«Ձայնն անտրամադիր էր, ասեցի՝ ձեզ լավ պահեք, շուտով կվերջանա, ասեց՝ մա՛մ, արդեն վերջացավ, հետո իմացանք՝ շրջափակման մեջ էին». մայր

43-ամյա Լուսինե Ենգոյանն ասում է, որ երբեք մտքի ծայրով էլ չի անցել, որ կկորցնի Գևորգին՝ 19-ամյա որդուն: Հուզմունքով ասում է․ «Չեմ կարողանում համակերպվեմ, թե խի սենց եղավ»։

Լուսինեի որդին՝ Գևորգ Բաբայանը, զոհվել է պատերազմի ժամանակ։

Ժամկետային զինծառայող Գևորգը սերժանտ էր, եղել է դիրքի ավագը, ծառայել է Ջրականում, երբ սկսվել է պատերազմը։

Լուսինեն ասում է՝ մինչ հոկտեմբերի 5-ը որդին խոսելիս ասել է, որ ամեն ինչ լավ է, «սաղ տոչնի ա»։ Սակայն հոկտեմբերի 5-ին մայրը որդու ձայնի մեջ անհանգստություն է նկատել։ 

«Իրա ձայնն արդեն անտրամադիր էր, դրանից առաջ միշտ հարցնում էր՝ ի՞նչ կա հրադադարից, բայց էդ օրը չհարցրեց, ասեցի՝ ձեզ լավ պահեք, շուտով կվերջանա, ասեց՝ մա՛մ, արդեն վերջացավ»,- հուզմունքով պատմում է որդեկորույս մայրն ու նշում, որ հետո են իմացել, որ որդին ու զինակից ընկերները հայտնվել են շրջափակման մեջ։

«Աֆիցերի հետ գնում են ռազվեդկա, տեսնեն՝ ո՛նց կարան զինվորներին շրջափակումից դուրս հանեն, հետ են գալիս, աֆիցերին գլխից խփում են իրա կողքին, դրանից հետո արդեն ինքն իրա վրա ա վերցնում, զինվորներին ասում ա՝ դուք փախե՛ք, ես կպահեմ, հետո կրակով դուք կպահեք, ես դուրս կգամ: Էդ ժամանակ սնայպերը մոտիկ տարածությունից խփում ա Գևորգին»,- հուզմունքը կոկորդում խեղդելով ասում է մայրը։

Ծանր վիրավոր Գևորգը 8 ժամ մնում է անձրևի տակ, 8 ժամ հետո զինակից տղաները կարողանում են մոտենալ և օգնություն ցույց տալ։

«Մինչև գալիս են, հանում են, շուռ են տալիս, Գևս բան ա ասում, չեն հասկանում, մատները շարժում ա, հասկանում են, որ ողջ ա… Տանում են Գորիսում 8 ժամ վիրահատում են, երկու անգամ կլինիկական մահ ա տանում, բայց էլի պայքարում են, ուղղաթիռով բերում են Միքայելյան հիվանդանոց, բոլորը պայքարում են, դրանից հետո առաջին հիվանդանոց տեղափոխեցին։ 

Ուղեղը բաց էր, Ամերիկայից բժիշկներ էկան, ասեցին՝ պիտի փակվի, տարանք Հերացի հիվանդանոց, երկու վիրահատություն էլ էնտեղ տարավ, ընդհանուր յոթ վիրահատություն տարավ։ Մենք միշտ իրա հետ էինք, աչքերը բաց էին, բայց երևի մեզ չէր ճանաչում»,- հուզվում է Լուսինեն ու նշում, որ մինչև վերջ հրաշքի սպասումով ապրում էին, որ որդին կապաքինվի, սակայն Գևորգը նաև քովիդով է վարակվում և չի դիմանում։

«Մեզ ասում էին՝ եթե ապրի, հաշմանդամ կլինի, բայց մենք ասում էինք՝ դրան էլ ենք պատրաստ, մենք կպահենք, մենակ թե մեր հետ լինի։ Թղթերն ուղարկել էինք Ֆրանսիա, որ թողնեն մենակ օդ բարձրանա, տեղափոխենք, բայց ասեցին՝ չի դիմանա։ 

Դեկտեմբերի 31-ին թաղումն էր»,- ասում է ու կրկին հուզվում մայրը։

Գևորգ Բաբայանը Սևանի Լճաշեն գյուղից էր, դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի հանրային կառավարման բաժին։ Շատ կատակասեր, խինդով ու կյանքով լի էր, բնավորությամբ բարի ու բոլորին հասնող էր, «սիրտս, գանձս» բառերով էր դիմում մտերիմներին՝ ասում է մայրը։

«Ինքը շատ աշխույժ էր, ամեն ինչի մեջ ուրախություն էր տեսնում, կատակը լեզվի տակ ծալած դրած էր։ Վերջին օրը, որ էդքան անտրամադիր էր, ասեցի՝ հագներդ շոր կա՞, անձրև ա գալիս, ասեց՝ մա՛մ, ի՞նչ շոր, տերևով ենք, էդ օրը նույնիսկ կատակ էր անում»։

Լուսինեն ասում է՝ որդուց հետո կյանքը դատարկվել ու շրջվել է, այլևս խինդ ու ուրախություն չկա․ «Էլ ինչ կյանք, էլ կյանք չկա»։

Արփինե Արզումանյան

MediaLab.am