«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների դոկտոր Մերի Տեր-Ստեփանյանը
– Տիկի՛ն Տեր-Ստեփանյան, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված համաճարակային վիճակը ինչպե՞ս եք գնահատում. հարյուրավոր նոր դեպքեր են գրանցվում, իսկ մահերի թիվը շարունակում է մնալ երկնիշ թվի մակարդակում:
– Սա կարելի է համարել կորոնավիրուսային համավարակի չորրորդ ալիքի ավարտ, իսկ մահվան դեպքերը նախկինում հիվանդացածների ծանր ձևերն են, որոնք դեռ երկու-երեք շաբաթվա ընթացքում կլինեն: Ամեն դեպքում մենք ունենք հիվանդներ, և հիվանդությունը 2 և մի փոքր ավելի տոկոս մահաբերություն պահպանում է:
Այնպես չէ, որ համավարակը ավարտվել է, ուղղակի մեզ մոտ՝ Հայաստանում, անկման փուլն է: Բայց սա բոլորովին չի նշանակում, որ մենք պետք է թուլանանք ու համարենք, որ հաղթահարել ենք համաճարակը:
Սա համարվում է լուսավոր շրջան, որը պետք է օգտագործել՝ պատրաստվելու հաջորդ ալիքին:
– Ի՞նչ եզրահագումներ եք արել, վերահաստատո՞ւմ եք, որ պայքարի միակ միջոցը պատվաստումն է:
– Միանշանակ: Եթե վարակը, առավել ևս օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վարակը ունի պատվաստում, ապա այլընտրանք փնտրել ուղղակի պետք չէ: Իհարկե, և՛ դիմակը, և՛ սոցիալական հեռավորությունը նշանակություն ունեն վարակի կանխարգելման առումով, բայց սրանք ժամանակավոր միջոցներ են: Այս վարակների կանխարգելման համար հիմնական միջոցը միանշանակ պատվաստումն է:
– Հիմա հայտարարում են, թե քովիդի նոր շտամ է տարածվում աշխարհում, որը կոչվում է օմիկրոն: Դուք ի՞նչ գիտեք այդ շտամի մասին:
– Այո՛, նոյեմբերի 26-ի դրությամբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է օմիկրոն շտամը անհանգստություն ներկայացնող շտամ: Դրանք մինչ այդ չորսն էին: Այսօր 50-ից ավելի երկրում առկա է օմիկրոն շտամը: Վիրուսի մասին առայժմ հայտնի է, որ ունի ավելի ինտենսիվ տարածման միտում, կլինիկական ծանրության առումով դեռևս վաղ է ինչ-որ եզրահանգման գալ: Համենայնդեպս, չկան այնպիսի տվյալներ, որ ավելի ծանր է կամ ավելի թեթև: Բայց այն, որ ավելի ինտենսիվ է տարածվում, արդեն իսկ մտահոգիչ է:
– Կան տեղեկություններ, որ օմիկրոնից մահաբերությունը ցածր է:
– Դա դեռ վաղ է ասել: Համենայնդեպս, այն ունի ավելի շատ մուտացիաներ սպիտակուցի հատվածում. դա այն հատվածն է, որը պայմանավորում է քովիդի թե՛ կլինիկական ընթացքը, թե՛ մահաբերությունը: Այդ վիրուլենտ հատվածը «սպայք» սպիտակուցն է, որտեղ օմիկրոնի պարագայում տեղի է ունեցել ավելի շատ մուտացիաներ, քան նախկին շտամների դեպքում էր:
Հենց սրանով է այն դասակարգվել որպես անհանգստություն ներկայացնող շտամ: Իսկ ինչքանով ավելի մահաբեր կլինի կամ չի լինի, դեռ պետք է հետազոտել:
– Տիկի՛ն Տեր-Ստեփանյան, հիմա առողջապահության նախարարությունը շատ ակտիվ խթանիչների (բուստեր) մասին է իրազեկում հանրությանը: Դուք՝ որպես մասնագետ, ի՞նչ կասեք, դա անհրաժեշտությո՞ւն է:
– Գիտեք, եթե մենք ասում էինք, որ դելտա շտամի դեպքում անհրաժեշտություն կա ընդունել բուստեր, որպեսզի կանխվեն ծանր ձևերը և մահերը, ապա օմիկրոնի դեպքում սա ավելի վստահ է ասում ԱՀԿ-ն: Բուստեր դեղաչափ ունեցողները ավելի պաշտպանված են օմիկրոնից: Բուստեր դեղաչափը ցանկալի է անել նախևառաջ ռիսկի խմբերին՝ 65 և ավելի տարեկան անձանց, քրոնիկ հիվանդություններ ունեցողներին, բուժաշխատողներին, այսինքն՝ այն մարդիկ, որոնք ի սկզբանե ունեն քովիդով վարակվելու մեծ ռիսկ:
Բուստերը նախատեսվում է իրականացնել առաջին դեղաչափը ստանալուց վեց ամիս հետո, իսկ թե ի՛նչ պատվաստանյութով, նախարարությունը հրապարակել է այդ ուղեցույցը: Ասեմ, որ ես արդեն հոկտեմբեր ամսին եմ իմ բուստեր դեղաչափը ստացել և անձնական օրինակով կարող եմ ասել, որ դրա անհրաժեշտությունը կա:
Քանի դեռ կա համավարակը, մենք դրան համընթաց պետք է ձեռնարկենք մեր կանխարգելիչ միջոցառումները, որպեսզի մաքսիմալ դուրս գանք այս իրավիճակից:
Չի բացառվում, որ քովիդը դառնա սեզոնային վարակ և մնա մեզ հետ: Մենք ունենք գրիպի փորձը, որը մեզ հետ է մշտապես, և ամեն տարի պատվաստվում ենք դրա դեմ: Քանի դեռ մենք ունենք ընթացիկ իրավիճակը, ապա դրան համահունչ պետք է կանխարգելում իրականացնել:
– Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում պատվաստվել է շուրջ 1 մլն 400 հազար մարդ: Սա դեռևս չի՞ համարվում, որ պաշտպանական շերտը ապահովված է:
– Գիտեք, այդ թիվը վերաբերում է ընդհանուր պատվաստումներին, բայց երկու դեղաչափ, այսինքն՝ ամբողջական պատվաստում ստացածները մոտ 700 հազար են, ինչը մեր բնակչության 30 տոկոսը չի կազմում: Հետևաբար դեռ կրկնակի անելիք ունենք, որպեսզի հասնենք ցանկալի արդյունքի, ցանկալի ընդգրկվածության:
Սակայն պատվաստումային գործընթացում մեզ համար մտահոգիչ փաստն այն է, որ 65 տարեկանից բարձր անձանց պատվաստումային ցուցանիշը բավականին ցածր է, այսինքն՝ խոցելի խմբերը դեռևս խոցելի են մնում:
Հասմիկ Համբարձումյան
MediaLab.am