«Ունենալու ենք էպոսագետին հաղթած նախագահ». վերլուծաբանները` Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու որոշման մասին

ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի` առաջիկա նախագահական ընտրություններում թեկնածություն չառաջադրելու որոշումը, ըստ քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի` հանգեցրեց նրան, որ «հաջորդ տարի մենք ունենալու ենք էպոսագետին հաղթած նախագահ՝ դրանից բխող իր հետևանքներով»:
«Հայաստանի քաղաքական կյանքը 5 տարով կախվեց, ինչպես համակարգիչն է կախվում, այնպես էլ մեր քաղաքական կյանքը: Արևմուտքն ուզում էր, որ Հայաստանում մրցակցային ընտրարշավ լիներ, սակայն չի լինի: Մեզ մոտ ընտրությունները կլինեն ինչպես Ադրբեջանում կամ Ուզբեկստանում են անցնում»,- «Մեդիալաբին» ասում է Արմեն Բադալյանը:
Հիշեցնենք, որ այսօր «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթին տված հարցազրույցում առաջին նախագահ, ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով 2008-ի նախագահական ընտրություններում շատերի համար իշխանություններին միակ այլընտրանքն էր, ասել է, որ չի առաջադրվում՝ հաշվի առնելով իր տարիքը:

«Ոչ, քանի որ, ինչ կուզեք ասեք, 68 տարեկան մարդը նույն եռանդն ու աշխատունակությունը չի կարող ունենալ, ինչ 40-60 տարեկանը, որը, թերևս, նախագահի պաշտոնին հավակնող քաղաքական գործիչների օպտիմալ տարիքն է: Հետևաբար, ասպարեզ պետք է իջնեն ինձնից ավելի երիտասարդները»,- ասել է Տեր-Պետրոսյանը:

Ըստ Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանի՝ իմաստ չունի թեկնածություն առաջադրել, եթե Հայաստանում չկան ազատ ընտրություններ:

«Եթե Հայաստանում չի գործում ազատ ընտրությունների մեխանիզմը, և չկան նոր մոտեցումներ փոփոխություններ մտցնելու համար, ապա Լևոն Տեր-Պետրոսյանն ինչո՞ւ պետք է առաջադրեր իր թեկնածությունը: Երևի ինքն էլ դա հասկանալով` չի առաջադրել»,- «Մեդիալաբին» ասում է Մանվել Սարգսյանը:

© Medialab.am