«Լավրովի վրիպակի վրա նման վերլուծություններ անելը չգիտեմ անգամ ինչպես մեկնաբանել. Արցախում հնարավոր չէ դելիմիտացիա ու դեմարկացիա անել». Տիգրան Գրիգորյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը

Պարո՛ն Գրիգորյան, աշխատանքային այցով Երևան ժամանած ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով: Ընդհանուր առմամբ, նախարարների հայտարարություններում կա՞ր ինչ-որ նորություն ընթացող գործընթացների վերաբերյալ:

– Որևէ արտառոց բան չեմ նկատել: Պարզ է, որ Ռուսաստանը ուկրաինական պատերազմի այս թոհուբոհում փորձում է ձեռքը նաև մեր տարածաշրջանում ընթացող գործընթացների զարկերակի վրա պահել:

Ասուլիսի ամենահատկանշական պահն այն էր, որ Միրզոյանը Լավրովի հետ խոսում էր հայերեն: Սա, կարծում եմ՝ առաջին դեպքն է, երբ հայ-ռուս պաշտոնյաների համատեղ ասուլիսների ընթացքում հայ պաշտոնյան չի խոսում ռուսերեն: Սա, կարծում եմ, որոշակի մեսիջ ուղարկելու փորձ էր, այդ թվում նաև՝ միջազգային հանրությանը, որովհետև շատ զգայուն աշխարհաքաղաքական իրավիճակում է տեղի ունենում այս այցը: Ընդհանուր առմամբ՝ այսքանը, որևէ այլ արտառոց կամ ուշադրության արժանի դետալ չեմ նկատել, եթե հաշվի չառնենք Փառուխի հետ կապված այդ մեկնաբանությունը:

Մինչև դրան անդրադառնալը կխնդրեմ մի փոքր մանրամասն ասեք, թե ի՞նչ մեսիջ ու ի՞նչ էր ուզում փոխանցել արտգործնախարար Միրզոյանը հայերեն խոսելով:

– Հայաստանը փորձում է առնվազն սիմվոլիկայի դաշտում երևալ որպես ինքնիշխան պետություն, ինքնիշխանության ընդգծման փորձ էր: Գիտենք, որ վերջին շրջանում փորձում է նաև ռուսաց լեզվի տարածման ուղղությամբ Հայաստանում աշխատանքներ տանել, ես կարծում եմ՝ հենց այս հարթության մեջ է այս մեսիջը:

Փառուխի մասով կխնդրեմ Սերգեյ Լավրովի հայտարարությունը մեկնաբանեք, որովհետև ընդդիմադիր պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում արդեն գրել է, որ եթե Արցախի ու Ադրբեջանի միջև դելիմիտացիա ու դեմարկացիա արվի, ապա ոչ միայն Փառուխից դուրս կգան ադրբեջանական զորքերը, այլ նաև Շուշիից ու Հադրութից:

– Պարզապես զարմանում եմ Հայաստանի թե՛ քաղաքական, թե՛ փորձագիտական դաշտի մի մասի ինֆանտիլիզմի աստիճանի վրա: Ակնհայտորեն Ռուսաստանի արտգործնախարարը պարզապես չի հասկացել, որ խոսքը Լեռնային Ղարաբաղում գտնվող գյուղի մասին է, ու, մեծ հաշվով, նա պարտավոր էլ չէ իմանալ:

Հայաստանի հանրության մեծ մասը, ներառյալ՝ նույն փորձագետներն ու քաղաքական գործիչները, երեք ամիս առաջ անգամ չէին էլ կասկածում Փառուխի գոյության մասին: Հիմա այդ վրիպակի վրա նման վերլուծություններ անելը չգիտեմ անգամ ինչպես մեկնաբանել: Լավագույն ցուցիչն է, թե ինչ վիճակում է գտնվում թե՛ վերլուծական, թե՛ քաղաքական դաշտը:

Պարո՛ն Գրիգորյան, ասում եք, թե Լավրովը չի հասկացել, որ խոսքը Լեռնային Ղարաբաղի գյուղերից մեկի մասին է, բայց Արարատ Միրզոյանը հստակ հայտարարել է, որ «Հայաստանը շարունակում է հավատալ, որ ռուսական խաղաղապահ առաքելությունն ի վիճակի է վերականգնել 2020 թ. եռակողմ հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղում հաստատված ստատուս քվոն` 2022 թ. մարտի 23-ի դրությամբ եղած իրավիճակը, որը խախտվել է Ասկերանի Փառուխ գյուղ ադրբեջանական զինուժի ներխուժմամբ» ։

– Դա հայտարարություն է, որը Հայաստանի իշխանություններն անում են մարտի 24-ից սկսած: Այդ գործընթացը որևէ կապ չունի Արցախում դելիմիտացիայի ու դեմարկացիայի հետ: Արցախում հնարավոր չէ իրականացնել դելիմիտացիա ու դեմարկացիա. ռուսական կողմի տեսակետն այն է, որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է սառեցնել, թողնել անորոշ ապագայի, իսկ նման իրավիճակում ինչպե՞ս է հնարավոր դելիմիտացիա ու դեմարկացիա անել: Իսկ այն, որ հայկական կողմն աշխատում է Ռուսաստանի հետ, որպեսզի ադրբեջանական զորքերը հետ քաշվեն Քարագլուխ-Փառուխ հատվածից, դրա մասին գիտենք, ու հենց այդ մասին էր արտգործնախարարի հայտարարությունը:

