«Հանուն հայրենիքի». Սարգսյանը, Տեր-Պետրոսյանը, Ծառուկյանը եւ այլոք՝ իրենց ակնկալիքների եւ Հայաստանի մասին

«Հանուն հայրենիքի». Սարգսյանը, Տեր-Պետրոսյանը, Ծառուկյանը եւ այլոք՝ իրենց ակնկալիքների եւ Հայաստանի մասին
«Հանուն հայրենիքի». Սարգսյանը, Տեր-Պետրոսյանը, Ծառուկյանը եւ այլոք՝ իրենց ակնկալիքների եւ Հայաստանի մասին

Առավոտյան ժամը 8-ին մեկնարկած հինգերորդ գումարման ԱԺ ընտրություններին արդեն իսկ մասնակցել եւ իրենց ընտրական պարտքն են կատարել երկրի նախագահ եւ ՀՀԿ առաջորդ Սերժ Սարգսյանը, ընդդիմադիր ՀԱԿ առաջնորդ եւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը, ընտրություններում առանցքային դերակատարում ունեցող քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ:

Սերժ Սարգսյանը, ով տիկնոջ Ռիտա Սարգսյանի հետ քվեարկելու էր եկել Երեւանի 9/11 ընտրատեղամասում, լրագրողներին ասել է, որ քվեարկում է երկրի «առաջընթացի համար»:

«Ուզում եմ այսօր և վաղը և մյուս օրը ամեն ինչ հանդարտ, խաղաղ, ամե ինչ մեր օրենքներով ընթանա: Կարծում եմ` առաջընթացի գրավականը սրա մեջ է»,-հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Նույն ընտրատեղամասում թոռնիկների ուղեկցությամբ ընտրության եկած ընդդիմության առաջնորդ, Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ ընտրել է «հանուն լավ Հայաստանի»:

Երևանի Ավան-Առինջի թիվ 28/28 ընտրատեղամասում քվեարկության եկած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ընտրողներին հորդորել է մասնակցել ընտրություններին եւ ձայնը տալ այն ուժին ում հավատում են:

«Կարեւոր չի, թե քանի տոկոս ձայն կհավաքի Ծառուկյանը, դրանից կախված չէ այն, որ  Ծառուկյանը կկորչի: Լիարժեքորեն մասնկացեք ընտրություններին, որ հիասթափություն չլինի»,-ասել է նա:

Երեւանի 10/06 ընտրատեղամասում «Հանուն մեր ամբողջական ժառանգության, հանուն անցյալի և ապագայի» է քվեարկել «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ես հավատում եմ մեր հայրենիքին, Հայատանի ժողովրդին, հայ քաղաքացուն»,-ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ընտրություններում առանցքային համարվող մեկ այլ Հովհաննիսյան, ՀՅԴ առաջնորդ Վահան Հովհաննիսյանն էլ խոսել է կոռուպցիայի վերացման, աշխատատեղերի ստեղծման եւ այլ կարեւոր հարցերի մասին:

«Հետևելու ենք ընտրությունների ընթացքին: Ֆիքսելու ենք խախտումները, գրագետ կերպով արձագանքելու ենք դրանց, որպեսզի հնարավոր լինի հետագայում ճշգրիտ քայլեր կատարել, բայց ես հուսով եմ, որ, այնուամենայնիվ, դրա կարիքը չի լինի: Այնպես որ, մենք կլինենք, ինչպես և բոլորը, սպասողի դերում՝ կսպասենք արդյունքներին»,- լրագրողներին ասել է Վահան Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ժամը 8-ից Հայաստանում մեկնարկած են ԱԺ ընտրությունները, համամասնական կարգով մասնակցում է մեկ դաշինք եւ 8 կուսակցություն:  Խորհրդանական մանդատներից 90-ը կբաշխվի համամասնական, իսկ 41-ը՝ մեծամասնական ընտրակարգով:

Մեծամասնականի համար գրանցված թեկնածուների թիվը 139 է:

Ըստ ՀՀ ոստիկանության հրապարակած տվյլների, ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2,484,003 է

Չնայած արդեն դիտորդների, ՀԿ-ների, եւ լրատվամիջոցների կողմից արձանագրված բազում խախտումներին եւ ահազանգերին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն հայտարարել է, որ այս ընտրությունները նորանկախ Հայաստանի պատմության մեջ ամենաթափանցիկն են լինելու:

«Մեր առաջին ակնկալիքն այն է, որպեսզի Հայաստանի այն քաղաքացիները, ովքեր ունեն ընտրելու իրավունք, կատարեն իրենց պարտքը: Մենք ստեղծել ենք բոլոր պայմանները, որպեսզի ընտրություններն անցնեն օրինականության դաշտում, թույլ չտրվեն խախտումներ: Համոզված եմ, որ մեր նորանկախ պետության պատմության մեջ այս ընտրությունները լինելու են ամենաթափանցիկ ընտրությունները, և մեր ընտրողները գոհ են լինելու ընտրական ողջ գործընթացից»,- հայտարարել է Տիգրան Սարգսյանը:

© Medialab.am