«Մոմավառությունը չպետք է վերածվի վառելու, պայթեցնելու… ». փոխոստիկանապետը նախազգուշացնո՞ւմ է

«Մոմավառությունը չպետք է վերածվի վառելու, պայթեցնելու... ». փոխոստիկանապետը նախազգուշացնո՞ւմ է
«Մոմավառությունը չպետք է վերածվի վառելու, պայթեցնելու… ». փոխոստիկանապետը նախազգուշացնո՞ւմ է

Մինչ հայտարարվում է օգոստոսի յոթին` «Հարսնաքար» ռեստորանային համալիրում կրկին անգամ մոմավառության մասին, ի հիշատակ նույն վայրում դաժան ծեծի հետեւանքով հիվանդանոցում մահացած Վահե Ավետյանի քառանսունքի, կրկին անգամ այս թեմային է անդրադառնում ՀՀ փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը` կիսելով իր մտքերը Ֆեյսբուկ սոցիալական ցանցի իր պատին:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

«Երեկ ծննդյանս օրն էր: Այնպես է ստացվել, որ ես երկու ծննդյան օր ունեմ՝ հուլիսի 19-ին եւ 29-ին:Երկրորդը ուղղակի գրանցման օրն է, որը թյուրիմացաբար հայտնվել է փաստաթղթերիս մեջ եւ դարձել ծննդյանս օրը:

Սովորաբար, այդ օրերին ես անհասկանալիօրեն տխուր եմ, մռայլ, անտրամադիր ու անպայման գնում եմ եկեղեցի:

Երեկ նույնպես գնացի, աղոթեցի ու մոմ վառեցի:

Մոմ վառեցի նաեւ Վահե Ավետյանի հիշատակի համար:

Հիշեցի, որ մի քանի օր հետո նրա քառասունքն է ու կրկին կլինի մոմավառություն եւ մտածեցի, որ լավ կլինի, որպեսզի այս անգամ այն լինի հոգեմաքրման, բարին, լավը սերմանելու անկասկած՝ լուռ դատապարտմամբ չարը, վատը, անմարդկայինը ժխտելու փորձ:

Ու հիմա ինձ համար զարմանալի է, որ կրկին ոստիկանությունը պետք է կոչ անի միջոցառման կազմակերպիչներին ու մասնակիցներին այն խաղաղությամբ, մոմավառության խորհրդին համապատասխան անցկացնել, որպեսզի չկրկնվեն նախորդ երկու մոմավռությունների միջադեպերը, որպեսզի առանձին քաղաքացիներ, կազմակերպություններ ինքնահաստատման այլ միջոցներ եւ վայր ընտրեն:

Ու՞ր է եկեղեցին, ու՞ր են մտավորականները, քաղաքական-հասարակական գործիչները, լրագրողները:

Սա ինչ պասիվ, կրավորական կեցվածք է, Ձեզ չի հուզու՞մ այդ ամենը, թե՞ ինչքան վատ, այնքան լավ, իչքան ագրեսիա, սադրանք, այնքան պղտոր ջրում ձուկ որսալու հնարավորություն: Հարգելի հոգեւորականներ, բացատրեք քրիստոնյաններին մոմավառության խորհուրդը, այն անցկացնելու կարգը, պահելաձեւը: Հորդորեք, բացատրեք, խորհուրդ տվեք քրիստոնեաբար իրագործել այն:

Հարգելիներս, մենք պետք է անպայմանորեն անցածից հետեւություններ անենք՜ բոլորս: Ես հասկանում եմ,որ ինչ որ ուժեր, ոմանք փորձում են այս ողբերգությունից քամել ամեն ինչ, մինչեւ վերջին կաթիլը: Սակայն, նորից եմ հիշեցնում, մոմավառությունը չպետք է վերածվի վառելու, պայթեցնելու, քառատելու, շահարկելու, ինքնադատաստանի գործողությունների՝ լրագրողների մի ստվար հատվածի ,,շախ տվող,, կոչերի, ակտիվ ու ագրեսիվ մասնակցության պայմաններում:

Համաձայն եմ, պատիժը շատ կարեւոր է, որովհետեւ եթե չես պատժում՝ չպատժվողը լկտիանում է: Սակայն պատիժը պետք է լինի գործող օրենքների շրջանակում: Ես չեմ ուզում արդարացնեմ ոստիկանության ամեն գործողություն, սակայն ոստիկանությունից դուք կկարողանաք ավելին պահանջել, եթե ինքներդ լինեք մի փոքր ավելի օրինապահ…

Ես խնդրում, հորդորում եւ որպես ՀՀ քաղաքացի պահանջում եմ խաղաղ, հանգիստ, աստվածահաճո մոմավառություն, հանգիստ մթնոլորտ, խաղաղ իրավիճակ, որպեսզի Վահե Ավետյանի հոգին քառասուն օր հետո խաղաղ համբառնի երկինք…

Հ.Գ. Իմ համակուրսեցին, որ ակտիվ մասնակցում էր մոմավառություններին եւ մյուս ակցիաներին, ակտիվ լացում, գոռգոռում, քաշքշում էր՝ նկարվեց ու իր նման մի քանի հոգու հետ իմացա, որ լքել է Հայաստանը, մի քանիսն էլ ինքնահաստատման պրոցեսում են…

Բարին ընդ ձեզ»:

Հիշեցնենք, որ հուլիսի յոթին` Վահե Ավետյանի մահվան յոթի հիշատակին կազմակերպված մոմավառությունը վերածվել է քաշքշուկի, «Հարսնաքարը» շրջապատած բազմաթիվ ոստիկանները թույլ չէին տվել մասնակիցներին մոտենալ դեպքի վայրին` սեռական բնույթի հայհոյանքներ տեղալով նրանց հասցեին: Հատկանշական է, որ հուլիսի յոթից առաջ է փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը կրկին անգամ նմանատիպ բովանդակության գրառում էր կատարել իր էջում:

© Medialab.am