«Լրիվ տրագեդիա է». ռուսական ռուբլու փոխարժեքի անկումը, պատժամիջոցները նեղ վիճակի մեջ են դրել արտահանող հայկական ընկերություններին

Հայաստանյան արտահանող ընկերությունից մեկի հիմնադիր, գործարար Երվանդ Թարվերդյանն ասում է՝ ռուս-ուկրաինական պատերազմը և դրա հետևանքով Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցներն արդեն բացասաբար են ազդում հայ գործարարների և, մասնավորապես, արտահանողների վրա:

«Պատժամիջոցները մշտապես ազդում են և դրա հետևանքով ռուսական ռուբլու փոխարժեքն անկում է ունենում: Նման կտրուկ տատանումներն ազդում են հայ արտահանողների գործարքների վրա, ինչն էլ շղթայական ռեակցիայով բացասաբար է ազդելու Հայաստանի տնտեսության վրա»,- «Մեդիալաբին» ասում է գործարարը:

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների գործադրման մասին հայտարարվեց երեկ. Մեծ Բրիտանիան ու եվրոպական մի շարք երկրներ սառեցրին տվյալ երկրներում ռուսական բանկերի և խոշոր մի քանի ընկերությունների ակտիվները։ Այդ պատժամիջոցները, ըստ եվրոպական երկրների ղեկավարների, ընդգրկելու են տնտեսական, ֆինանսական, ինչպես նաև ռազմական ոլորտները:

Եթե փետրվարի 20-21-ին ռուսական 1 ռուբլու միջին փոխարժեքը, ըստ ԿԲ-ի, կազմել է 6.22 դրամ, ապա երեկ արդեն՝ փետրվարի 24-ին, այն դարձել է 5.60 դրամ։ Այսօր՝ փետրվարի 24-ին, այն դարձել է 5.78 դրամ։

Ռուսաստանը համարվում է Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերը և՛ ներմուծման, և՛ արտահանման գծով: Վիճակագրական կոմիտեի համաձայն՝ 2021 թվականին Հայաստանը Ռուսաստան է արտահանել 847 մլն դոլարի ապրանք, որը 2020-ի համեմատ աճել է 24.5%-ով։ Ռուսաստան Հայաստանից արտահանվում են գինի, կոնյակ, վերամշակված գյուղմթերք, մսամթերք և այլն:

Հայ գործարարը վերլուծել է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այսօր ռուսական ռուբլու փոխարժեքը շուրջ 45 տոկոսով նվազել է, ինչը նշանակում է, որ արտահանող ընկերությունների շահութաբերությունը զգալիորեն անկում է գրանցել: Թարվերդյանի խոսքով՝ գործարարը պետք է այնքան ճկուն լինի, որ կարողանա ռուս գործընկերների հետ բանակցելով ստեղծված իրավիճակից սնանկացած դուրս չգալ ու գոնե առանց շահույթի աշխատել:

«Լրիվ տրագեդիա է. օրինակ՝ իմ ընկերությունը նախորդ շաբաթ ապրանք է արտահանել, այս շաբաթ պետք է գումար ստանա, դե, պատկերացրեք՝ այս փոխարժեքի ու ստեղծված իրավիճակի հետևանքով ինչքան վնասով է դուրս գալու ընկերությունը»,- նշում է նա:

Ի՞նչ կարող է անել կառավարությունը

Ռուբլու փոխարժեքի շարունակական նվազումը, ասում է՝ բարդ իրավիճակի առաջ կարող է կանգնեցնել գործարարին, և այս պարագայում կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի: Նրա ներկայացմամբ՝ կառավարությունում էլ գիտակցում են ծանր հետևանքները, և դրա համար էլ նախորդ շաբաթ էկոնոմիկայի նախարարությունում արտահանող ձեռնարկությունների հետ հանդիպում է տեղի ունեցել:

Բայց նա թերահավատ է. «Չեմ կարծում, թե կառավարությունը այսօր այնպիսի վիճակում է, որ հնարավորություն ունենա ինչ-որ մասով սուբսիդավորել ընկերություններին: Բայց եթե հանկարծ կարողացավ անել, շատ դրական քայլ կլինի ընկերությունների համար: Օրինակ՝ կառավարությունը կարող էր ֆիքսել պայմանական 7 դրամ փոխարժեք ռուբլու համար, տարբերությունը փոխհատուցեր»:

Առաջիկայում ծիրանի արտահանման շրջանն է, և ստեղծված իրավիճակում, ըստ նրա, չսնանկանալու համար պետք է գոյատևել: «Շուտով ծիրանի սեզոնն է, ու արտահանող ընկերությունները սկսելու են ծիրան արտահանել։ Եթե նման ցածր փոխարժեք լինի, պատկերացրեք՝ ինչքան գումար են կորցնելու գյուղացիական տնտեսությունները»,- նշում է Թարվերդյանը՝ հորդորելով կառավարությանն աջակցել գոնե փոքր ու միջին ընկերություններին:

Այն, որ ռուսական ռուբլու փոխարժեքի անկումը և պատժամիջոցները կազդեն Հայաստանից արտահանումների վրա, «Մեդիալաբին» ասել էր նաև տնտեսագետ Գագիկ Մակարյանը:

«Մեր արտահանողների համար դա վնասակար կլինի: Բնականաբար, որոշակի խառնաշփոթ կառաջանա տնտեսության մեջ, շուկայում, առևտրի մեջ, մարդկանց հոգեբանության վրա կազդի, ինչքան էլ ռուս ազգը լինի համախմբված, նվիրված և այլն: Այդ ամենը, բնականաբար, կանդրադառնա նաև Հայաստանի վրա, որովհետև Հայաստանի արտաքին առևտրի թիվ մեկ գործընկերը Ռուսաստանն է: Այդ համատեքստում մեր երկիրը շատ զգայուն և դիվերսիֆիկացված չէ արտաքին երկրների հետ առևտրային հարաբերություններում»,- նշել էր Մակարյանը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am