Հաագա ներկայացրած Ուկրաինայի իշխանությունների հայցը փոքր-ինչ անորոշ է. միջազգային իրավունքի մասնագետ

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանը աննախադեպ է համարում ՄԱԿ-ի միջազգային դատարան (Հաագա) ներկայացրած Ուկրաինայի իշխանությունների հայցը և նաև՝ փոքր-ինչ անհասկանալի:

«Առաջին դեպքն է, երբ «ցեղասպանություն» եզրույթի անթույլատրելի օգտագործման հետ կապված է հայցը: Անկեղծ ասած, աննախադեպ երևույթ է, երբ փորձում են վեճի առարկա դարձնել ոչ թե ցեղասպանական գործողությունները, այլ ցեղասպանական գործողություն չհանդիսացող վարքագիծը ցեղասպանություն որակելը»,-«Մեդիալաբին» ասում է Խզմալյանը:

Հաագա դիմելու մասին Զելենսկին հայտարարել էր փետրվարի 27-ին՝ ասուլիսում ընդգծելով, որ Ուկրաինան պաշտոնապես հայց է ներկայացրել Միջազգային իրավունքի դատարան Ռուսաստանի դեմ և պահանջում է հաջորդ շաբաթ լսումներ հրավիրել: Հայցի առարկան «ագրեսիան արդարացնելու համար ցեղասպանություն հասկացության խեղաթյուրումն» է ՌԴ-ի կողմից:

Բանն այն է, որ մինչ պատերազմական գործողություններ սկսելը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնբասում տեղի ունեցած զինված հարձակումները որակել էր ցեղասպանություն և ընդգծել. «Ուկրաինայում զանգվածաբար խախտվում են մարդկանց իրավունքները, ռուսախոս բնակչության նկատմամբ խտրականություն է ցուցաբերվում իրավական հարթությունում: Մեր գնահատականներով՝ այն, ինչ կատարվում է Դոնբասում, ցեղասպանություն է»:

Որպեսզի ավելի պատկերավոր լինի, Արա Խզմալյանն ասում է՝ սովորական պայմաններում Ուկրաինայի հայցը նման է զրպարտության համար դատարան ներկայացվող հայցերին: Մասնագետը դժվարանում է ասել՝ ինչ ելք կունենա նման հայցը ՄԱԿ-ի միջազգային դատարանում, քանի որ անորոշությունը շատ է այս գործի պարագայում:

«Շատ բարդ է, ես դժվարանում եմ գնահատել այդ հայցի հնարավորությունները Հաագայում: Ուղիղ որևէ նորմի խախտում չեմ կարող մատնանշել, բայց տեսականորեն չի բացառվում»,- նշում է մասնագետը՝ կարծիք հայտնելով, որ հնարավոր է՝ Ուկրաինայի իշխանությունների կողմից այդ քայլի մասին հայտարարությունը սեփական վարկանիշը բարձրացնելու նպատակ ուներ:

Ինչ վերաբերում է պատերազմական գործողություններում ռուսական զորքի վարքագծին, միջազգային իրավունքի մասնագետը վստահ չէ, որ նրանց գործողություններում ցեղասպանական տարրեր կան: Փոխարենը՝ կան մարդասիրական իրավունքի խախտումներ: 

«Ճիշտ է, ինֆորմացիան քիչ է վերջնական որևէ եզրակացություն անելու համար, բայց այն, ինչ հասանելի է, այո՛, դրա հիման վրա կարելի է ասել, որ մարդասիրական իրավունքի խախտման տարրեր կան Ռուսաստանի վարքագծում: Տեսականորեն պատերազմական հանցագործություններ ևս կարող են եղած լինել: Միանշանակ կա նաև ագրեսիա Ռուսաստանի կողմից»,- նշում է նա:

Արցախում 2020-ին տեղի ունեցած 44-օրյա և փետրվարի 22-ից մեկնարկած ռուս-ուկրաինական պատերազմները մեկ ընդհանրություն ունեն՝ հարձակում գործած երկրները անիրավաչափ վարքագիծ են դրսևորել:

«Հարձակում գործած երկու երկրները՝ Արցախի դեպքում՝ Ադրբեջանը, Ուկրաինայի դեպքում՝ Ռուսաստանը, ոչ իրավաչափ են գործել: Բայց ինչ վերաբերում է ընթացքին, ինձ համար դեռ անորոշ է՝ ինչ է տեղի ունենում այնտեղ: 

Միանշանակ է, որ Ռուսաստանի հարձակումը ոչ իրավաչափ է: Այդպես էր նաև Ադրբեջանի հարձակումը: Իսկ ընթացքի տեսանկյունից, կարող եմ ասել, որ կարծես թե քաղաքացիական անձանց կամ բնակելի հատվածների վրա կիրառվել է զենք, բայց չկա վստահություն, որ դա եղել է նպատակային, ինչպես Ադրբեջանի դեպքում էր: Վարձկաններ նույնպես ռուս-ուկրաինական պատերազմում կարծես չեն օգտագործվում: 

Այս պահին հստակ որևէ բան ասելը ոչ պրոֆեսիոնալ կլինի, անհրաժեշտ են վերջնական ու հավաստի տվյալներ վերջնական գնահատականներ տալու համար»,- ներկայացնում է Արա Խզմալյանը:

Բացի այդ, ըստ մասնագետի, այս պատերազմի համատեքստն այլ է, և խաղաղ բնակչության նկատմամբ խոշտանգումներն այնպիսին չեն լինի, ինչպես ադրբեջանական կողմն էր վարվում հայ բնակչության հետ:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am