«Թուրքիայի համար այդ միջանցքն ունի նաև ողջ Սյունիքին տիրանալու հեռահար նպատակ». Ռուբեն Սաֆրաստյան

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

– Պարո՛ն Սաֆրաստյան, չնայած հայկական կողմը պնդում է, որ ո՛չ բանավոր, ո՛չ գրավոր ձևաչափով երբեք չի քննարկվել ու չի քննարկվում միջանցքի տրամադրման հարց, այնուամենայնիվ, թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն խոսում է, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի մասին: Հետաքրքիր է, թուրքական կողմը որևէ հիմք ունի՞, որ անընդհատ խոսում է այդ մասին, թե՞ քաղաքական ինչ-ինչ նպատակ է հետապնդում:

– Չեմ կարող ասել՝ հիմքեր կան, թե՝ չէ, բայց եթե մեր իշխանությունները հայտարարում են, որ նման հարց չի քննարկվում, չեմ կարծում, թե օդից են վերցնում սա, քննարկվում է կոմունիկացիաների բացման հարցը: Իսկ որ թուրքերն ու ազերիները մեծ համառությամբ կրկնում են միջանցք-միջանցք, քաղաքական նպատակ են հատապնդում:

Առաջին հերթին՝ նրանք պետք է, իրենց ընկալմամբ, հնարավորինս լավ օգտագործեն այն հնարավորությունը, որն իրենց համար ստեղծվել է պատերազմից հետո, ճնշում գործադրեն Հայաստանի վրա ու գնալով ուժեղացնեն այդ ճնշումը, որ ինչ-որ զիջումներ պոկեն, ու այդ ճնշման մի մաս է կազմում միջանցքի մասին նրանց պարբերական հայտարարությունները: 

Միջանցքի մասին հայտարարությունները կարևոր են իրենց հասարակության համար, որ ցույց տան, թե իրական արդյունքներ կան հաղթանակի հետ կապված, որ երկու թուրքական երկիր արդեն կարողանում է կապվել իրար հետ, ինչը կարևոր է նաև պանթուրքական տեսանկյունից, որովհետև դա օրինակ է հանդիսանալու մյուս թյուրքալեզու երկրների համար: 

Եվ քանի որ երկու շաբաթից պետք է տեղի ունենա շատ կարևոր իրադարձություն՝ պանթուրքիզմի տեսակետից, Թյուրքալեզու երկրների խորհուրդը պետք է վերակազմավորվի ու դառնա Թուրքական միություն, ինչը նշանակում է, որ նրանք մոդել են ընտրել Եվրամիությունը, որը շատ բարձր ինտեգրացիայի մակարդակ ունի, ու դրա համար շատ կարևոր է, որ իրենք մյուս թյուրքալեզու երկրներին, որոնք մաս են կազմելու այդ միությանը, ցույց տան, թե՝ տեսեք, Թուրքիան ու Ադրբեջանն ինչքան մոտ են միմյանց ու հաղթանակ տարան Արցախի ու Հայաստանի նկատմամբ ու հիմա արդեն միջանցքով կապվում են իրար հետ և այլն: 

Մոտ մեկ շաբաթ առաջ Թուրքիայի պետական ռադիո և հեռուստատեսության ծառայությունը իր էջում, արտերկրի համար տրվող հաղորդումների համար հրապարակել էր մի քարտեզ, որում իրենց ասած Զանգեզուրի միջանցքը ընդգրկում է ողջ Սյունիքը, ոչ թե միայն այդ ճանապարհը: Թուրքիայի ախորժակը շատ մեծ է, ու այս կերպ փորձում են ճնշել Հայաստանին, բայց պետք է ուժեղ լինել ու ոչ մի կերպ չընկրկել այդ ճնշումների դեմ:

– Իսկ Հայաստանն ունի՞ տարածաշրջանի երկրների աջակցությունը, որպեսզի կարողանա դիմագրավել այդ ճնշմանը: Մյուս երկրները, ըստ ձեզ, և՞ս դեմ են այդ միջանցքի տրամադրմանը:

