«Ոչինչ չանելը ճիշտ չէ, և ստեղծված ֆորսմաժորային իրավիճակում լաստանավով հաղորդակցությունը կարող է լուծում լինել». Կարեն Ղարագյոզյան

«Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Ղարագյոզյանն ասում է՝ լաստանավային հաղորդակցությունը, միանշանակ, կարող է թեթևացնել վերջին շրջանում բեռնափոխադրման ոլորտում առաջացած խնդիրները:

«Կառավարության որոշումը, կարծում եմ, իրավիճակային լուծում է և բխում է Վերին Լարսում ստեղծված իրավիճակից և ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով առաջացած խնդիրներից»,- «Մեդիալաբին» ասում է Ղարագյոզյանը՝ մեկնաբանելով այսօր Կառավարության նիստին ընդունված որոշումը:

Կառավարությունը, հիշեցնենք, այսօր ընդունած որոշմամբ պատրաստվում է սուբսիդավորել արտահանման կամ ներմուծման նպատակով Փոթի-Կավկազ նավահանգիստ լաստանավային կանոնավոր հաղորդակցությունը:

Մասնավորապես, կփոխհատուցվեն Փոթի-Կավկազ նավահանգիստ-Փոթի ուղղությամբ լաստանավով տեղափոխման ծախսերը։ Գործադիրից վստահեցնում են, որ այսպիսով կնվազեն Ռուսաստանից դեպի Հայաստան գործող միակ ցամաքային ուղու` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով պարբերաբար փակվելու հետևանքով բեռնափոխադրումների ժամանակ առաջացող խնդիրները։

«Միանշանակ, դա կարող է լուծում լինել, որը մեծ դեր, նշանակություն կունենա ստեղծված ֆորսմաժորային իրավիճակում»,- նշում է Կարեն Ղարագյոզյանը:

Նա հիշում է՝ 2000-ական թվականներին, երբ դեռ Վերին Լարսի ճանապարհն ամբողջ թափով չէր գործում, և ճանապարհները գրեթե փակ էին, լաստանավային հաղորդակցությունն ակտիվ է եղել: «Անկախ ֆորսմաժորային իրավիճակներից, մինչև Լարսի մաքսակետի բացումը լաստանավային հաղորդակցությունը եղել է բեռնափոխադրումների հիմնական տարբերակը»,- նշում է կազմակերպության նախագահը:

Ինչ վերաբերում է լաստանավով տեղափոխման ծախսերի փոխհատուցմանը, Ղարագյոզյանը այս որոշումը դրական է համարում. «Միանշանակ, ցանկացած ֆինանսական աջակցություն, լինի սուբսիդիայի տեսքով, հարկերի արտոնության տեսքով, կարող է օգտակար լինել բեռնափոխադրման կանոնավոր իրականացման համար: Ոչինչ չանելը ճիշտ չէ, պետք է ինչ-որ բաներ մտածել»:

Վերին Լարսում վերջին օրերին մեքենաների կուտակումների խնդիրը, նրա ներկայացմամբ՝ պայմանավորված է եղանակային անբարենպաստ պայմաններով: «20-25 օր է՝ եղանակը շատ վատ է, ինչի հետևանքով երթևեկելի չէ ճանապարհը»,- նշում է նա:

«Այս նոր իրավիճակում, երբ պարենային անվտանգության հարցը դառնում է ամենակարևոր խնդիրներից մեկը յուրաքանչյուր երկրի համար, կարիք կա ֆունդամենտալ լուծում տալ։ Մենք առաջարկում ենք սուբսիդավորել Փոթի-Կավկազ լաստանավային կանոնավոր հաղորդակցությունը, որն իրականացվում է շաբաթական երկու անգամ, որպեսզի կարողանանք որոշ ժամանակի ընթացքում մեր լոգիստիկ բեռնափոխադրումների էական մասը տեղափոխել երկաթուղային տրանսպորտային ձևի»,- Կառավարության նիստին որոշումը հիմնավորելիս ասել էր էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

MediaLab.am