«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը
– Պարո՛ն Սուրենյանց, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ու խաղաղության պայմանագրի կնքման գործընթացներում միջնորդների մասին, ասել է, որ Եվրամիությունը «ազնիվ միջնորդ է», ու ինքը շատ է գնահատում ներդրած ջանքերը: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Ալիևը դժգոհ է ռուսական կողմի միջնորդությունից ու այս հայտարարությամբ ինչ-որ մեսիջներ է փորձում հասցնել Ռուսաստանին:
– Կատեգորիկ գնահատական չէի տա, որովհետև այդ նույն խոսքում նա մի քանի անգամ ասում էր, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում որևէ խնդիր չունեն:
Մենք պետք է արձանագրենք երկու այլ հանգամանք. առաջինը՝ պատերազմից հետո ու նաև ուկրաինական ճգնաժամի ֆոնին Ադրբեջանի սուբյեկտայնությունը մեծացել է, այսինքն՝ Ադրբեջանը կարող է իրեն թույլ տալ այդ շռայլությունը ու իրապես բազմավեկտոր քաղաքականություն վարել, ու նա ռեալիզացնում է դա: Շատ ակտիվ նախաձեռնողական քաղաքականություն է վարում թե՛ ռուսական, թե՛ Եվրամիության ուղղությամբ ու փորձում է տարբեր հարաբերություններում նշաձողեր բարձրացնելով քաղել այն դիվիդենտները, որ բխում են իր օրակարգից:
Բայց Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերություններում ինչ-որ խնդիրներ, այնուամենայնիվ, կան, բայց դրանք ոչ թե ճգնաժամ են, այլ Ալիևը փորձում է այդ առաջացած որոշակի խնդիրները բարձրացնել՝ իր ամբիցիաների նշաձողը բարձրացնելով:
– Իսկ այդ խնդիրները արցախյան հակամարտության կարգավորմա՞նն են առնչվում:
– Մասնակիորեն կապված են, բայց միայն այդ խնդիրները չեն, որովհետև էներգակիրների հետ կապված մրցակցություն կա այս երկրների միջև, Կասպից ծովի հետ կապված խնդիրներ կան, այսինքն՝ իրենց հարաբերություններում խնդիրները շատ ավելին են, քան միայն Ղարաբաղի հարցն է, բայց, բնականաբար, Ղարաբաղի հարցում էլ մի քիչ տարբերվող պատկերացումներ կան, որովհետև եթե Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղ, ղարաբաղյան հակամարտություն գոյություն չունի, Ռուսաստանը պարբերաբար հայտարարում է, որ կա նման հակամարտություն, բայց Արցախի կարգավիճակի հարցը պետք է լուծվի շատ ավելի ուշ, երբ կլինեն բարենպաստ պայմաններ:
Չմոռանանք, որ խաղաղապահների խնդիր կա, ու Ռուսաստանը կցանկանա շատ երկար մնալ տարածաշրջանում, ինչը, բնականաբար, չի բխում Ադրբեջանի շահերից:
Իհարկե հակասությունների դաշտ կա, գումարած դրան, որ երեկ Ալիևը արմատական հայտարարություն արեց՝ հորդորելով Ուկրաինային երբեք չհաշտվել իր տարածքների օկուպացիայի հետ:
Այսինքն՝ մի շարք խնդիրներում իրենք ունեն հակասություններ, բայց պետք չէ, որ մենք դա համարենք ճգնաժամ ու փորձենք Ռուսաստանի ջերմեռանդ պաշտպանության դիրքերից հանդես գալ, որովհետև շատ մեծ է հավանականությունը, որ այս դեպքում ռուս-ադրբեջանական հարաբերություններում դարձյալ կարող ենք մանրադրամի վերածվել, այսինքն՝ այո՛, կան հակասություններ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև, և մենք պետք է փորձենք հնարավորինս օգտվել այդ հակասություններից՝ ունենալով մեր օրակարգը, որպեսզի նրանց հարաբերությունների մանրադրամ չդառնանք:
Ի վերջո, հստակ գիտենք, որ Մոսկվան ու Բաքուն ռազմավարական դաշնակիցներ են և, չնայած խնդիրներին, կարողանում են շատ արագ ընդհանուր օրակարգ ձևավորել:
– Պարո՛ն Սուրենյանց, Ադրբեջանի համար ո՞ր միջնորդի ջանքերն են առավել ձեռնտու ու ինչո՞ւ, որպեսզի կարգավորի Հայաստանի հետ ունեցած խնդիրները:
– Այդ հարցին կպատասխանեմ հետևյալ կերպ. Ադրբեջանը փորձելու է բոլոր ուղղություններով էլ ակտիվ գործել, որպեսզի հնարավորինս արագ իր օրակարգին հասնի, բայց Ադրբեջանում իշխանության ղեկին միամիտներ չեն նստած ու շատ լավ հասկանում են, որ, այնուամենայնիվ, այս տարածաշրջանում հիմնական մոդերատորը Ռուսաստանն է:
Կուզեի, որ այս գիտակցումը նաև Հայաստանի իշխանությունն ունենար, որովհետև, իմ տպավորությամբ, բրյուսելյան գործընթացի գայթակղությանը մեր իշխանությունները երբեմն չեն դիմանում, իսկ դա շատ վտանգավոր գայթակղություն կարող է լինել:
Իրատեսական չեմ համարում, որ այս տարածաշրջանում հիմնական մոդերատոր կարող է լինել Եվրամիությունը, մանավանդ որ, անվտանգային հարցերում նա գործուն մեխանիզմներ չունի: Հետևաբար չեմ կարծում, թե Ալիևն այնքան միամիտ է, որ անկախ իր՝ օրերս արված հայտարարություններից, կասկածի տակ դնի Մոսկվայի մոդերատորությունը։
Մոսկվայի հիմնական մոդերատոր լինելը կարող է կասկածի տակ դրվել միայն այն պարագայում, երբ ուկրաինական իրադարձություններն այնպիսի շրջադարձային ընթացք ստանան, որը ենթադրի Ռուսաստանի կատարյալ ֆիասկո, բայց ես նման հեռանկար, անկեղծ ասած, չեմ տեսնում:
– Իսկ ռուս-ուկրաինական բախումները դեռ որքա՞ն են շարունակվելու:
– Երկար են շարունակվելու, առնվազն այս տարի, վստահ եմ, պատերազմական գործողությունները չեն ավարտվի, իսկ բուն էսկալացիան՝ հակադրությունը, շատ ավելի երկար է տևելու:
– Արցախյան հարցի կարգավորման վերաբերյալ համատեղ քննարկում են ունեցել Հայաստանի և Արցախի կառավարության անդամները: Ինչպե՞ս եք գնահատում այս հանգամանքն ու Արցախի նախագահի խոսքը այդ քննարկման ժամանակ:
– Շատ դրական եմ վերաբերվում այդ հանդիպմանը, որովհետև ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ, որ ինստիտուցիոնալ խզում առաջանա պաշտոնական Երևանի ու պաշտոնական Ստեփանակերտի միջև՝ անկախ հանգամանքից, թե ովքեր են իշխանության ղեկին: Շատ ճիշտ է բոլոր հարցերը լուծել երկխոսության, ակտիվ շփումների դաշտում, քան հակադրության դաշտում, որտեղ կարող են առաջանալ ներքին ու արտաքին անվտանգային մի շարք ռիսկեր:
Արայիկ Հարությունյանը շատ հստակ ասաց, որ կողմ են խաղաղության օրակարգին, բայց նաև շտապեց շեշտել, որ դա չի նշանակում հրաժարում ինքնորոշման իրավունքից:
Շատ բնական է, որ Երևանի ու Ստեփանակերտի շեշտադրումների միջև պետք է տարբերություններ լինեն: Եթե այդ հակասությունը դրսևորվում է երկխոսության դաշտում, դա կարող է գործին օգտակար լինել, բայց առճակատման դաշտում հակասությունները կարող են նոր ռիսկեր ծնել թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի համար:
– Պարո՛ն Սուրենյանց, իսկ այդ պարագայում, երբ Հայաստանի իշխանությունը ընդունում է Ադրբեջանի առաջարկած հինգ կետերը, ինչի՞ մասին է սա խոսում:
– Ադրբեջանի առաջարկած կետերի մեջ որևէ արտառոց բան չկա, դրանք միջազգային իրավունքից ու հարաբերություններից բխող ստանդարտ կետեր են:
– Իսկ չե՞ն ենթադրում, որ Արցախը պետք էԱդրբեջանի կազմում լինի՝ տարածքային ամբողջականության ճանաչման համատեքստում:
– Հայկական դիվանագիտությունը պետք է գործադրի առավելագույն ջանքեր, որպեսզի հայ-ադրբեջանական երկխոսությունը և Արցախի կարգավիճակի խնդիրը իրարից տարանջատվեն, ու առկախվի Արցախի կարգավիճակի լուծումը, ինչպես դա առաջարկում է Մոսկվան:
Այստեղ հայկական դիվանագիտությունն անելիք ունի, բայց դա Ադրբեջանի ներկայացրած հինգ կետերի հետ ոչ մի կապ չունի, այսինքն՝ եթե մեր դիվանագիտությունն արդյունավետ աշխատի, Ադրբեջանի առաջարկած հինգ կետերն Արցախին չեն սպառնա, եթե արդյունավետ չաշխատեն՝ առանց այդ կետերի էլ Արցախի շուրջ օղակը կսեղմվի:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am