«Հայաստանը հետքայլ արեց. սահմանագծումը կմեկնարկի՝ առանց ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման». Տաթևիկ Հայրապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը

– Տիկի՛ն Հայրապետյան, ինչպե՞ս եք գնահատում Սոչիում կայացած եռակողմ հանդիպումը, արդյունքները գոհացնո՞ղ են։

– Հրապարակված հայտարարությունը մի կողմից հղում է կատարում նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին, ու ավելացվել է ևս մեկ դրույթ՝ դեմարկացիայի մասով, այսինքն՝ սահմանագծման գործընթացի մասին է, դելիմիտացիայի մասին այդ փաստաթղթում նշված չէ։ Չնայած փաստաթղթում հստակ ժամկետ չկա նշված, սակայն մամուլի ասուլիսի ժամանակ նշվեցին հստակ ժամկետներ, եթե չեմ սխալվում՝ մինչև տարվա վերջ պետք է մեկնարկի գործընթացը։

Մյուս շաբաթ փոխվարչապետների մակարդակով է նախատեսվում հանդիպում՝ տարածաշրջանային ապաշրջափակման թեմաներով, որտեղ ևս, ենթադրում եմ, համատեղ հայտարարություն կամ ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի, որովհետև դրա մասին ակնարկեց ՌԴ նախագահը՝ նշելով, որ կոնկրետ արդյունքների ամփոփում է ակնկալվում։

Մի կողմից թվում է, որ գործընթացն իր հունով է ընթանում, բայց մյուս կողմից՝ բազմաթիվ խնդիրներ կան, որովհետև մենք այս մեկ տարվա ընթացքում միայն անհաջողություններ և կորուստներ ենք կրել:

Այսինքն՝ ասել, որ սա զսպելու է ադրբեջանական ագրեսիան, ինչպես շարունակ փորձում են ներկայացնել, միևնույն ժամանակ օգնելու է, իբրև թե, որ ադրբեջանական զորքերը դուրս բերվեն մեր տարածքներից, ես այդ կարծիքին չեմ ու այդքան լավատես չեմ, քանի որ լավ գիտեմ ադրբեջանական քաղաքականությունն ու այդ հարցով Թուրքիայի օժանդակությունն ու իրենց որդեգրած գիծը։

Ալիևը ցինիկաբար խոսում է լավ հարևանություն անելուց, մյուս կողմից էլ՝ իր հրամանով օրեր առաջ Շուշիի մերձակայքում հերթական քաղաքացիական անձն է սպանվում՝ հայ լինելու համար։

– Այսինքն՝ կարծում եք, որ սահմանագծման աշխատանքները կմեկնարկեն առանց ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմա՞ն ։

– Ցավոք սրտի, այո՛, որովհետև եթե հիշում եք պաշտոնական Երևանի մայիսի 12-ից հետո հնչող հայտարարությունները, ապա կար այդ նախապայմանը՝ որ եթե ադրբեջանական զորքերը դուրս չգան, սահմանագծման աշխատանքներ չեն սկսելու: Նույնն ասվել էր նաև փոխվարչապետների հանդիպման ֆորմատի մասով։ Հիմա երկու դեպքում էլ հետքայլ է արվել այդ հայտարարությունից, չգիտեմ՝ սպառնալիքի՞, թե՞ այլ ճնշման ներքո։

Բնականաբար, եթե ուզում ես դիմակայել Ադրբեջանի ագրեսիային, պետք է համարժեք աշխատանքներ տանել ու փորձել արագորեն վերականգնել բանակն ու համապատասխան կահավորումն անել։ Այսինքն՝ այն մեկնարկային կետը, որով Հայաստանն սկսում է այս կարևորագույն գործընթացը, շատ բացասական է ու բազմաթիվ ռիսկեր է պարունակում: Հուսամ՝ կգիտակցեն պահի լրջությունը, հակառակ դեպքում՝ հետքայլերի այս տրամաբանությամբ ավելի վատ վիճակում կհայտնվենք և՛ մենք, և՛ արցախահայությունը։

Իսկ այն դրույթները, թե գիտեք՝ մինչև սահմաններ չգծվեն, հստակություն չի լինի, կներե՛ք, բայց թոզ են փչում հանրության աչքին, որովհետև Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի անդամ է ու հստակ սահմաններով է դարձել ՄԱԿ-ի անդամ, ու որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել Հայաստանի սուվերեն տարածքը, այդ թվում՝ Ադրբեջանը։

