Չնայած ԲՀԿ-ՀՀԿ տարաձայնությունների, եւ իշխող կոալիցիայից ԲՀԿ-ի հնարավոր դուրս գալու մասին վերջին շրջանում ակտիվացած խոսակցություններին, ԲՀԿ-ն կարծես թե նորից երդում է տալիս կոալիցիային, եւ քչացնում է իր հավակնությունները:
«Մեր նպատակադրումը կամ, ինչպես Դուք եք ասում, մեր հավակնությունները շատ տրամաբանական են ու կանխատեսելի. առնվազն պահպանել «Բարգավաճ Հայաստանի» այսօրվա ներկայացվածության աստիճանը խորհրդարանում եւ փորձել հասնել ավելիին»,- այսօր News.am-ին տված հարցազրույցում ասել է է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որը ամիսներ առաջ հայտարարում էր, թե ԲՀԿ-ն նպատակ ունի 2012-ի ԱԺ ընտրություններում հավաքել 50+1 տոկոս քվե:
Ծառուկյանը անդրադարձել է նաեւ շարունակական բնույթ ստացած ՀՀԿ-ԲՀԿ ենթադրելի հակասությունների շուրջ պտտվող խոսակցություններին:
«Իշխող քաղաքական ուժերը ներկայացնող գործիչներն այս ընթացքում մեկ անգամ չեն հրապարակավ բավականաչափ թափանցիկ ակնարկել, որ մակերեսային հորինովի աժիոտաժները չեն կարող կապ ունենալ իրական քաղաքական գործընթացների հետ` պնդելով, որ մեկնաբանում են միայն քաղաքական ուժերի պաշտոնական հայտարարությունները եւ ուշադրությունից դուրս են թողնելու ամեն տեսակ «խայծերը»»,- ասել է Ծառուկյանը:
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ՀՀԿ հակասության մասին խոսակցությունները ավելի ակտիվացան վարչապետ Տիգրան Սարգսյանի` «կոտրած տաշտակի» մասին արված հայտարարությունից հետո:
«Մենք համախմբված ենք հանրապետության նախագահի շուրջը, մտադիր ենք ավելացնել մեր տեսակարար կշիռը քաղաքական դաշտում, դա չենք անելու մեր գործընկերների հաշվին եւ փորձելու ենք մեր հեղինակությունը բարձրացնել: Բոլորի համար ակնհայտ է, որ այդպես էլ լինելու է, որ Հանրապետականն է լինելու բոլոր համախմբումների առանցքը», ասել էր Սարգսյանը` հավելելով, թե բոլոր նրանք, ովքեր լուրեր են տարածում ՀՀԿ-ի մասին, չարաչար սխալվում են, եւ Սերժ Սարգսյանն էլ նշել է, թե ՀՀԿ-ն կամուրջ է կառուցում բոլոր նրանց համար, ովքեր Հանրապետականի հետ կհամագործակցեն:
«Համոզված ենք, որ նրանք կշահեն, իսկ ովքեր չեն համագործակցի Հանրապետականի հետ, կհայտնվեն կոտրած տաշտակի առջեւ»,- ասել էր Տիգրան Սարգսյանը:
Տիգրան Սարգսյանի այս հայտարարությունը վերագրվեց հենց ԲՀԿ-ին, իսկ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանն էլ այսպես արձագանքեց վարչապետին. «Պարոն վարչապետի ասածներին կարելի է արձագանքել Աստվածաշնչյան խոսքով՝ այսպես լինելու է ընդմիշտ, զի քո է արքայություն եւ զորություն եւ փառք, հավիտյանս հավիտենից, ամեն»:
Սակայն, Խաչիկ Գալստյանի պատասխանը փորձեց որոշակիորեն «հարթել» ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` հայտարարելով, թե Գալստյանի պարզաբանումը ԶԼՄ-ներին էր ուղղված:
«Կարծում եմ՝ սրանով ամեն ինչ ասված է»–ասել է Զոհրաբյանը` հավելելով. «Ուզում եմ ռեպլիկս ուղղել չարչարանաց չորեքշաբթիների, չարչարանաց հինգաշաբթիների մասին թեմաներով գրել սիրող լրատվամիջոցների լրագրողներին։ Կարծում եմ՝ սա կլինի չարչարանաց ուրբաթի պատասխան։ Այսպիսի վերլուծություններ՝ սալյուտը ներսից եղավ, թե դրսից եղավ: Կարծում եմ՝ տվեցի առաջիկայում ևս մի տասը հոդված գրելու թեմա»,- հայտարարել էր Զոհրաբյանը:
Իսկ այսօր արդեն վերջին ակորդը թերեւս դրեց Գագիկ Ծառուկյանը` հայտարարելով, թե «մենք մեր միասնական նպատակները հայտարարել ենք դեռ ամիսներ առաջ` փետրվարին ստորագրված հուշագրով` նախանշելով, որ մեր ակտիվ քայլերով մեծացնելու ենք իշխող կոալիցիայի դերակատարությունը մեր երկրում ու խորհրդարանական ընտրությունների արդյունքում հասնելու ենք Հայաստանի Ազգային ժողովում մեր կուսակցությունների ներկայացվածության աճին»:
Հիշեցնենք, որ ներկայիս խորհրդարանում Բարգաված Հայաստան-ը ունի 26 պատգամավորական մանդատ:
© Medialab.am