Ընտրությունները վերահսկելու, թե՞ «հակառակ էֆեկտ». «Ժառանգության» նախաձեռնությունը` քննարկումների ալիքներում

Նախագահական ընտրություններից հաշված ամիսներ առաջ «Ժառանգություն» կուսակցության նախաձեռնությունը, ըստ որի առաջարկվում է ընտրելու հնարավորություն ընձեռել արտասահմանում բնակվող 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիներին, տարատեսակ գնահատականների է արժանացել քաղաքական ուժերի կողմից:
«Ժառանգության» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր նշել է, որ իրենց նախաձեռնության նպատակը դատական կարգով այդ մարդկանց սահմանադրական իրավունքը վերականգնելն է:
«Այդ մասին ես երեկ իմ ֆեյսբուքի էջում հայտարարություն տեղադրեցի: Եվ բավականին մեծ էին արձագանքները: Ողջունվում էր այդ նախաձեռնությունը, եւ մարդիկ պատրաստակամություն էին հայտնում աշխարհի տարբեր երկրներից, որ պատրաստ են դիմել դատական պաշտպանության եւ վերականգնել իրենց այդ իրավունքը»,-նշել է Զարուհի Փոստանջյանը:
Դեռեւս 2007-ի խորհրդարանական ընտրություններից առաջ Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններով արտասահմանում գտնվող ՀՀ քաղաքացիները զրկվեցին քվեարկելու իրավունքից:

Այժմ քվեարկություններին արտասահմանից էլեկտրոնային եղանակով մասնակցելու իրավունք ունեն ՀՀ այն քաղաքացիները միայն, ովքեր աշխատում են Հայաստանի դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչություններում կամ Հայաստանում գրանցված ընկերությունների օտարերկրյա մասնաճյուղերում:

Իր մեկնաբանություններում, Փոստանջյանը հավելել է, որ իշխանությունը մտավախություն ունի, որ ՀՀ քաղաքացիների` դրսում քվեարկելու իրավունքի վերականգնումը նաեւ կկանխի Հայաստանից բացակայող հարյուր հազարավոր քաղաքացիների փոխարեն իշխանությունների կողմից իրականացվող ապօրինի քվեարկությունը:

«Իհարկե, սա իշխանությունների համար եթե վնասաբեր չլիներ, իշխանությունները չէին դիմի այդ քայլին, եւ մեր քաղաքացիների այդ իրավունքը չէր արգելվի: Մենք պայքարելու ենք, իշխանությունը փորձելու է մեր պայքարը ճնշել: Բայց, այնուամենայնիվ, վերջ ի վերջո իշխանությունը պետք է հանձնվի եւ վերականգնի այդ իրավունքը, որովհետեւ այդ իրավունքը մեզանից օտարվել է ապօրինի կերպով», – նշել է պատգամավորը:

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը «Մեդիալաբի» հետ զրույցում նշում է, որ համամիտ է «Ժառանգության» ներկայացրած նախաձեռնության հետ եւ հավելում, որ ըտրակեղծիքները վերահսկելու առումով իրենք ընտրական օրենսգրքի նոր նախագիծ են պատրաստաում:

Ի տարբերություն ՀԱԿ-ի, «ՀՅԴ»-ն ամեն դեպքում այս պահին չի շտապում գնահատականներ տալ:

«Երբ որ մենք կունենանք այդ նախագիծը մեր ձեռքին, կծանոթանանք մանրամասն, նոր գնահատկան կտանք»,-«Մեդիալաբին» ասում է ՀՅԴ գերագույն խորհրդի անդամ Աղվան Վարդանյանը:

Սակայն ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյան իր մտավախությունն է հայտնում «Ժառանգության» նախաձեռնության վերաբերյալ:

«Չեմ պատկերացնում, թե ինչպե՞ս է հնարավոր համակարգել արտասահմանում բնակվող հայերի քվեարկությունը, որ ընտրակեղծարարությունների ու տարբեր անօրինականությունների տեղիք չտա»,- «168.am»-ին ասել է Նաիրա Զոհրաբյանը:

Նա կարծում է, որ օրենսդրական այս նախաձեռնությունը կարող է բարդացնել իրավիճակը, իշխանության ձեռքին լրացուցիչ լծակներ ավելացնել ընտրախախտումների իրագործման համար:

Ըստ Նաիրա Զոհրաբյանի, արտերկրում բնակվող հայերի ընտրության իրավունքի վերականգնման հարցը, անշուշտ, պետք է քննարկման ենթարկվի. «Մի երկրում, որտեղ ընտրակեղծարարության կայուն ու արմատացած ավանդույթներ կան, դա հակառակ էֆեկտ կունենա: Քանի դեռ մենք չունենք ընտրական քաղաքակիրթ համակարգ, նման նախաձեռնություններից պետք է ձեռնպահ մնալ, եթե անգամ նպատակը բարի է»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը խմբակցության անունից գրավոր դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին՝ ՀՀ ընտրական օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանադրականությունը ՀՀ Սահմանադրական դատարանում վիճարկելու առաջարկով:

© Medialab.am