20 տարի անց. Հաղթանակի կենտրոն Շուշին մշակույթի կենտրոն չի դառնում

20 տարի անց. Հաղթանակի կենտրոն Շուշին մշակույթի կենտրոն չի դառնում
20 տարի անց. Հաղթանակի կենտրոն Շուշին մշակույթի կենտրոն չի դառնում

Մայիսի 9-ին լրանում է Շուշիի ազատագրման 20 ամյակը: Մինչ շատերը քննարկում են արցախյան ռազմական շքերթը, Շուշիի ապագայով մտահոգ մարդիկ մտածում են` քաղաքում դեռ անելիքներ շատ կան:
«Այն, որ Շուշին մեզ համար արժեք է, դա բավական չէ: Դու պետք է անընդհատ այդ արժեքի վրա աշխատես»,- «Մեդիալաբին» ասում է ազատամարտիկ Մկրտիչ Տոնոյանը:

Շուշին ազատգրվեց «Հարսանիքով»: Գործողությանը նախապես տրվել է «Հարսանիք լեռներում» անվանումը: Գրոհելով միաժամանակ չորս ուղղություններով, հայ մարտիկները կազմակերպվածության բացառիկ խիզախության ու վճռականության շնորհիվ, մայիսի 9-ին ամբողջովին ազատագրել են քաղաքը: Շուշիի ազատագրումը Արցախի համար կյանքի ու մահվան հարց էր: Իսկ ոմանց համար այս քաղաքը պարզապես մեծ երազանք էր:

Հայտնի բլոգեր, Տիգրան Քոչարյանը պատմում է, որ դեռևս խորհրդային տարիներին, իր տատը, ով արմատներով Շուշիից է, երազում էր, որ մի օր այս քաղաքը նորից կդառնա հայկական:

«Բոլորս ձեռք էինք առնում: Ասում էինք` դրա համար սովետն առնվազն պետք է քանդվի, որը անհնար է: Ինչ ես խոսում այ կին, համակերպվի: Ինքը ասում էր` չէ, այդ քաղաքը պետք է հայերին վերադառնա»,- պատմում է Տիգրան Քոչարյանը:

Հիմա, Արցախյան ազատամարտից հետո, երբ Շուշին այլևս հայկական քաղաք է, Տիգրանը մի հետևություն է արել` անհնարին ոչինչ չկա: Շուշին դարձել է մեծ երազանքների խորհրդանիշը: Հավանաբար դա էր պատճառը, որ Տիգրանը որոշեց նաև ամուսնանալ այս քաղաքում:

«Ես ու կինս որոշեցինք ամուսնանալ Շուշիում, որովհետև Շուշին ամբողջ հայ ազգի վերածննդի խորհրդանիշն է» ,- «Մեդիալաբին» ասում է Տիգրան Քոչարյանը:

Բլոգերն այնքան էլ չի սիրում, երբ խոսում են Շուշիի խնդիրների մասին: Հատկապես, երբ դա անում են Երևանում: Նրա կարծիքով, այսօր Արցախը ավելի լավ վիճակում է, քան Հայաստանի Հանրապետությունը:

«Արցախը ավելի քիչ դատարկ է, քան Հայաստանի Հանրապետությունը: Ծնելիության բավականին բարձր ցուցանիշ է գրանցվում: Խնդիրը ազատագրված տարածնքերի մեջ է: Չեն վերաբնակեցվում: Իսկ իմ կարծիքով պետք է արագացվի այդ գործընթացը»,- մտահոգվում է Տիգրան Քոչարյանը:

Այդուհանդերձ, որոշ մարդկանց կարծիքով, վերաբնակեցումը շատ ավելի լավ կընթանար, եթե Արցախում շարժ, զարգացում նկատվեր: Շուշի բարեգործական հիմնադրամի նախագահ Բակուր Կարապետյանը մի ամբողջ նախագիծ է մշակել, որի նպատակն է Շուշին դարձնել զբոսաշրջության կենտրոն: Նման նախագծի իրագործման համար, ըստ Բակուր Կարապետյանի, առաջին հերթին պետք է պահպանել պատմական արժեքները: Սա էլ կարող է գրավել զբոսաշրջիկներին:

«Արդեն կարծես թե սկսված է ինչ-որ բան, ուղղված Շուշիի վերակերտման, վերակենդանացման: Մեր հիմնադրամը զբաղվում է Շուշիի մշակութային ժառանգությամբ: Հիմնականում մեր նպատակն այն էր, որ պահպանենք 19-րդ դարի Շուշիի ճարտարապետական մթնոլորտը: Որովհետև դա զբոսաշրջության համար ձգող հանգամանք է հանդիսանում: Ցավոք սրտի, մենք չենք կարողանում այդ ծրագիրն իրականացնել, չի ստացվում»,- խոստովանում է Բակուր Կարապետյանը:

Նրա կարծիքով Շուշիում քարասալիներով պատված փողոցները համապատասխանում են 19-րդ դարի ոգուն, և դա է քաղաքի իսկական դեմքը: Այսօր ամբողջը փորձում են ասֆալտապատել: Սա, ըստ նրա, գուցե շատ ավելի համար է, սակայն խաթարում է Շուշիի պատկերը:

«Հիմա ինչ որ անում են, փաստորեն չի պահպանում Շուշիի ոգին: Այդ նպատակը չի երևում, չի զգացվում: Սա է խնդիրը, որ մեզ անհանգստացնում է, որովհետև դա է, որ պետք է զբոսաշրջություն բերի: Բացի այդ Շուշին միակ 19-րդ դարից մնացած քաղաքն է, որը կորցնում ենք»,- «Մեդիալաբին» ասում է Շուշի բարեգործական հիմնադրամի նախագահը:

Շուշին մտահոգում է նաև ազատամարտիկ Մկրտիչ Տոնոյանին: Նա հաճախ է լինում այս քաղաքում և ցավով նշում է, որ շատ բաներ այնպես չեն արվում, ինչպես ինքը կցանկանար:

«Ես հաճախակի եմ գնում Շուշի, մեկ-մեկ խմբեր եմ տանում, նախագծեր եմ փորձում Շուշիի հետ անել, որ ավելի ակտիվացնենք, սակայն ցավով եմ նայում, որ ճիշտ չեն աշխատում ռեսուրսները»,- ասում է Մկրտիչ Տոնոյանը:

Նախկին ազատամարտիկը, ասելով Շուշիի վերածնունդ, ավելի շատ կարևորում է ոչ այնքան քաղաքի արտաքին տեսքը, որքան բովանդակությունը:

«Ինձ վերակառուցելն այնքան էլ չի հուզում: Պարզապես, երբ արվում են ինչ-որ միջոցառումներ Շուշիի հետ կապված, քաղաքի ազատագրման հետ կապված, ես կուզենայի, որ դա լուրջ հետազոտությունների առարկա դառնար, թեկուզ հենց Շուշիի ազատագրման ֆենոմենը: Այնտեղ արվեստի կենտրոններ ստեղծվեին: Նման գաղափար ունեցել են, հիմա էլ կարծեմ ասում են, որ ունեն, որ Շուշին մշակութային կենտրոն պետք է դառնա, արվեստի կենտրոն: Այսինքն միջազգային հեղինակությունը բարձրացնելու հարց կա»,- «Մեդիալաբին» ասում է ազատամարտիկ Մկրտիչ Տոնոյանը:

Լիաննա Խաչատրյան

© Medialab.am