«Խաղաղության ճանապարհը շատ բարդ է, բայց այլընտրանք չունենք». ԱՀ նախագահի խոսնակը՝ երեկ կատարվածի մասին

Արցախում այս պահին իրավիճակը հանգիստ է, երեկ կատարվածին շարունակություն չկա, բայց առավոտյան շփման գծի հյուսիս-արևելյան ուղղությամբ ադրբեջանցիների կողմից զինվորական սանիտարական մեքենայի թիրախավորման դեպք ունեցանք: Այդ մասին «Մեդիալաբին» հայտնեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:

Նկատենք՝ ավելի վաղ Արցախի պաշտպանության բանակը տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 15-ին, ժամը 09։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։ Ըստ աղբյուրի, դեպքի վերաբերյալ տեղեկացվել է Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը։

Ինչ վերաբերում է երեկվա կատարվածին, ապա Ավանեսյանը տեղեկացրեց, որ կատարվում է հետաքննություն:

«Երեկ և այսօր սահմաններին կատարվածի վերաբերյալ իրականացվում է հետաքննություն, վերլուծություն: Պետք է առաջարկեմ սպասել ՊԲ-ի կողմից մանրամասն տեղեկության հաղորդման», -նշեց Ավանեսյանը:

Հիշեցնենք՝ երեկ Արցախի ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորվել էր վեց զինծառայող:

Նա ընդգծեց, որ երեկ  ռուս խաղաղապահները տեղեկացվել են միջադեպի մասին, ինչի արդյունքում լարվածությունը զսպվել է: «Խաղաղապահները մեծ դերակատարում ունեցել են, ինչը նպաստել է, որ մենք լարվածության աճ չունենանք», -հավելեց Արցախի նախագահի խոսնակը:

Պաշտոնյան հերքեց իր անունից տարածվող տեղեկությունը, որ երեկ Արցախի արևելյան սահմանին ԱԹՍ է կիրառվել: «Ես կարող եմ ասել, որ ԱԹՍ եղել է, բայց ես չեմ ասել, որ ԱԹՍ կիրառվել է: Ինչևէ, երեկ կատարվածի հետևանքով դժբախտաբար ունենք վիրավորներ, իսկ մնացած հարցերը թողնենք մեր զինվորականներին, ովքեր ավելի կոմպետենտ են այդ հարցում», -նշեց Ավանեսյանը:

Հարցին՝ կատարվածին ո՞րն է Արցախի քաղաքական գնահատականը, ԱՀ մամուլի խոսնակը արձագանքեց. «Խաղաղության ճանապարհը շատ բարդ, շատ խորխորատներ, անտեսանելի խութեր ունեցող ճանապարհ է, բայց ես համոզված եմ, որ մենք այլընտրանք չունենք»:

MediaLab.am