«Ավելի լավ է առողջ լինեն, քան գնան դպրոց ու վարակվեն». ԱՆ-ն չի քննարկում կրթական պրոցեսը հեռավար դարձնելու հարցը

Երևանի թիվ 45 հիմնական դպրոցն այսօրվանից մինչև փետրվարի 20-ն ամբողջությամբ անցել է հեռավար ուսուցման: Աղավնի Պողոսյանը, որի երկու երեխան էլ հաճախում է այս դպրոց, «Մեդիալաբին» ասում է, չնայած հեռավար կրթությունն արդյունավետության տեսանկյունից այնքան էլ գոհացուցիչ չէ, հենց իրենց՝ ծնողների համար էլ է դժվարություններ ստեղծում, բայց ավելի լավ է հեռավար, քան ամեն անգամ երեխան հիվանդ գա տուն:

«Շատ կարճ ժամանակ առաջ է՝ ինչ երեխաներս ապաքինվել են, սուր շնչառական հիվանդությունով վարակվել էին դպրոցում, տնային պայմաններում բուժվելուց հետո իրենք լավացան, մենք հիվանդացանք: Ծանր է հեռավար դասապրոցեսը, հատկապես՝ երկու երեխայի պարագայում, բայց ավելի լավ է առողջ լինեն, քան գնան դպրոց ու վարակվեն»,- «Մեդիալաբին» ասում է Անին:

Թե հանրապետության դպրոցներում որքան է կազմում բացակայությունների տոկոսային ցուցանիշը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը չի կարող ասել, քանի որ դպրոցների մի զգալի հատված՝ թե՛ Երևանում, թե՛ մարզերում, անցել է հեռավար կրթության: Այդ դեպքում, ինչպես փոխանցում են նախարարությունից, իմաստ էլ չկա բացակայությունների թվային պատկերը ստանալու համար դիտարկումներ անել:

«Հստակ թիվ չեմ կարող ասել, որովհետև չափից շատ դպրոցներ՝ թե՛ մայրաքաղաքում, թե՛ մարզերում, դիմել են մեզ, որ անցնում են հեռավար կրթության: 14 օրով էին սկզբում դիմել, բայց քանի որ առողջապահության նախարարի որոշմամբ ինքնամեկուսացման տևողությունը կրճատվեց 7 օրով, դպրոցները 7 օրով են անցնելու հեռավարի, որից հետո, եթե անհրաժեշտ լինի, նորից կերկարաձգեն»,- «Մեդիալաբին» ասում է ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության հանրակրթական և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը:

Ազատյանի խոսքով՝ հիմնականում ուսուցիչների շրջանում է հիվանդացության բարձր ցուցանիշ, իսկ երեխաների մոտ՝ ավելի քիչ է, բացի այդ էլ, նրանք ավելի թեթև են տանում հիվանդության ընթացքն ու շուտ են ապաքինվում:

«Դպրոցների զգալի մասն անցած շաբաթ է տեղեկացրել, որ անցնում են հեռավարի, կարծում եմ՝ պիկը հենց անցած շաբաթ էր, որովհետև այսօր դեռ չունենք դպրոց, որը մեզ տեղեկացնի, որ անցնում է հեռավարի: Դպրոցները հիմնականում ամբողջությամբ են անցնում հեռավարի»,- ասում է Սուսաննա Ազատյանը:

Առողջապահության նախարարությունից դեռևս չեն դիմել կրթության նախարարությանը, որպեսզի ուսումնական գործընթացը կազմակերպվի հեռավար: Ինչպես «Մեդիալաբին» փոխանցեցին ԱՆ-ից, հավանաբար չեն էլ դիմի:

«Նման հարց դեռ չենք դիտարկում, որովհետև հարցը կարգավորվում է լոկալ ձևով: Նախարարության կողմից կա կարգավորում, որ եթե դպրոցում կամ թեկուզ մեկ դասարանում հիվանդացության ցուցանիշը 10%-ի շեմն անցնում է, ապա իրենք կարող են անցնել հեռավար կրթության, ու այս տարբերակից շատերն են օգտվում, և այդպիսով կարողանում ենք կանխել վիրուսի տարածումը»,- «Մեդիալաբին» ասացին առողջապահության նախարարությունից: Գերատեսչությունից նաև հավելում են՝ եթե կորոնավիրուսային համավարակով պայմանավորված հիվանդացության գործող ցուցանիշները պահպանվեն, ապա հնարավոր է արձանագրել, որ այս ալիքը ևս հաղթահարվել է:

Նկատենք, որ փետրվարի 6-ին՝ կիրակի օրը, Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1631 նոր դեպք, 11 մահ: Բուժվում է 28951 քաղաքացի:

Քրիստինե Աղաբեկյան  

MediaLab.am