Թանկագին և սիրելի ընթերցող. 2022-ին ընդառաջ

Սիրելի՛ ընթերցող,

Ավարտվում է հետպատերազմյան ևս մեկ տարի: 2021 թվականը և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքական իրադարձություններով հարուստ բուռն տարի էր: Տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, 2020-ի 44-օրյա պատերազմից հետո ծագած սահմանային անվտանգության հետ կապված հարցերը դեռևս չեն լուծվել և ավելին՝ մնում են ժառանգություն 2022-ին:

2021-ի ընթացքում «Մեդիալաբը» փորձել է համակողմանի ու հավասարակշռված անդրադառնալ ներքաղաքական իրադարձություններին՝ հրապարակվող նորությունների, փորձագետների ու հասարակական-քաղաքական գործիչների հետ հարցազրույցների, ինչպես նաև ծաղրանկարների և շարժվող ծաղրանկարների, սյունակների, ինչպես նաեւ սատիրիկ հոդվածների եւ այլ նյութերի միջոցով: 

Շուրջ 1 տարի մեր կայքի «44 օր» բաժնում անդրադարձել ենք պատերազմի ընթացքում հայ զինվորի գործած սխրանքին, կիսել ենք հարյուրավոր նահատակների ընտանիքների անդամների, հարազատների և ընկերների վիշտը, հանրայնացրել նրանց այսօրը, մտահոգություններն ու ապրումները: 

Հիշում ենք ու խոնարհվում:

Անցնող տարում ևս կորոնավիրուսային համավարակը հանգիստ չթողեց, և «Մեդիալաբը» փորձել է իր ընթերցողին «COVID-19» բաժնում ներկայացնել բացառապես մասնագիտական դիրքորոշում համավարակի ու դրա դեմ պայքարի միակ միջոց համարվող՝ պատվաստումների մասին՝ դիմակայելով ապատեղեկատվությանը:

Շնորհավորում ենք գալիք տոները՝ Ամանորը և Սուրբ Ծնունդը: Ցանկանում ենք, որ մեր երկրի առջև ծառացած բարդ խնդիրները մեր ժողովրդի համար նպաստավոր լուծումներ ստանան, որ մարդիկ իրենց զգան անվտանգ երկրում և ստիպված չլինեն բռնելու արտագաղթի ճամփան:

Թող նոր տարին ուրախություն բերի բոլորի ընտանիքներին:

Սիրելի՛ ընթերցող, շնորհակալ ենք, որ մեզ հետ ես: 

«ՄեդիաԼաբ»