«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը
– Պարո՛ն Սուրենյանց, ձեր գնահատմամբ՝ ի՞նչ փուլում են հայ-ադրբեջանական հարաբերություններն այսօր։ Հաշվի առնելով այն, որ երկու երկրների արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել, կարո՞ղ ենք ասել, որ գործում է հայ-ադրբեջանական ուղիղ կապը։
– Կարծում եմ` այո՛, մանավանդ որ ուղիղ կապ ստեղծելը դարձել է անհրաժեշտություն, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ, ըստ էության, նոր իրողություն ստեղծվեց Լավրովի վերջին հայտարարությունից հետո, չնայած բոլորիս համար պարզ էր, որ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը՝ որպես այդպիսին, չի գործում, գոյություն չունի։
Բայց այլ բան է փաստացի իրականության մեր ընկալումը, այլ՝ երբ դրա մասին հայտարարություն է հնչեցնում համանախագահող երկրներից մեկի արտգործնախարարը։
Անկախ այն բանից, որ երեկ տեղի է ունեցել նաև Արարատ Միրզոյանի հանդիպումը Երևան ժամանած Ֆրանսիայի համանախագահի հետ, ակնհայտ է, որ դա ավելի շատ քարոզչական ֆոն է ստեղծում։ Միջնորդական առաքելություն՝ ի դեմս համանախագահության, գոնե մոտ ապագայում չի լինելու։ Հետևաբար ինչքան շատ լինեն ուղղակի երկխոսության գործիքները, այնքան լավ։
Արտգործնախարարների հեռախոսազրույցը դրա դրսևորումներից մեկն է, այս փուլում կարևորում եմ, որ հայ-ադրբեջանական երկխոսության տարբեր հարթակներ ստեղծվեն, դա մի կողմից օգնում է հայ-ադրբեջանական երկխոսության ամբողջացմանը, մյուս կողմից էլ՝ քանի կա երկխոսություն, այնքան ավելի քիչ են պատերազմի վերսկսման ռիսկերը։
– Այսինքն՝ դուք այն վերլուծաբանների խմբո՞ւմ չեք, որ ասում են, թե Սերգեյ Լավրովի այդ հայտարարությունը, այսպես ասած, ապատեղեկատվություն է, որ Մոսկվան իր շահերից ելնելով է նման բան ասում։
– Ես քաղաքական ու քաղաքագիտական որոշ շրջանակների այդ մտածողության վրա եմ զարմանում․ ի՞նչ է նշանակում՝ Լավրովի ասածն ապատեղեկատվություն է։ Գիտեք, մեր խնդիրը չէ՝ ռուսները չեն ուզում արևմտյան համանախագահների հետ աշխատել, թե հակառակը։ Դա շատ բարդ հարց է ու պետք չէ այդ բարդ հարաբերությունների մեջ մտնել, փաստն այն է, որ համանախագահ երկրներից մեկը հայտարարում է, որ համատեղ աշխատանքն այս պահին չի ստացվում։
– Դե, ասում են, եթե համանախագահ մյուս երկրներն այդ մասին չեն ասում, նշանակում է Լավրովի ասածն այնքան էլ իրականությանը չի համապատասխանում, պարո՛ն Սուրենյանց։
– Բայց փաստացի մենք տեսնում ենք, չէ՞, որ այդ խումբը նույնիսկ Արցախում ստեղծված վերջին շրջանի ճգնաժամի օրերին որևէ հայտարարությամբ հանդես չի եկել, որևէ հանդիպման առաջարկ չի արել, հետևաբար այդ խումբը փաստացի անգործության մեջ է՝ անկախ Լավրովի հայտարարությունից։
Հենց այն փաստը, որ համանախագահներն առանձին-առանձին են այցելում տարածաշրջան, խոսում է այդ մասին, որ այդ ֆորմատը՝ որպես ինստիտուցիոնալ ամբողջություն, չի գործում։ Բայց պետք է նկատի ունենալ, որ կողմերից որևէ մեկը չի հայտարարել, որ ինքը հրաժարվելու է առանձին ջանքեր գործադրելուց։
– Եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ կապը ստացվի, և դեպքերի հետագա ընթացքը զարգանա երկկողմ ձևաչափում, ինչ եք կարծում, որոշումների կայացման գործում իրենց մասնակցությունը կունենա՞ն Ֆրանսիան, ԱՄՆ-ն ու ՌԴ-ն, թե՞ Ադրբեջանն ու Հայաստանը որոշումները կկայացնեն։
– Տարբեր միջնորդական ձևաչափեր չեն կարող լինել, այսինքն՝ մենք չենք կարող ակնկալել, որ մի քանի հարթակներում գործընթացներ են զուգահեռ լինելու, նման բան չի լինում: Այլ բան, որ տարբեր նախաձեռնություններ կարող են փոխլրացնել իրար, բայց միաժամանակ տարբեր միջնորդական հարթակներ չեն կարող լինել։
Շատ ավելի տեսանելի է, որ համանախագահներից հատկապես ակտիվ է լինելու Ռուսաստանը՝ հաշվի առնելով հանգամանքը, որ նա է հետպատերազմյան ստատուս քվոյի ու այս փխրուն խաղաղության երաշխավորը։
Չմոռանանք նաև, որ դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործում Ռուսաստանն առանցքային դեր ունի, որովհետև նրա զինված ուժերի գլխավոր շտաբում են պահվում քարտեզները։ Հայ-ադրբեջանական երկխոսության կայացման գործընթացում ավելի մեծ դերակատարություն է ունենալու Ռուսաստանը, մանավանդ որ ո՛չ Երևանը, ո՛չ Բաքուն սկզբունքորեն դեմ չեն դրան։
– Իսկ հայկական կողմի համար առավել ձեռնտու կլիներ, որ բանակցությունները, որոշումները կայացվեին Մինսկի խմբի ձևաչափո՞վ, թե՞ ներկայումս ստեղծված ձևով։
– Բնականաբար, Մինսկի խմբի համանախագահության ձևաչափն ամենալավն էր ու օպտիմալը, որովհետև դրանում ներկայացված էին աշխարհաքաղաքական գրեթե բոլոր կենտրոնները, այսինքն՝ բալանսավորված էր՝ որպես միջնորդական ինստիտուտ։ Այդ ձևաչափը Երևանին մանևրելու ավելի մեծ հնարավորություն էր տալիս։
Մյուս կողմից՝ ակնհայտորեն պետք է նկատենք, որ հիմնական հարցերի շուրջ՝ անկախ նրանից, ֆորմատը կգործի, թե ոչ, Մոսկվան, Փարիզն ու Վաշինգտոնն ունեն գրեթե նույնական պատկերացումները խաղաղության պայմանագրի, դելիմիտացիայի ու դեմարկացիայի, կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում։
Եթե գանք Ացախի կարգավիճակի հարցին, տեսնում ենք, որ թե՛ Մինսկի համանախագահության ձևաչափում, թե միայն Ռուսաստանի միջնորդության դեպքում, եթե դա լինի, միևնույն է՝ Հայաստանն այսօր Արցախի անկախության հարցում, ըստ էության, դաշնակիցներ չունի։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am