Նկատի ունեք, որ Լավրովը Փառուխն ընկալել է որպես Հայաստանի՞, ոչ թե Արցախի գյուղ, դրա համա՞ր է նման հայտարարություն արել:

– Ամենայն հավանականությամբ՝ այո՛, մտածել է, որ հայ-ադրբեջանական սահմանին գտնվող ինչ-որ բնակավայրի մասին է խոսքը: Այսինքն՝ Ռուսաստանի արտգործնախարարը պարտավոր չէ անգիր հիշել հայաստանյան ու արցախյան բոլոր գյուղերի անունները: Եթե այդ հարցն ավելի հստակ ձևակերպված լիներ, վստահ եմ՝ պատասխանն այլ կլիներ: Կարծում եմ՝ ռուսական կողմը շուտով հստակեցում կմտցնի այդ մեկնաբանության վերաբերյալ:

Դատելով նաև այսօրվա ասուլիսից՝ պաշտոնական Մոսկվան ստեղծված իրավիճակում հայ-ադրբեջանական, արցախյան հարցի կարգավորման գործընթացներում իր ակտիվ մասնակցությունն ունենալո՞ւ է:

– Արդեն ասացի, որ Ռուսաստանի դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հարցում չարժի գնալ ինչ-որ կտրուկ լուծումների, մասնավորապես, կարգավիճակի հարցում: Այսօր, իհարկե, հայտարարվեց այն մասին, որ ՌԴ-ն կողմ է խնդրի կարգավորմանն ու ջանքեր է գործադրելու, բայց սա հրապարակային մակարդակով արվող հայտարարություններ են, որոնք քիչ առնչություն ունեն Ռուսաստանի իրական քաղաքականության հետ:

Ռուսաստանն ավելի շատ հետաքրքրված է ապաշրջափակման ու դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացներով: Հայաստանյան իրենց գործընկերների հետ հանդիպմանը նրանք նույնիսկ չեն էլ թաքցնում դա: Ապաշրջափակումն իրենց համար առավել կարևոր է դարձել ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին, որովհետև հույս ունեն, որ այլընտրանքային ուղիների բացման միջոցով կլուծեն այն լոգիստիկ խնդիրները, որոնք առաջացել են Արևմուտքի կողմից Ռուսաստանի մեկուսացման քաղաքականության հետևանքով:

-Կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում, ինչ եք կարծում՝ Մոսկվան կկարողանա՞ զսպել Ադրբեջանի՝ բոլորիս հայտնի ախորժակը, որպեսզի, ինչպես նաև այսօր է հայտարարել Սերգեյ Լավրովը, Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման շրջանակներում ներդրվելիք ռեժիմը հենվի բացարձակապես Հայաստանի տարածքի սուվերենության վրա:

– Դա մեծ հաշվով ոչ միայն Մոսկվայի, այլ նաև բոլոր միջնորդ երկրների դիրքորոշումն է: Մեկ շաբաթ առաջ Շառլ Միշելի խոսնակը ևս այդ հարցով պարզաբանում արեց ու հստակություն մտցրեց: Այդ առումով Ադրբեջանի հետ այս հարցում ոչ ոք համակարծիք չէ, ու եթե Ադրբեջանը փորձի ինչ-որ ագրեսիվ քայլերի դիմել իր առավելապաշտական նպատակներին հասնելու համար, կարծում եմ՝ միջազգային կոնսենսուս կլինի այդ հարցի շուրջ:

Ներկա վիճակում հայ-ռուսական հարաբերություններն ինչպե՞ս եք գնահատում:

– Իմ ունեցած տեղեկություններով՝ ռուսներն այսօր գոհ են Հայաստանի իշխանությունների պահվածքից, որևէ խնդիր չեն տեսնում, ու չեմ էլ կարծում, թե լուրջ տարաձայնություններ կան կողմերի միջև:

Իսկ խորհրդարանական ընդդիմության այսօրվա ակցիան, ասելիքները՝ ուղղված Սերգեյ Լավրովին, կարծում եք տե՞ղ հասան, պարո՛ն Գրիգորյան:

– Ընդդիմությունն օգտագործում է տարբեր օտարերկրյա պաշտոնյաների այցերը Հայաստան, որպեսզի ուշադրություն հրավիրի, իրենց պատկերացմամբ՝ ներքաղաքական ճգնաժամի վրա: Կարծում եմ, որ Մոսկվան հակված է աշխատելու Հայաստանի գործող իշխանությունների հետ, և դա մշտապես եղել է Ռուսաստանի դիրքորոշումը Հայաստանի հետ աշխատանքում: Ռուսները երբեք ընդդիմության հետ չեն աշխատում: Այսօր էլ, ինչպես ասացի, որևէ տարաձայնություն, հակասություն տարածաշրջանում ռուսական օրակարգի վերաբերյալ, Հայաստանի իշխանությունների կողմից չկա:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am