Այդ ո՞ր միամիտ մարդն է մտածում, թե Քրիստոսի մեծ արձանը կփրկի հայ ժողովրդին. Ճարտարապետների միության նախագահ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությունը՝ Հայաստանի ամենաբարձր բարձունքում Հիսուս Քրիստոսի 33-մետրանոց արձանը կանգնեցնելու մասին, բուռն քննադատության է արժանացել սոցիալական ցանցերում:

Ոմանք առաջարկում էին մեծահարուստ կուսակցականին ներդրումներ կատարել գիտության մեջ, կառուցել դպրոցներ, համալսարաններ, նպաստել երկրում տարբեր ոլորտների զարգացմանը, ոմանք էլ հեգնում էին՝ մեջբերելով հայտնի ֆիլմից՝ «չէ, սա Ռիո դե Ժանեյրոն չէ», այլ՝ Հայաստանը:

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի համար Ծառուկյանի ծրագիրը անհասկանալի նախաձեռնություն է:

«Մեր վերածննդի ժամանակը այն դեպքում կլինի, երբ մեր արդեն ունեցած հուշարձանները՝ 2-րդ, 4-րդ դարերից սկսած, գոնե կարողանանք պահել: Եթե մենք մեր աշխարհահռչակ հուշարձանները չկարողանանք պահել, թողնենք աղբի մեջ ու դրա ֆոնին կառուցենք Քրիստոսի արձանը, մեզ ոչ մեկը լուրջ չի վերաբերվի»,-«Մեդիալաբին» ասում է Մկրտիչ Մինասյանը:

Նրա խոսքով՝ զբոսաշրջիկը գալիս է Հայաստան, նայում՝ մի կողմից Քրիստոսի խոշոր արձան, մյուս կողմից՝ հնագույն մշակութային արժեք, որն անմխիթար վիճակում է:

Ճարտարապետների միության նախագահը դժվարանում է բացատրել՝ ինչու են մեծահարուստները նախընտրում խաչեր ու արձաններ դնել, եկեղեցիներ կառուցել և ներդրումներ չեն կատարում այլ ոլորտներում:

«Չգիտեմ, հավանաբար ծանոթ չեն իրենց պատմությանը, ծանոթ չեն հայ ժողովրդի ներուժին: Իսկ մենք, օրինակ՝ ասում ենք՝ մենք ունենք բազմաթիվ վթարված հնագույն հուշարձաններ, շինություններ, հին դարերից մնացած եկեղեցիներ, որոնք վերականգնման կարիք ունեն: Մեր քթի տակ Երևանի Կարմիր կամուրջն է՝ փլված, ինչո՞ւ չենք վերակառուցում: Անպայման Քրիստոսի արձա՞ն պետք է կառուցել»,- նշում է Մինասյանը:

Նրա խոսքով՝ այդ արձանը կանգնեցվելուց ամենևին էլ եկամտաբեր չի լինի զբոսաշրջության տեսանկյունից: Ավելին, նա ասում է՝ դրա փոխարեն պետք է մտածել մարդկանց պահել իրենց հայրենիքում:

«Պետք է կարողանան մտածել՝ ինչպե՞ս պահպանել մեր միջավայրը, մարդկանց, սահմանները: Այդ ո՞ր միամիտ մարդն է մտածում, թե Քրիստոսի մեծ արձանը կփրկի հայ ժողովրդին»,- նշում է նա:

MediaLab.am