Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և ռուսական ռուբլու արժեզրկումը. ի՞նչ է սպասում ռուսական տրանսֆերտներով ապրող հայ ընտանիքներին

Հայաստանի տնտեսագետների վերլուծությամբ՝ ռուսական ռուբլու շարունակական արժեզրկումը կարող է խիստ բացասական ազդեցություն գործել Հայաստանի ֆինանսատնտեսական շուկայի վրա:

Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախությունը ճանաչելու մասին փետրվարի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձից հետո այսօր արդեն մոսկովյան բորսայում իրավիճակն անկայուն է. խոշոր ռուսական ընկերությունների ակցիաները 20-30 տոկոսով անկում են ապրել, իսկ ռուսական ռուբլի-դոլար փոխարժեքը հատում է 80 ռուբլու սահմանագիծը: Ռուսաստանի ֆինանսատնտեսական շուկան սպասում է՝ ինչ պատժամիջոցներ է կիրառելու Արևմուտքը:

Տնտեսագետ Հրանտ Միքայելյանն ասում է՝ իրավիճակը զարգացման փուլում է, և ցանկացած վերլուծություն հիմա կարող է խիստ տեսական լինել:

«Եթե իսկապես ռուբլու երկարատև անկում տեղի ունենա, ապա դա, իհարկե, շատ բացասական ազդեցություն կունենա Հայաստանի համար», – «Մեդիալաբին» ասում է տնտեսագետը:

Նման նախադեպ, ըստ նրա, եղել է նաև 2014-ին, երբ դարձյալ պատժամիջոցներ կիրառվեցին ՌԴ-ի նկատմամբ, ինչի հետևանքով ռուբլի-դոլար փոխարժեքը հասավ 80-90 ռուբլի սահմանագծին: Նրա խոսքով՝ ամեն ինչ կարող է կախված լինել այն հանգամանքից, թե ի՞նչ պատժամիջոցներ կկիրառվեն Ռուսաստանի դեմ կամ կկիրառվե՞ն, թե՞ ոչ:

«Հիմա հնարավոր չէ ասել, թե ուկրաինական իրադարձությունները ինչպես կարող են զարգանալ, ինչ պատժամիջոցներ կկիրառի Արևմուտքը, հետևաբար, հստակ կանխատեսումներ ու վերլուծություններ կատարելու համար պետք է մի քիչ սպասել»,- նշում է Միքայելյանը:

Հաշվի առնելով այն, որ Հայաստանում բնակչության մի ստվար հատված ապրում է Ռուսաստանից հարազատ-բարեկամների փոխանցած ռուսական տրանսֆերտների հույսին, ինչպե՞ս կարող է ռուբլու արժեզրկումը ազդել դրա վրա հարցին, Միքայելյանն արձագանքում է. «Այո՛, տրանսֆերտների մի զգալի մասը փոխանցվում է Ռուսաստանից, և կախված արժեզրկման չափից՝ բացասական ազդեցություն կունենա այն ընտանիքների վրա, որոնք ՌԴ-ից դրամական փոխանցումների են սպասում: Ուզում եմ ասել՝ այդ անկումը Հայաստանի համար մակրոտնտեսական ազդեցություն չի ունենա»:

Ռուսաստանի ֆինանսատնտեսական շուկայում տիրող իրավիճակը և, մասնավորապես, ռուսական ռուբլու արժեզրկումը, ըստ տնտեսագետ Գագիկ Մակարյանի, մի քանի առումներով ձեռնտու չեն լինի Հայաստանի համար:

«Նախևառաջ՝ մեր արտահանողների համար դա վնասակար կլինի, երկրորդ՝ տրանսֆերտների համար խնդիր կառաջացնի: Մեր հայրենակիցները, որոնք այնտեղ աշխատում են ու գումարներ ուղարկում այստեղ իրենց հարազատներին, արժեզրկված փողի պարագայում ավելի քիչ կկարողանան աջակցել: Եվ մյուս խնդիրն այն է, որ այդ ամենի հետևանքով այդ ընտանիքների սոցիալական վիճակը կարող է վատանալ՝ Հայաստանում շարունակվող գնաճի պայմաններում»,- «Մեդիալաբին» ասում է Մակարյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում ռուսական տրանսֆերտները որոշակի ակտիվություն են ապահովում՝ շուկայում շարժ կա, գումար է շրջանառվում, իսկ դրանց նվազումը կարող է մուլտիպլիկատիվ ազդեցություն թողնել երկրի ֆինանսատնտեսական շուկայի վրա:

Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների դեպքում այդ երկրի էկոնոմիկան պետք է կոնսոլիդացվի ու իր ներքին ռեսուրսների հաշվին դիմակայի: Այդուհանդերձ, ըստ մասնագետի, այդ պատժամիջոցները բացասական ազդեցություն կունենան երկրի տնտեսության վրա:

«Բնականաբար, որոշակի խառնաշփոթ կառաջանա տնտեսության մեջ, շուկայում, առևտրի մեջ, մարդկանց հոգեբանության վրա կազդի, ինչքան էլ ռուս ազգը լինի համախմբված, նվիրված և այլն: Այդ ամենը, բնականաբար, կանդրադառնա նաև Հայաստանի վրա, որովհետև Հայաստանի արտաքին առևտրի թիվ մեկ գործընկերը Ռուսաստանն է: Այդ համատեքստում մեր երկիրը շատ զգայուն և դիվերսիֆիկացված չէ արտաքին երկրների հետ առևտրային հարաբերություններում»,- ընդգծում է Մակարյանը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am