Մտահո՞գ եք . 5 լավագույն կապի միջոցները՝ գաղտնալսումներից ապահովագրվելու համար

Մտահո՞գ եք .  5 լավագույն կապի միջոցները՝ գաղտնալսումներից ապահովագրվելու համար
Մտահո՞գ եք . 5 լավագույն կապի միջոցները՝ գաղտնալսումներից ապահովագրվելու համար

Ստորև ներկայացնում ենք կապի այլընտրանքային միջոցներ՝ բջջային հավելվածներ, որոնցով տվյալների փոխանակումը առավել անվտանգ է։

Քաղաքական վերջին զարգացումներին զուգահեռ, երբ հայտնվում են պաշտոնատար անձանց գաղտնալսման ձայնագրություններ, առավել արդիական է դառնում հեռախոսազրույցների և նամակագրության անվտանգության հարցը։

Թեև GSM  հեռախոսակապը, ըստ էության, սպառել է իրեն անվտանգության տեսանկյունից, մարդկանց մեծ մասը, այնուամենայնիվ, շարունակում է կապի հենց այդ միջոցից օգտվել:

Ստորև մենք կներկայացնենք կապի այլընտրանքային միջոցներ՝ բջջային հավելվածներ, որոնցով տվյալների փոխանակումը առավել անվտանգ է: Խոսքը, մասնավորապես, գնում է հինգ մեսենջերների մասին:

Signal

Այս մեսենջերը ստեղծել է Open Whisper Systems ընկերությունը, որը գլխավորում է հաքեր Մոքսի Մարլինսպայկը։ Թեև հավելվածը գոյություն ունի 2013 թվականից, այն առավել հայտնի դարձավ ամերիկացի ծրագրավորող Էդվարդ Սնոուդենի հայտնի հարցազրույցից հետո, որտեղ վերջինս խորհուրդ տվեց օգտագործել հենց Signal-ը։ Հավելվածով կարելի է անհոգ շփվել մտերիմների հետ կոնֆիդենցիալ ցանկացած թեմայով։ Փոխանցվող տեղեկությունը կոդավորվում է և չի պահվում որևէ տեղ։

Բացի դա, հավելվածը թույլ է տալիս ընտրել առավել գաղտնի ռեժիմը, որը թույլ չի տա չաթի երկրորդ կողմին լուսանկարել (screenchot) նամակագրությունը։

Pinngle

Pinngle-ը համեմատաբար նոր հավելված է (2016 թվական)։ Այս մեսենջերը գործում է անգամ ամենաթույլ ինտերնետային կապի դեպքում և սևեռված է հենց օգտատերերի անվատանգության հարցի վրա։ Այստեղ կիրառվում է «end-to-end» կոդավորման եղանակը։ Այս սկզբունքով տեղեկությունը կոդավորվում է փոխանցողի կրիչում և ապակոդավորվում է միայն դրա հասցեատիրոջ կրիչի վրա։ Փոխանցվող տեղեկությունը հասանելի չէ երրորդ կողմին։

Ավելին, հավելվածը չի պահպանում բաժանորդների տվյալները, այսինքն՝ եթե անգամ որևէ երրորդ կողմ կարողանա ստանալ փոխանցված տեղեկությունը և ապակոդավորի այն, միևնույնն է, նա չի իմանա, թե որ օգտատիրոջն է այն պատկանել։

Threema

2012 թվականին Շվեյցարիայում ստեղծված այս հավելվածը, ի տարբերություն այլ հավելվածների, անվճար չէ, սակայն դա չի խանգարել դրան լայն տարածում գտնել եվրոպական երկրներում։ Համակարգը իր սերվերներից հեռացնում է փոխանցվող ցանկացած տեղեկություն հասցեատիրոջը հասնելու պահին։ Այս մեսենջերով կարելի է ապահով լուսանկարներ և տեսանյութեր փոխանցել միմյանց՝ վստահ լինելով, որ դրանք չեն հայտնվի անցանկալի անձանց ձեռքերում։

Telegram

Թավշյա հեղափոխության օրերին Հայաստանում մեծ տարածում գտած Telegram-ն աշխարհում առավել հայտնի և անվտանգ հավելվածներից է։ Այս համակարգն աշխատում է երկու ռեժիմով, որոնցից առաջինը՝ սովորականը, որպես այդպիսին չի դասվում անվտանգներին, քանի որ ամբողջ տեղեկությունը պահվում է սերվերներում։ Բարձր անվտանգության համար հավելվածն առաջարկում է ակտիվացնել երկաստիճան գաղտնագրման ծառայությունը։

Այս հավելվածի հիմնադիր Պավել Դուրովը 200 հազար ԱՄՆ դոլար է խոստացել այն անձին, որը կկարողանա կոտրել իր համակարգը։

WhatsApp

WhatsApp-ն աշխարհում ամենատարածված մեսենջերներից մեկն է, այն ունի 1 միլիարդից ավել օգտատեր։ 2016 թվականին հավելվածի հիմնադիրները ներդրեցին «end-to-end» կոդավորման եղանակը։ Ընկերությունը երաշխավորում է, որ թեև փոխանցվող բոլոր տվյալները պահպանվում են սերվերների վրա, դրանք բարդ կոդավորման տակ են։ Բացի դա, հավելվածը չի պահում օգտատերերի տվյալները։ Այսինքն, տեղեկության ապակոդավորման դեպքում անգամ հայտնի չէ, թե որ օգտատիրոջն է այն պատկանել։

Ռաֆայել Աֆրիկյան

www.Fip.am