«Դեմ գնալով Հայաստանի պետական շահին՝ նրանք ամբողջությամբ սպասարկում են Ռուսական կայսրության շահերը». Քոչինյանը՝ ընդդիմության հանրահավաքի մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արեգ Քոչինյանը

Պարո՛ն Քոչինյան, Փաշինյան-Ալիև-Միշել բրյուսելյան եռակողմ այցից առաջ խորհրդարանական ընդդիմությունն այսօր հանրահավաք է հրավիրել՝ կոչ անելով մարդկանց գնալ Ազատության հրապարակ հանուն Արցախի փրկության և Հայաստանի պահպանման: Ձեզ համար ընդունելի՞ է ընդդիմության օրակարգը, որով մարդկանց հրավիրում են հանրահավաքի:

– Ձեր նշած միավորին ես ընդդիմություն չեմ համարում, և, անկեղծ ասած, չգիտեմ էլ, թե ի՛նչ նպատակով է այդ հանրահավաքը հրավիրված, բայց կարևոր էլ չէ, թե իրենք ինչ են հայտարարում: Այդ հանրահավաքն արվում է Նիկոլ Փաշինյանի դիրքերը թուլացնելու համար՝ հետևյալ հաշվարկով, որ եթե հնարավոր չեղավ Հայաստանի ներքաղաքական կյանքում ինչ-ինչ կոմպրոմիսների հասնել, ապա իշխանությունները չեն ստորագրի որևէ փաստաթուղթ, չեն գնա հարաբերությունների կարգավորման, ինչն իրականում ծայրահեղ անհրաժեշտ է Հայաստանին:

Այսինքն՝ արհեստականորեն թուլացնում են իշխանության դիրքերը, որ Հայաստանը չգնա որևէ փաստաթուղթ ստորագրելու և որևէ կարգավորման: Սա, բնականաբար, դեմ է Հայաստանի շահերին, բայց ամբողջությամբ սպասարկում է Ռուսական կայսրության շահերը, քանի որ Ռուսաստանի համար ծայրահեղ կարևոր է, որ այս իրավիճակում ո՛չ հայ-թուրքական, ո՛չ հայ-ադրբեջանական հարաբերությունները չկարգավորվեն: Իսկ այդ ուժերը, որոնց մասին ասում եք, ունեն մեկ նպատակ՝ սպասարկել իրենց իսկական տերերի շահերը:

Այսինքն՝ գտնո՞ւմ եք, որ այս հանրահավաքը կազմակերպվել է, որովհետև, ինչպես ասում են, ընդդիմությունը Ռուսաստանից ազդակնե՞ր է ստացել:

– Այո՛:

Պարո՛ն Քոչինյան, իսկ ի՞նչ սպասելիքներ ունեք բրյուսելյան այցից, ի՞նչ փաստաթուղթ եք ենթադրում, որ կողմերն այնտեղ կստորագրեն:

– Որևէ կերպ չեմ կարող ասել, թե ինչ փաստաթուղթ է ստորագրվելու կամ քննարկվում, որովհետև բանակցությունները, ըստ էության, ընթանում են փակ, գաղտնի սկզբունքով, ու փաստը, որ Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի և Ադրբեջանի նախագահի անվտանգության հարցերով խորհրդականի միջև նախահանդիպում, ևս մեկ անգամ փաստում է, որ բավականին լուրջ քննարկում և բանակցություն կան, բայց, նորից եմ ասում, ասել, թե ինչ է տեղի ունենում կամ ունենալու, այսօր հնարավոր չէ, եթե ամբողջական տեղեկատվությանը չես տիրապետում: Իմ մոտեցումը հետևյալն է, որ Հայաստանին անհրաժեշտ է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հասնել հարաբերությունների կարգավորմանը, և դրանց որևէ կերպ վնասելը չի բխում Հայաստանի պետական շահերից:

Իսկ ընդդիմության հանրահավաքին ակտիվ մասնակցություն կանխատեսո՞ւմ եք:

– Չեմ կարծում, միայն մի պարագայում դա կարող է լինել, եթե ընդդիմությանը հաջողվի մոլորեցնել մարդկանց ու տպավորություն ստեղծել, թե իշխանությունները դեմ են գնում Հայաստանի շահերին:

Վերլուծաբանների մի մասը, ընդդիմությունը պնդում են, թե Ադրբեջանի առաջարկած հինգ կետերը չեն բխում Հայաստանի շահերից, իսկ, ինչպես գիտենք, Հայաստանի իշխանությունը բազմիցս հայտարարել է, որ իրենք ընդունում են այդ կետերը: Իշխանության այս հայտարարությունը թույլ է տալիս վերոնշյալ շրջանակներին ասել, որ գործող իշխանությունը պատրաստ է Արցախը ճանաչելու Ադրբեջանի մաս: Մտահոգվելու առիթ չկա՞ այս ամենում:

– Ես չեմ կարծում, որ Հայաստանն Արցախը ճանաչելու է Ադրբեջանի կազմում, ըստ իս՝ դա երբեք չի լինելու: Բացի այս, եթե երբևիցե, որևէ պահի Հայաստանն ի վիճակի լինի Արցախի հարցով նորից զբաղվելու, իսկ հիմա ի վիճակի չէ, ես ձեզ վստահեցնում եմ, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչած կամ չճանաչած լինելու հարցը որևէ կերպ ո՛չ օգնելու, ո՛չ էլ խանգարելու է որոշում կայացնելու գործում: Եթե մենք ի վիճակի լինենք, չենք ասելու՝ գիտեք, արդեն ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ու չենք կարող Արցախի հարցը բարձրացնել: Այս ամենը մի տեսակ լուրջ չէ:

Պարո՛ն Քոչինյան, փաստորեն, գտնում եք, որ իշխանություններն այսօր անում են ամեն ինչ հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ կարգավորելու համա՞ր:

– Չեմ ասի, որ ամեն ինչ անում են, ես հույս ունեմ, որ անում են, որ իրենց հայտարարություններին իրապես լուրջ են վերաբերվում և շարժվում են այդ ուղղությամբ: Համենայնդեպս, ես կարծում եմ, որ այսօր Հայաստանի շահերից բխող ամենալավ տարբերակը հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ակտիվորեն գնալն է:

Ասում եք՝ Ռուսաստանի շահերից է բխում, որ Հայաստանը չկարգավորի հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ, կասեք՝ ինչո՞ւ:

– Ռուսաստանի ազդեցության ամենակարևոր բաղադրիչն անվտանգությունն է՝ անվտանգություն Թուրքիայից ու հիմա նաև՝ Ադրբեջանից: Որ պահին այս բաղադրիչը դուրս է գալիս կամ ինչ-որ չափով փոխվում է, Ռուսաստանի ազդեցությունը նույնպես դուրս է գալիս կամ այդ չափով փոխվում է:

Սա այն ամենապրիմիտիվ իրականությունն է, որը պետք է հաշվի առնել, իսկ առանց Հայաստանի՝ Ռուսաստանի ունեցած այսօրվա որակական ազդեցության, վերջինս ազդեցություն չի ունենա նաև ամբողջ տարածաշրջանում: Այսպիսով՝ եթե Ռուսաստանն ուզում է տարածաշրջանում ազդեցություն ունենալ, ապա հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունները պետք է վատ լինեն:

Այնուամենայնիվ, վաղը Բրյուսելում կողմերը որևէ փաստաթուղթ կստորագրե՞ն:

– Չեմ կարող ասել, որովհետև բանակցային գործընթացին չեմ տիրապետում:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am