«Ես դեմ եմ այս հարցի քաղաքականացմանը». Ըստ Շարմազանովի` Ռուբեն Հայրապետյանը որեւէ կապ չունի Վահե Ավետյանի մահվան հետ

ԱԺ փոխնախագահ եւ ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան դեպքին, նշում է, որ դեմ է այս հարցի քաղաքականացմանը եւ ՀՀԿ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին մանդատից զրկելու պահանջին:
«Եթե որեւէ մեկը փաստեր ներկայացնի, որ Ռուբեն Հայրապետյանը խախտել է օրենք կամ ինքը անձամբ հակաբարոյական քայլ է կատարել, մենք կքննարկեինք նրա մանդատից զրկվելու հարցը: Բայց նա կապ չունի դրա հետ, եւ ոչ մեկը իրավապահ մարմիններին նման փաստեր չի ներկայացրել»,- ասում է Շարմազանովը «Մեդիալաբին»:
Նա նշում է, որ խստագույնս ցավալով ու դատապարտելով այդ հանցանքը կատարողներին, պետք է օրենքի ողջ խստությամբ պատժվեն հանցագործները:
«Բայց ես դեմ եմ, որ այդ հարցը քաղաքականացնում են, եւ ուղիղ կապում են Ռուբեն Հայրապետյանի մանդատից զրկելու հետ: Որեւէ կապ նա չունի դրա հետ»,- հավելում է Շարմազանովը:
Հիշեցնենք, որ 33-ամյա Վահե Ավետյանը հունիսի 17-ին ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, անվտանգության աշխատակիցների կողմից ենթարկվելով ծեծի, 12 օր հոսպիտալում անգիտակից վիճակում կյանքի ու մահվան սահամանում իր մահկանացուն կնքեց հունիսի 29-ի երեկոյան:

Բազմաթիվ մարդիկ սգո եւ ցասման զգացումով երեկ մասնակցեցին Վահե Ավետյանի հուղարկավորությանը՝ ուղեկցելով նրան վերջին հանգրվան, որից հետո մինչեւ դատախազության շենքի մոտ տարբեր կուսակցությունների քաղաքական գործիչներ, հասարակական հայտնի դեմքեր, համախմբվելով հարյուրավոր քաղաքացիների հետ, շարունակեցին իրենց բողոքի, իրավատիրության եւ արդարադատության պահանջի ակցիան:

Շարունակելով բարձրացնել իրենց բողոքի ձայնը՝ վաղը ժամը 10:00-ին ակցիայի մասնակիցները կհավաքվեն Ազգային ժողովի առջեւ Ռուբեն Հայրապետյանին պատգամավորական մանդատից զրկելու պահանջով:

© Medialab.am