– Այս միջանցքն առաջին հերթին թուրքական պրոեկտ է, իհարկե կոմունիկացիաների բացումը կարևոր խնդիր է ողջ տարածաշրջանի համար, եթե դա իրականություն դառնա նորմալ եղանակով, այլ ոչ թե այսպիսի ճնշումներով: Հետևաբար, համոզված եմ, որ այդ միջանցքի պրոեկտը ընդունելի չէ ոչ մեկի համար, բնականաբար՝ բացի Թուրքիայից ու Ադրբեջանից: 

– Պարո՛ն Սաֆրաստյան, դատելով այս քարտեզից՝ Թուրքիան արդեն ողջ Սյունի՞քն է իրենը համարում:

– Այո՛, ես դեռ մինչև պատերազմն եմ ասել, որ Թուրքիայի համար Սյունիքն ունի շատ կարևոր նշանակություն, ու այս միջանցքն ունի նաև հեռահար նպատակ՝ ողջ Սյունիքին տիրանալու:

– Թուրքական հնարած քարտեզները նորություն չեն, ու նման քայլերի իրենք հաճախ են դիմում: Իր քիմքին հաճո քարտեզներ նկարելով՝ Թուրքիան ինչի՞ է փորձում հասնել, դրա նպատակը ո՞րն է:

– Այդ կերպ ավելի իրատեսական են դարձնում իրենց հանրության համար՝ պահպանելով արդեն նշածս երկու հիմնական նպատակները, բայց քարտեզներով մեկ այլ խնդիր ևս լուծում են: Կարծում եմ, այդ քարտեզները, որոնք հիմա տարածվում են համապատասխան հռետորաբանությամբ, նպատակ ունեն լուծել իրենց ռազմավարական նպատակները, որ եթե նոր պատերազմ սկսեն Արցախի ու Հայաստանի դեմ, հետո ցույց տան, թե Սյունիքը մերն է, Գեղարքունիքի մի մասը մերն է և այլն: Այսինքն՝ այդ կարգի քարտեզները և՛ քարոզչական նպատակ ունեն, և՛ ռազմավարական՝ հետագա պատերազմներ նախապատրաստելու առումով:

– Եթե այդ միջանցքը Թուրքիան չկարողանա ստանալ Հայաստանից, ի՞նչ քայլերի կդիմի դրան հասնելու համար: Ռազմական գործողությունների կդիմի՞:

 – Համոզված եմ, որ այդ միջանցքը չի ստանա: Ռազմական գործողությունների հիմա չի դիմի, որովհետև Թուրքիան այժմ շատ ուրիշ խնդիրներ է լուծում: Ներքին, տնտեսական խնդիրներ ունի, կառավարող կուսակցության վարկանիշի անկում կա: Սիրիայում նախապատրաստվում են չորրորդ գործողությանը, արդեն զորքեր է մոտեցրել սահմանին, և այն երկու անկլավը, որ պահում են Հյուսիսային Սիրիայում, նպատակ ունեն իրար միացնել, այսինքն՝ այդ ողջ տարածքը դարձնել Թուրքիա: 

ԱՄՆ-ի հետ կապված խնդիրներ ունեն: Իր այդ արկածախնդրական քաղաքականությամբ Էրդողանը շատ խնդիրների մեջ է մխրճել Թուրքիան, հետևաբար, ներկա փուլում, կարծում եմ, նրանք հետաքրքրված չեն ռազմական գործողություններ, պատերազմ վարել Հայաստանի դեմ, այլ ուզում են օգտվել պատերազմում Հայաստանի կրած պարտությունից ու ճնշման միջոցով թելադրել իրենց կամքը: Եթե այս եղանակով չհաջողեն, համոզված եմ՝ որոշ ժամանակ հետո Ադրբեջանը կակտիվանա, մանավանդ երբ ռուս խաղաղապահները լքեն տարածաշրջանը, ու արդեն պատերազմի վտանգն առավել ակնառու կլինի:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am