«Կարևորը` երեխեքը ողջ են մնացել ու ինձ ներել են». «փուչիկների գործով» Սերոբ Բոզոյանն ասում է, որ Աստված ու պետությունը պետք որոշեն` ո´վ պետք է պատժվի

«Կարևորը` երեխեքը ողջ են մնացել ու ինձ ներել են». «փուչիկների գործով» Սերոբ Բոզոյանն ասում է, որ Աստված ու պետությունը պետք որոշեն` ո´վ պետք է պատժվի
«Կարևորը` երեխեքը ողջ են մնացել ու ինձ ներել են». «փուչիկների գործով» Սերոբ Բոզոյանն ասում է, որ Աստված ու պետությունը պետք որոշեն` ո´վ պետք է պատժվի

«Փուչիկների գործով» դատապարտված Սերոբ Բոզոյանը դեկտեմբերի 7-ին վիրահատվելուց հետո այժմ ասում է, որ ընդամենը մեկ ցանկություն ունի՝ ստանալ պայմանական ազատազրկում:
Հիշեցնենք, որ այս տարի ՀՀԿ մայիսի 4-ի նախընտրական հանրահավաքի համերգային ծրագրի ժամանակ մեթանով լցված փուչիկների բռնկման գործով մեկ տարի ժամկետով դատապարտվեց միայն փուչիկները լիցքավորող Սերոբ Բոզոյանը:
Դեպքի առնչությամբ մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը) 2-րդ մասով (նույն արարքը, որն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը):

Նշենք, որ երկու անչափահաս երեխայի հայր Սերոբ Բոզոյանը հիվանդ է քաղցկեղով: Վիճակի վատթարացման հետևանքով նա 2009 թ.-ից հետո երկրորդ անգամ ենթարկվեց վիրահատության:

Ստեղծված իրավիճակը, սոցիալական ծանր կացությունը հնարավորություն չէին տալիս վիրահատության համար գումար տնտեսել կամ պարտք անել: Բոզոյանի վիրահատության համար գումար են հավաքել անգամ փուչիկների պայթյունից տարբեր աստիճանի այրվածքներ ստացած երիտասարդները:

Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական տվյալների՝ առնվազն 155 մարդ, մեծ մասամբ երիտասարդներ, տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել էր Երևանի բուժհաստատություններ: Ահա հենց նրանցից ոմանք էլ հանգանակությամբ մոտ 160.000 դրամ են հավաքել և տրամադրել Բոզոյանին:

«Այդ գումարի մի մասը վիրահատությանը հատկացվեց, մյուս մասը` հիվանդանոցում մնալուն, մյուս ծախսերին: Կարևորը` երեխեքը ողջ են մնացել ու ինձ ներել են, հիմա մնում է` պետությունն էլ ների ու մեղմացնի պատժամիջոցս»,- «Մեդիալաբին» ասում է Բոզոյանը, ով դեռ շարունակում է հիվանդանոցում մնալ վերջնական ապաքինվելու համար:

Նա նշում է, որ շատ է ցավում փուչիկների պայթյունի համար ու ցանկություն ուներ, որ իր երեխաները սոված չլինեին, ու ոչ ինքը ռիսկի չդիմեր, ոչ էլ այդ դժբախտությունը տեղի ունենար:

«Առաջարկել են, ես էլ փչել եմ, բայց զգուշացրել եմ, որ վտանգավոր է այդպես: Դե, մնացածն իրանց գործն է, իրանք գիտեն արդեն: Ես հիմա բան գլուխ չեմ հանում: Որ ինձ արդարացնեն, հույս էլ չունեմ, բայց գոնե պայմանական ազատազրկում տան, որ երեխեքիս գլխից պակաս չլինեմ, համ էլ ինքս ինձնով մի քիչ զբաղվեմ, հալի գամ»,-ասում է Բոզոյանը:

Բոզոյանի փաստաբան Կարեն Մանուչարյանը «Մեդիալաբի» հետ զրույցում նշում է, որ իրենք արդեն բողոքարկել են վերաքննիչ դատարան:

«Տեսնենք` ի´նչ կլինի, սպասում ենք` օր, ժամ ասեն, որ ներկայանանք»,- ասում է Մանուչարյանը:

Իսկ «Մեդիալաբի» այն հարցին, թե անկախ վերաքննիչ դատարանի կայացրած որոշումից, չպե՞տք է պատիժ կրեն մյուս մեղավորները, ովքեր տեղյակ են եղել փուչիկների` մեթանով լցված լինելու մասին, Բոզոյանը նշում է, որ դրա համար «դատարան կա, որ պետք է որոշում կայացնի, քննի»:

«Աստված, մեկ էլ պետությունը պետք որոշի, թե էլ ո´վ պետք է պատժվի, ես ի՞նչ կարող եմ ասել, դրա համար դատարաններ կան, որ քննում են, իրենք որոշում»,- հավելում է Բոզոյանը:

Հիշեցնենք, որ պայթյունի օրը ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանը երիտասարդներին մեթանով լցված 7000 փուչիկներով ուղեկցում էր հրապարակ: Ըստ Մարինե Բոզոյանի (Սերոբ Բոզոյանի կինը)` «168 ժամ»-ին ավելի վաղ տված հարցազրույցի՝ այդ օրը Կարեն անունով մեկը «ստիպել» է ամուսնուն, որ փուչիկները մեթանով լիցքավորեն, քանի որ հելիումը թանկ է:

Իսկ ըստ իրավապաշտպանների՝ Բոզոյանի կնոջ այդ հարցազրույցը բավարար հիմք է գործի նոր քննություն սկսելու համար:

«Բոզոյանի կնոջ հայտարարությունը միջնորդագիր ներկայացնելու բավարար հիմք է, այս հարցը պետք է բազմակողմանի և օբյեկտիվ ուսումնասիրվի: Պատվիրատուն նույնպես պետք է պատասխանատվություն կրի, քանի որ ակնհայտ տեղեկացված է եղել»,- «Մեդիալաբին» ասել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

© Medialab.am