«Ասում էր՝ մա՛մ ջան, ես էլ ճանաչված երգիչ դառնամ, քեզ մեծ բեմերից ծաղիկ կտամ»․ Հենրիկը զոհվել է Թալիշի թեժ մարտերում

19-ամյա Հենրիկ Ասատրյանի երազանքն էր հայտնի երգիչ դառնալ։

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում էր սովորում, երբ զորակոչվեց բանակ ու մասնակցեց 44-օրյա պատերազմին։

Հենրիկի ծնողները սեպտեմբերի 27-ից որդուց լուր չեն ստացել։ Հենրիկը, ըստ ընկերների պատմածի, զոհվել է պատերազմի հենց առաջին օրը։

«Թալիշի դիրքերում էր ծառայում, մի տարի երկու ամսվա ծառայող էր, երբ պատերազը սկսվեց։

Սեպտեմբերի 26-ի երեկոյան եմ խոսել։ Դրանից հետո էլ կապ չենք ունեցել»,- հուզմունքով ասում է Հենրիկի մայրը՝ Անահիտ Ասատրյանը։

Հենրիկի ծնողները հոկտեմբերի 7-ին զոհված տղաների անունների ցուցակում տեսնում են իրենց որդու անունը, սակայն միաժամանակ տարբեր լուրեր են ստանում որդու մասին և հույս փայփայում, թե որդին գուցե վիրավոր է կամ գերի։

«Որ զանգ չստացանք, համ վատն էինք մտածում, համ՝ լավը, որ կարող ա՝ փրկվել ա։ Ցուցակների մեջ Հենրիկի անունը տեսնելուց հետո պապան մի քանի անգամ Արցախ է գնացել, բայց էդպես էլ անարդյունք։

Մեզ ասեցին, թե ողջ է։ Պապան, որ գնացել էր պոստերը, էդտեղից մենակ Հենրիկիս ժիլետն էր գտել, կրակածի հետքերը կային, մի փոքր արյուն… Ժիլետից երևում էր, որ Հենրիկս մահացած չէր լինի, մտածեցինք՝ վիրավոր ա եղել»,- պատմում է մայրն ու ասում, որ փնտրտուքի ու սպասման մեջ են եղել շուրջ 8 ամիս։

«Ամիսներ անցկացրինք Աստված կանչելով, որ գոնե երեխեն ողջ գա, հաշմանդամ գա, բայց ողջ գա։ Հետո մայիսին պարզվեց, որ երեխեն չկա․․․»- նշում է Անահիտը։

«Մայիս ամսին ԴՆԹ-ով գտանք, պապան պատահաբար գնացել էր Հերացի, միշտ գնում էր, հետո գտել էր մարմինը, դեմքը անճանաչելի էր, քայքայված ու վնասված, բայց մարմինը լրիվ տեղն էր»,- կսկիծով ասում է մայրը։

Թեպետ որդու մարմինը հողին են հանձնել, բայց մայրն ասում է՝ սրտի խորքում դեռ սպասում է որդուն։ Ասում է՝ մեկ տոկոս հույս ունի, որ որդին մի օր կհայտնվի։

«Մարմնի նկարը անընդհատ նայել եմ, նման է, բայց որ դեմքը չէր հասկացվում, էլի մեկ տոկոս հույս ունեմ, որ Աստված փրկել է։ Կարող է՝ մի հույս ու լույս բացվի, գերիներին բոլորին թողնեն, իմ երեխեն էլ գա»,- հուզմունքը կոկորդում խեղդելով ասում է մայրը։

Հենրիկ Ասատրյանը բնավորությամբ հանդարտ, հավասարակշռված, կոնֆլիկտները հարթող էր՝ պատմում է մայրը։

«Դաժը ընկերների մեջ որ վեճ, կռիվ լինեին, ասում էին՝ Հենոն մեր խաղաղության աղավնին է։ Ինքը խոսքով, բացատրելով հարթում էր, ասում էր՝ եթե կարելի է շնորհքով խոսալ, ինչի զարկեն իրար»։

Մայրն ասում է՝ ապրում էին Գյումրիում, սակայն որդին Երևանը շատ էր սիրում, որոշել էր բանակից գալ և ուսումը շարունակել Երևանում։ «Երևան երգեր ուներ ձայնագրած, ասում էր՝ լավ է Երևանում»։

Հենրիկը երգելուց բացի երաժշտական մի քանի գործիքի էր տիրապետում, սակայն ամենաշատ սիրում էր դուդուկը։ 

«Ասում էր՝ դուդուկն իմ հոգու հետ խոսում է։ Ասում էի՝ Հե՛ն ջան, հոգուդ ի՞նչ է եղել։ Ամեն ինչը՝ լավ, ապահովված, լավ ընտանիք ունես, ասում էր՝ չգիտեմ, մա՛մ ջան, տխրությունն ինձ մի այլ կարգի ձգում է։ Ուրախ երգեր չէր սիրում, միայն տխուր ու սիրային ոճի մեջ»։

Մայրն ասում է՝ որդին իր հետ շատ կապված էր, պատմում էր գաղտնիքներն ու կիսվում իր երազանքների ու նպատակների մասին։

«Հենրիկը փոքրուց երգիչ Կարեն Աթոյանի մոտ էր սովորում, մի տեսահոլովակ կա, երգում է Կարեն Աթոյանը և բեմից ծաղիկներ մայրիկին նվիրում։ Հենրիկիս մեջ տպավորվել էր, ասում էր՝ մա՛մ ջան, ես էլ ճանաչված երգիչ դառնամ, քեզ մեծ բեմերից ծաղիկ կտամ։ Ասում էր՝ առաջ պիտի գնամ, Լա Սկալայի բեմից պիտի երգեմ»,- պատմում է ու կրկին հուզվում մայրը։

Անահիտն ասում է՝ որդին բանակում սկսել էր երգերի բառեր գրել, զանգում էր և իր գրած երգերի տեքստը կարդում մորը, կարծիք հարցնում։

«Ուզում էր բանակից գար ու հենց իր գրած երգերը երգեր, ձայնագրվեր։ Բայց էդ երգի բառերը չկան, ոչ մի բան մեզ չհասավ»։

Որդու զոհվելուց հետո մայրն ասում է՝ կյանքն անիմաստ է դարձել, ապրում է որդու մասին հուշերով, նկարներով ու երգերով և ուժ գտնելով, որ աղջկան կարողանա մեծացնել:

«Անընդհատ հուշերն են, Ֆեյսբուքի իմ էջում անընդհատ Հենրիկս է՝ իր երգերը։

Ապրելու մի հույսը աղջիկս է, մեղք է, պետք է ոտքի հանեմ քույրիկին, թե չէ իմաստ չկա»,- ասում է որդեկորույս մայրը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am