«Իմ ուղեղում դաջված են բոլոր այն դեպքերը, երբ տեսնում ես երիտասարդի մահ»․ բժշկի խոսքով՝ շաբաթվա ընթացքում մեկ-երկու երիտասարդի մահվան դեպքի է ականատես լինում

«Իմ ուղեղում դաջված են բոլոր այն դեպքերը, երբ տեսնում ես երիտասարդի մահ։ Էս պահին էլ մինչև 40 տարեկան մի քանի հոգի կան, որոնք ծայրահեղ ծանր վիճակում գտնվում են հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում, որտեղ ես աշխատում եմ»,- ասում է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի և «Աստղիկ» ԲԿ-ի թորակալ վիրաբույժ Ռուբեն Ստեփանյանը։ 

Օրեր առաջ Ֆեյսբուք սոցիալական ցանցում բժշկի գրառումը մեծ արձագանք ստացավ, որտեղ նա, անդրադառնալով կորոնավիրուսի պատճառով գրանցված երիտասարդ մահվան դեպքերին, նշում էր, որ մեծամասամբ հնարավոր էր կանխել հիվանդությունը, եթե հակապատվաստումային քարոզ տեղի չունենար․ «Մարդիկ ովքեր ցանկացած ձևով հակապատվաստումային քարոզ են տարել, պատասխանատու են նաև էն հոգեկան ապրումների համար, որ ունենում են բժիշկները յուրաքանչյուր երիտասարդ մահից հետո։ Ժամանակն է քրեականացնել էդ քարոզը»,- գրել է բժիշկը։

Բժշկի խոսքով՝ դելտա շտամով պայմանավորված՝ կորոնավիրուսով վարակված երիտասարդների թիվը հիվանդանոցներում ավելին է՝ համեմատած կորոնավիրուսի բռնկման նախորդ երեք ալիքների հետ։ Ըստ բժշկի՝ շաբաթվա ընթացքում COVID-ից 1-2 երիտասարդի մահվան է ականատես լինում:

«Երիտասարդների մահը և ծանր դեպքերը մեզ վրա ավելի շատ են ազդում, ստացվում է էնպես, որ ոմանք մեր տարեկիցներն են, ու քեզ ես պատկերացնում նրանց փոխարեն՝ չիրականացված երազանքներ, նպատակներ»,- ասում է բժիշկն ու նշում՝ մահվան դեպքերը հնարավոր էր կանխել, եթե պատվաստման տեմպերն ակտիվ լինեին։

COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր` հոկտեմբերի 4-ի դրությամբ, կատարվել է 517047 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 352600, երկրորդ դեղաչափ` 164447։

May be an image of text

Բժշկի խոսքով՝ հիվանդանոցներում հիվանդների գերակշիռ թիվը կազմում են չպատվաստված անձինք, պատվաստվածները փոքր թիվ են կազմում։ Ասում է՝ նրանք, ովքեր պատվաստվել են, հիվանդությունն ավելի թեթև են տանում: Պատվաստված և վարակված հիվանդների ծանր վիճակում երկու դեպք է հիշում Ստեփանյանը և ասում, որ թեպետ ծանր է եղել հիվանդների վիճակը, բայց կարողացել են հաղթահարել․ «Մահվան դեպք չի եղել»։

Ստեփանյանն ասում է՝ պատվաստման արդյունավետության մասին թվերն են վկայում:

«Համեմատականներ կարելի է անցկացնել այն երկրների միջև, որոնք ունեն պատվաստման բարձր ցուցանիշներ, և նրանք, որոնք ունեն պատվաստման ցածր ցուցանիշ, օրինակ՝ Բրիտանիան և Ռուսաստանը։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Մեծ Բրիտանիայում գրանցվել է 242.000 վարակվածության դեպք, ու նրանք ունեցել են 859 մահ, ՌԴ-ում գրանցվել է 156․000 դեպք, ու նրանք ունեցել են 5800 մահ»։


Բժշկի խոսքով՝ պատվաստման տեմպերը ցածր են, և մարդիկ խուսափում են պատվաստվելուց, քանի որ մի կողմից ընթանում է հակապատվաստումային քարոզ, մյուս կողմից՝ բժշկական համայնքը պատվաստանյութերի արդյունավետության մասին պատշաճ լուսաբանում և իրազեկում չի իրականացնում։

«Առաջին հերթին պիտի մեղադրենք ինքներս մեզ, որ չենք լուսաբանել, բժիշկները բավականաչափ ինֆորմացիա չեն տրամադրել մարդկանց, որոնք դրա կարիքն ունեին, որոնք փնտրելով ինֆորմացիա՝ եկել-հասել են հակապատվաստումային քարոզ անողներին։ Առաջինը դա են հանդիպել ու դա են ընտրել որպես ճշմարտություն։ 

Դրանից հետո մարդկանց համոզել, որ թրոմբոզների մասին պատկերացումները չափազանցված են, չբերության մասին լուրերը սուտ են, պատվաստվելու հետևանքով մահվան մասին խոսակցությունները սուտ են, դժվար է։ 

Այսինքն՝ մենք ժամանակ ենք կորցրել, երբ պետք է համոզեինք մարդկանց, ճիշտ քաղաքականություն վարեինք, ու հիմա ստիպված ընկած ենք դրա հետևանքները վերացնելու համար։ Հակաքարոզչության հետևանքով շարունակում են մարդիկ մահանալ»։

Բժիշկը խորհուրդ է տալիս մարդկանց համեմատական անցկացնել պատվաստման հետևանքների ու քովիդի թողած հետևանքների միջև ու հասկանալ՝ ո՛րն է ավելի ձեռնտու։ 

«21-րդ դարում հնարավոր է ինֆորմացիա գտնել ցանկացած արժանահավատ բաց աղբյուրից և տեսնել՝ պատվաստումն ի՛նչ արդյունավետություն ունի, ու քովիդի հետևանքներն ինչպիսին են լինելու»։

Արփինե Արզումանյան

MediaLab.am