Ազատության հրապարակում ավելի քան մեկ տասնյակ վրաններով ութ օր առաջ մեկնարկած ՀԱԿ հանրահավաք-նստացույցն դադարեցվել է: Այդ մասին շաբաթ երեկոյան տեղի ունեցած ընդդիմության հանրահավաքի ժամանակ հայտարարել է ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը
«Առաջարկում եմ ժամանակավորապես դադարեցնել միջոցառումը եւ պահանջված պահին պատրաստ լինել անժամկետ նստացույցի», – հայտարարել է Տեր-Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30–ին ՀԱԿ հանրահավաքից հետո, ընդդիմադիրները հայտարարել են, թե շուրջօրյա հանրահավաք-նստացույցով շարունակելու են ճնշումներն իշխանությունների վրա` արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով:
«Շոշափելի արդյունքների չհասնելու պարագայում, մեկ շաբաթ անց մենք ձեզ հետ միասին կորոշենք՝ շարունակել, թե՞ դադարեցնել շուրջօրյա հանրահավաքները»,- ասել է ՀԱԿ առաջնորդը :
Հոկտեմբերի 8-ի երեկոյան, երբ ըստ ընդդիմության առաջնորդի հասել էր որոշելու պահը, Տեր-Պետրոսյանը ներկաներին տեղեկացրել է, որ մեկ օր առաջ ՀԱԿ կենտրոնական շտաբում համապատասխան քննարկման ժամանակ նստացույցը ժամանակավորապես դադարեցվելու որոշում է ընդունվել:
Ընդդիմության առաջնորդը իր խոսքում նշել է, որ ինքը այլեւս այժմեական չի համարում իշխանությունների հետ երկխոսության գործընթացը:
«Նույնիսկ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն են դադարել արդիական լինել: Այսօրվանից արդեն մեր միակ գլխավոր լոզունգը լինելու է Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը»,- հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Հանրահավաքի ժամանակ ներկայացվել է ՀԱԿ գրասենյակի կողմից ընդունված «Շուրջօրյա հանրահավաք-նստացույցերի բանաձեւ» անվանումը կրող, մոտ երկու տասնյակ կետերից բաղկացած փաստաթուղթը:
Ընդդիմությունը հայտարարել է, որ հաջորդ հանրահավաքը նախատեսում է հոկտեմբերի 28-ին:
«Այդ հանրահավաքի ընթացքում Կոնգրեսը, նաեւ հաշվի առնելով այս միջոցառման փորձը` ձեզ կներկայացնի իր հետագա գործունեության ծրագիրն ու կոնկրետ անելիքները»,- հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանը:
© Medialab.am