– Տիկի՛ն Հայրապետյան, ներհայաստանյան որոշ շրջանակներ երեկվա հանդիպումից տպավորություն են ստացել, որ «միջանցքային» տրամաբանությունը ևս առկա է, ու որ խոսք անգամ չի եղել ռազմագերիների շուտափույթ վերադարձի մասին։ Ձեր տեսակետն ինչպիսի՞ն է այս կարևորագույն երկու հարցի մասով։

– Կարող եմ ասել, որ միջանցքի տրամադրումը միայն Հայաստանի դիրքորոշմամբ չէ պայմանավորված, այստեղ շատ ավելի լուրջ աշխարհաքաղաքական շահեր են բախվում։ Իրանական կողմը ժամանակին ավելի խիստ գնահատականներով, հիմա՝ մի փոքր ավելի մեղմ, բայց կրկին շեշտում է, որ աշխարհագրական սահմանների փոփոխություն չի հանդուրժում տարածաշրջանում։

Հայկական կողմը թեև ասում է, թե չի գնալու այդ քայլին, բայց ադրբեջանական կողմն այդ ուղղությամբ նորանոր դիրքեր է զբաղեցնում, այսինքն՝ Ադրբեջանը չի հրաժարվելու դրա իրականացման ռազմական ճանապարհից: Երբ ասում եմ Ադրբեջան՝ նկատի ունեմ նաև Թուրքիա, կոնկրետ այս հարցում։ Ու պետք է նկատել, որ այս երկրներն այդ զորավարժություններն ինքնանպատակ չեն անցկացնում, դրանք հեռահար նպատակ են հետապնդում։

Ռուսաստանի փոխվարչապետն էլ է հայտարարել, որ «միջանցքային» տրամաբանությունը չի քննարկվում, ուղիղ ասվել է Ռուսաստանի դիրքորոշումն այս առումով։

Գերիների մասով՝ ցավոք, այո՛, անդրադարձ չեղավ, եթե հիշում եք՝ վարչապետն իր ասուլիսի ժամանակ այդ ակնարկն արեց, որ այդ հարցը կքննարկվի բրյուսելյան այցի շրջանակներում։ Ադրբեջանական կողմը շատ հետաքրքիր ու ճիշտ քայլ արեց՝ մինչև հանդիպումը վերադարձնելով մեր երկու գերուն ու դա ներկայացրեց որպես բացառիկ հումանիզմի դրսևորում՝ ամբողջությամբ մոռացության մատնելով, որ ավելի քան մեկ տարի է՝ մեր բազմաթիվ հայրենակիցներ դեռևս գտնվում են Բաքվում։

– Բրյուսելյան հանդիպումից ի՞նչ եք ակնկալում։

– Դատելով վարչապետի ասածից՝ նախատեսվում է հումանիտար խնդիրների քննարկում: Ցավոք, այստեղ ունենք բացթողումներ, երբ գերիների հարցը ադրբեջանական ճնշման ներքո հավասարեցվեց ականապատ քարտեզների հարցին, միջազգային հանրությունն ամբողջությամբ սկսեց զուգահեռաբար դրանք օգտագործել:

Սա եկավ, իհարկե, մեր վատ քայլերից, որովհետև ռազմավարական առումով գերիների հարցը մենք դարձրեցինք շահարկման առարկա, որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ դրա վերաբերյալ կար հստակ կետ, դու հենման կետ ունես, երբ մտնում ես Ադրբեջանի թելադրած այդ դիսկուրսի մեջ, իսկ նրանք դա պատահական չնետեցին դաշտ, ակամայից հարցը տեղափոխում ես այլ հարթություն։

– Տիկի՛ն Հայրապետյան, ձեր տպավորությամբ՝ ադրբեջանական կողմը երեկվա հանդիպման արդյունքներից գո՞հ է։

– Դատելով այդ հայտարարության հրապարակումից հետո ընդամենը մեկ ժամ անց Ադրբեջանի ԱԳՆ հրապարակած հայտարարությունից՝ նրանք ողջունել են ու ասել, որ այն ամբողջությամբ համապատասխանում է Ադրբեջանի շահերին։ Հիմնականում՝ այո՛, որովհետև սա հերթական միջոցն է դառնալու Ալիևի ձեռքին՝ նույն դեմարկացիայի հետ կապված։

Անկեղծ, չեմ ցանկանում վատ կանխատեսումներով զբաղվել, բայց, ցավոք, գրեթե վստահ եմ, որ մենք այս պայմաններում նոր էսկալացիաներ ենք ունենալու սահմանին։ Այսինքն՝ հստակ ռազմավարության, ճշգրիտ քայլերի բացակայության պարագայում որևէ լավ բան չենք կարող ակնկալել։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am