդհանուր համագործակցություն, որպեսզի համատեղ ուժերով կարողանանք աշխատել: Ֆորումը մտքերի փոխանակություն էր, որտեղ ամեն մեկը փորձում էր ստանալ այն, ինչ փնտրում էր: Բայց, իհարկե, միամտություն կլիներ ասել, թե բոլոր հարցերի պատասխանները տրվեցին»,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը` հավելելով, որ համաժողովը «խնդիրների հավաքագրում էր», եւ որ նման հավաքները պետք է պարբերաբար անցկացվեն:

Լուսանկարը` Փիրուզա Խալափյանի

© Medialab.am