Մեծ շնորհ փուչիկների պայթյունից տուժածներին. նախագահի հանձնարարությամբ Հայաստանում է գերմանացի պլաստիկ վիրաբույժը

Մայիսի 4-ին, Հանրապետության հրապարակում ՀՀԿ նախընտրական եզրափակիչ հանրահավաքի ժամանակ տարբեր կարգի այրվածքներ ստացած տուժողների համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ Հայաստան է հրավիրվել Գերմանիայի Հեյդելբերգ քաղաքի Համալսարանական կլինիկայի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և այրվածքների կենտրոնի պրոֆեսոր Ադրիան Դայգլերը:
Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին, ԱԺ ընտրություններին ՀՀԿ եզրափակիչ նախընտրական հանրահավաքի ժամանակ, այրվել եւ պայթել են երիտասարդների ձեռքում գտնվող փուչիկները, որոնք լիցքավորված են եղել, ոչ թե հելիումով այլ արգելված այլ գազերով:
Պաշտոնական տվյալների համաձայն, առնվազն 155 մարդ տարբեր այրվածքներով տեղափոխվել է Երեւանի բուժհաստատություններ:
Չնայած հրապարակում ստեղծված իրավիճակին, հանրահավաք-համերգի մասնակիցենրը շարունակել են միջոցառումը, իսկ նախագահ Սերժ Սարգսյանը նույնիսկ ելույթ է ունեցել, ինչը մատնանշել են ոչ միայն տեղական այլ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները:
Իշխանություններն իրենց վարքը բացատրել են նրանով, թե միջոցառումը շարունակվել է «խուճապային իրավիճակից խուսափելու համար»:
Տուժողները՝ հիմնականում տարբեր բուհերի ուսանողներ, ըստ մամուլի հրապարակումների հրապարակ են բերվել մեծամասամբ պարտադրաբար:

«Երեկվա դեպքում ես ավելի քան համոզված եմ, որ օգտագործվել է պրոպան-բուտան, դա երեւում է կրակի դեղնա-կարմրավուն երանգներից»,-«Մեդիալաբին» դեպքից քիչ անց ասել էր կենսաերկրաքիմիկոս Սերգեյ Արեւշատյանը,-Ուրիշ պատճառ էլ ունեմ իմ համոզմունքում, քանի որ մեր հելիումի արտադրությունը բացակայում է, այն եթե բերվում է, ապա միայն մաքուր գիտական փորձերի համար եւ շատ թանկ է. Եվրոպայում հեղուկ հելիումի 1 լիտրի արժեքը 11 եվրո է»:

Իրավապահ կառույցները նշում են, որ հետաքննությունը շարունակվում է, սակայն դեպքից ավելի քան 10 օր անց, չգիտես ինչ պատճառաբանությամբ, պարզ չէ մի շատ պարզ բան. ո՞վ էր հրահանգել փուչիկները լցնել ոչ թե հելիումով, որը չի այրվում այլ խնայողություն անել եւ լիցքավորել պարզ չէ ինչով՝ ինչն իրականում շատ թանկ նստեց մի քանի տասնյակ անմեղ երիտասարդների վրա:

Ըստ նախարարության, գերմանացի պրոֆեսորն այսօր եղել է Ճառագայթային բժշկության և այրվածքաբանության կենտրոնում: Մինչ հիվանդներին այցելելը` առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը նրան ներկայացրել է, թե ինչ է տեղի ունեցել և ինչ օգնություն է ցուցաբերվել տուժածներին:

«Ընդհանրապես, բժշկական աշխարհում ընդունված է համատեղ կոնսիլիումներ, փորձի փոխանակում անցկացնելը, որպեսզի բուժումը լինի մաքսիմալ արդյունավետ»,- Այրվածաքաբանության կենտրոնում լրագրողների հետ զրույցում նշել է Հարություն Քուշկյանը և հավելել, որ հրավիրվել է լավագույն մասնագետներից մեկը:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ բավականին դրական փոփոխություններ կան, գերմանացի բժիշկն այցելելու է բոլոր հիվանդներին, կատարելու է անհրաժեշտ բոլոր միջամտությունները:

«Մեր բժիշկների հետ համատեղ նա կպլանավորի հիվանդների հետագա բուժումը և վարման կարգը: Կան հիվանդներ, որոնք երկարատև և խիստ մասնագիտացված բուժման կարիք ունեն»,- նշել է նախարարը, հավելելով, որ գնալու են մինչև վերջ, բոլոր հիվանդներին բուժելու են, ոչ մի սպի չեն թողնելու:

Նախնական տվյալներով` գերմանացի բժիշկը Հայաստանում կլինի երկու օր, բայց եթե կարիք լինի, ապա նա երկար կմնա: «3-րդ աստիճանի այրվածքով 2 հիվանդ կա: Գերմանացի բժիշկը բավականին դրական գնահատեց մեր բժիշկների կատած աշխատանքը և մենք սպասում ենք լավ արդյունքների»,- տեղեկացրել է Հարություն Քուշկյանը: Նախարարը ևս մեկ անգամ հավաստիացրել է, որ վիրահատական ծախսերը հոգալու է պետությունը:

Իսկ գերմանացի պրոֆեսոր Ադրիան Դայգլերը լրագրողների հետ զրույցում ասել է, որ այստեղ տեսել է երկու ծանր դեպք, որոնց հավանաբար անհրաժեշտ կլինի վիրահատություն, կան նաև թեթև դեպքեր:

«Եթե հանկարծ անհրաժեշտ լինի օգնություն կամ բուժում Գերմանիայում, ապա մենք պատրաստ ենք, ես առաջարկում եմ իմ օգնությունը, թեև այստեղ իսկապես լավ մասնագետներ կան»,- նշել է Ադրիան Դայգլերը:

Առողջապահության նախարարությունը նաեւ նշում է, որ գերմանացի մասնագետը «բարձր է գնահատել, թե ինչպես են հիվանդները Հայաստանում բուժում անցնում՝ շեշտելով, որ «այստեղ նրանք գտնվում են լավ ձեռքերում»:

Հուսանք, գերմանացի պլաստիկ վիրաբույժն հավատում է, որ երիտասարդները, որոնք պարտադրաբար հանրահավաքի են տարվել, իշխանությունների անպատասխանատվության հետեւանքում հայտնվել ճակատագրական նման բարդ իրավիճակում, իրոք գտնվում են «լավ ձեռքերում»:

© Medialab.am